Առողջական խնդիրներ
Միզուկաբորբ (ուրեթրիտ)

3 րոպե
Ուրեթրիտը միզուկի՝ միզապարկն արտաքին աշխարհի հետ միացնող խողովակի բորբոքումն է:
Ի՞նչ է ուրեթրիտը
Միզուկը միզուղիների վերջին հատվածն է՝ այն խողովակը, որով մեզն արտահոսում է միզապարկից։
Տղամարդու միզուկը շատ ավելի երկար է (18-22 սմ), քան կնոջինը (3 սմ): Տղամարդու միզուկը սկսվում է միզապարկի հատակին գտնվող միզուկի ներքին բացվածքով և վերջանում առնանդամի գլխիկի վրա գտնվող արտաքին բացվածքով։ Տղամարդու միզուկով արտահոսում է նաև սերմնահեղուկը։ Կանանց միզուկը սկսվում է միզապարկից ու բացվում հեշտոցի նախադռան մեջ։
Միզուկի պատերը կազմված են երկու շերտից, ներքին՝ շարակցաթաղանթային և արտաքին՝ մկանային։
Ուրեթրիտը միզուկի ներքին՝ շարակցաթաղանթային շերտի բորբոքումն է, որի գլխավոր ախտանիշը միզարձակմանն ուղեկցող ցավն է կամ տհաճ զգացողությունը (դիսկոմֆորտ): Ուրեթրիտի զարգացման հիմնական պատճառը բակտերիալ վարակն է, որը սովորաբար բուժվում է հակաբիոտիկներով:
Ուրեթրիտի պատճառները
Միզուկաբորբի դեպքերի մեծ մասը պատճառվում է բակտերիալ վարակով, որն այս խողովակ թափանցում է արտաքինից՝ միզուկի արտաքին բացվածքից: Ավելի հաճախ ուրեթրիտ առաջացնում են հետևյալ բակտերիաները՝
- Neisseria gonorrhoeae (gonococcus), որը փոխանցվում է սեռական ճանապարհով և հարուցում գոնորեա («трипер») հիվանդությունը
- Chlamydia trachomatis, որը նույնպես փոխանցվում է սեռական ճանապարհով և առաջացնում քլամիդիա հիվանդությունը
- կղանքում և հետանցքի շուրջն առկա բակտերիաներ:
Հասարակ հերպեսի վիրուսը (HSV-1 և HSV-2) նույնպես կարող է առաջացնել ուրեթրիտ: Տրիխոմոնասը միաբջիջ օրգանիզմ է, որը կրկին փոխանցվում է սեռական ճանապարհով և կարող է առաջացնել ուրեթրիտ:
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ), օրինակ՝ գոնորեան և քլամիդիան սովորաբար սահմանափակվում են միզուկաբորբով: Սակայն դրանք կարող են նաև տարածվել դեպի վեր՝ կանանց մոտ առաջացնելով փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ) կամ տղամարդկանց մոտ՝ մակամորձու բորբոքում (էպիդիդիմիտ): Նման դեպքերում կարող է զարգանալ ինչպես իգական, այնպես էլ արական անպտղություն:
Ուրեթրիտի ախտանիշները
Միզուկի վարակային բորբոքման հիմնական ախտանիշը միզարձակմանն ուղեկցող ցավն է, որը կոչվում է «դիզուրիա»: Ցավից կամ այրոցի զգացողությունից բացի, ուրեթրիտի ժամանակ դուք կարող եք նշել նաև հետևյալ գանգատները՝
- հաճախակի կամ անհապաղ միզելու կարիք
- միզարձակումը սկսելու հետ կապված դժվարություն։
Ուրեթրիտը կարող է նաև առաջացնել միզարձակման հետ չկապված քոր, ցավ կամ տհաճ զգացողություն (դիսկոմֆորտ):
Ուրեթրիտի այլ ախտանիշներից են՝
- սեռական հարաբերությանն ուղեկցող ցավեր
- միզուկի արտաքին բացվածքից կամ հեշտոցից արտադրություն
- տղամարդկանց մոտ՝ արյուն սերմնահեղուկում կամ մեզում (արյունամիզություն):
Ուրեթրիտի ախտորոշումը
Ուրեթրիտի առկայության մասին բժիշկը կարող է կասկածել՝ ելնելով ձեր գանգատներից և հիվանդության պատմությունից:
Եթե գանգատվում եք ցավոտ միզարձակումից, բժիշկը կարող է ենթադրել, որ առկա է վարակային միզուկաբորբ: Նա կարող է չսպասել հետազոտությունների արդյունքներին և անհապաղ սկսել հակաբիոտիկներով բուժում:
Լաբորատոր հետազոտությունը կարող է օգնել ոչ միայն ուրեթրիտի ախտորոշմանը, այլև պատճառի հայտնաբերմանը: Նման դեպքերում լաբորատոր հետազոտության կենսանմուշ կարող է դառնալ ինչպես ձեր մեզը, այնպես էլ միզասեռական արտադրությունը կամ քսուքը:
Ուրեթրիտի ախտորոշման համար արյան հետազոտությունների կարիք սովորաբար չի առաջանում:
Ուրեթրիտի բուժումը
Հակաբիոտիկները կարող են հաջողությամբ բուժել բակտերիալ ծագման ուրեթրիտները, ընդ որում, բժիշկը կարող է նշանակել տարբեր խմբերի դեղեր: Ուրեթրիտների բուժման մեջ ավելի հաճախ նշանակվում են՝
Տրիխոմոնասային ծագման ուրեթրիտները սովորաբար բուժվում են Մետրոնիդազոլով կամ Տինիդազոլով:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ կրկնակի վարակումը կանխարգելելու համար ձեզ հետ միասին բուժում ստանա նաև ձեր սեռական զուգընկերը։ Շատ կարևոր է բուժումը սկսել վարակումից անմիջապես հետո՝ սուր ուրեթրիտի փուլում, քանի դեռ հիվանդությունը չի քրոնիկացել կամ չի վերել ճանապարհով չի տարածվել դեպի ներքին սեռական օրգաններ:
Կարևոր է նաև, որ դուք կրկնակի հետազոտվեք բուժումն ավարտելուց մոտ 3 ամիս հետո՝ համոզվելու, որ վարակը լիարժեքորեն վերացել է:
Հերպեսային ծագման ուրեթրիտի ժամանակ հակաբիոտիկները դառնում են անօգուտ: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել հակավիրուսային դեղեր, օրինակ՝
- Ացիկլովիր
- Ֆամցիկլովիր
- Վալցիկլովիր:
Հաճախ, հատկապես քրոնիկ վարակի դեպքում ուրեթրիտի հարուցիչը չի հաջողվում հայտնաբերել: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել մեկ կամ մի քանի հակաբիոտիկներ, որոնք ըստ նրա առավել հավանական է, որ կբուժեն հնարավոր վարակը:
Ուրեթրիտի կանխարգելումը
Ուրեթրիտի կանխարգելումը ներառում է ՍՃՓՀ կանխարգելման և անվտանգ սեռական հարաբերությունների հիմնադրույթները:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-02-2021 վերանայվել է՝ 28-02-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: