Մեզի գույնի փոփոխությունը հաճախ պայմանավորված է որոշակի դեղամիջոցներով, սննդամթերքներով կամ սննդային գունանյութերով, սակայն երբեմն պատճառը որևէ առողջական խնդիրն է:
Ստորև ներկայացնում ենք մի քանի արտասովոր մեզի գույներ, ինչպես նաև դրանց առաջացման պատճառներ: Հիշեք, որ տարբեր մարդիկ կարող են տարբեր ձև ընկալել գույները և այն, ինչ ձեզ կարմիր է թվում, ուրիշի համար կարող է ընկալվել որպես նարնջագույն կամ այլ երանգի:
Կարմիր կամ մանուշակագույն մեզ
Կարմիր մեզը ոչ միշտ է լուրջ առողջական խնդրի նշան: Կարմիր կամ մանուշակագույն մեզը կարող է պատճառվել հետևյալով:
- Արյուն․ մեզում արյան հայտնվելը կարող է կապված լինել այնպիսի առողջական խնդիրների հետ, ինչպիսիք են տղամարդկանց մոտ շագանակագեղձի մեծացումը (ադենոմա), ոչ քաղցկեղային ուռուցքները, երիկամների քարերը և կիստաները: Որոշ քաղցկեղներ նույնպես կարող են հանգեցնել արյունամիզության (հեմատուրիա): Ծանր ֆիզիկական վարժանքները, օրինակ՝ երկար տարածություններ վազելը, նույնպես կարող է առաջացնել միզուղիներում արյունահոսություն:
- Սննդամթերքներ․ կարմիր ճակնդեղը, մոշը և խավարծիլը (ռևանդենի) կարող են մեզը դարձնել կարմիր կամ վարդագույն:
- Դեղամիջոցներ․ տուբերկուլոզի բուժման դեղամիջոցներից Ռիֆամպինը (Ռիֆադին, Ռիմակտան) կարող է մեզը դարձնել կարմրավուն-նարնջագույն: Նույնը կարող է անել միզուղիների ցավերի դեմ օգտագործվող Ֆենազոպիրիդինը (Պիրիդիում): Սեննա պարունակող փորկապության դեղամիջոցները նույնպես կարող են առաջացնել մեզի այսպիսի գունափոխում:
Նարնջագույն մեզ
Նարնջագույն մեզը կարող է պատճառվել հետևյալով:
- Դեղամիջոցներ․ Ֆենազոպիրիդինը և փորկապության որոշ դեղամիջոցներ կարող են մեզը դարձնել նարնջագույն: Նույնը վերաբերվում է Սուլֆասալազինին (Ազուլֆիդին)՝ դեղամիջոց, որը մեղմացնում է այտուցը և գրգռումը: Քիմիոթերապիայի որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են մեզին տալ նարնջագույն երանգ:
- Վիտամիններ․ որոշ վիտամիններ, ինչպիսիք են А-ն և B12-ը, կարող են մեզին տալ նարնջագույն կամ դեղնա-նարնջագույն երանգ:
- Առողջական խնդիրներ․ նարնջագույն մեզը կարող է լինել լյարդի կամ լեղածորանի խնդրի նշան, որը սովորաբար ուղեկցվում է կղանքի գունազրկմամբ: Ջրազրկումը նույնպես կարող է մեզը դարձնել նարնջագույն:
Կապույտ կամ կանաչ մեզ
Կապտավուն կամ կանաչավուն մեզը կարող է պատճառվել հետևյալով:
- Գունանյութեր․ վառ գունավորում ունեցող որոշակի մթերքներ կարող են մեզը դարձնել կանաչավուն: Երիկամների և միզապարկի հետազոտման համար օգտագործվող որոշ կոնտրաստային նյութեր կարող են մեզին տալ կապտավուն գունավորում:
- Դեղամիջոցներ․ դեպրեսիայի բուժման մեջ նշանակվող Ամիտրիպտիլինը կարող է մեզը դարձնել կանաչակապտավուն: Նույնը կարող է անել խոցերի և թթվային ռեֆլյուքսի բուժման համար օգտագործվող Ցիմետիդինը (Տագամետ HB): Իրենից միզամուղ ներկայացնող Տրիամտերենը (Դիրենիում) նույնպես կարող է մեզը դարձնել կանաչակապտավուն: Մեզը կարող է կանաչել ցավերի և հոդաբորբի ախտանիշների բուժման համար օգտագործվող Ինդոմեթացինի պատճառով (Ինդոցին, Տիվորբեքս): Կանաչավուն մեզի պատճառներից է նաև Պրոպոֆոլը (Դիպրիվան)՝ ուժեղ դեղամիջոց, որն օգնում է քնելուն կամ վիրահատությունից հետո հանգիստ վիճակ ապահովելուն:
- Առողջական խնդիրներ․ հազվադեպ հանդիպող հիվանդությունը, որը կոչվում է ընտանեկան բարորակ հիպերկալցեմիա, կարող է երեխաների մոտ առաջացնել մեզի կապտավուն երանգ: Բակտերիաների որոշակի տեսակներով հարուցված միզուղիների վարակները կարող են մեզը դարձնել կանաչավուն:
Մուգ շագանակագույն կամ կոլայագույն մեզ
Շագանակագույն մեզը կարող է պատճառվել հետևյալով:
- Սննդամթերքներ․ մեծ քանակությամբ կարմիր ոլոռ, ռևանդենի (խավարծիլ) կամ ալոէ ուտելը կարող է մեզը դարձնել շագանակագույն։
- Դեղամիջոցներ․ որոշ դեղեր կարող են մգացնել մեզը: Դրանցից են՝
- Քլորոխին և Պրիմախին, որոնք նշանակվում են մալարիայի կանխարգելման և բուժման համար
- Մետրոնիդազոլ (Ֆլաժիլ, Մետրոկրեմ և այլն) և Նիտրոֆուրանտոին (Ֆուրադանտին, Մակրոբիդ և այլն)
- փորկապության դեղամիջոցներ, որոնք պարունակում են սեննա (Սենոկոտ, Էքս-Լաքս և այլն)
- Մեթոկարբամոլ (Ռոբաքսին) կոչվող միոռելաքսանտ (մկանները թուլացնող միջոց)
- Ֆենիտոին (Դիլանտին, Ֆենիտեկ) հակացնցումային դեղամիջոց
- ստատիններ կոչվող դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են արյան խոլեստերինի մակարդակը:
- Առողջական խնդիրներ․ լյարդի և երիկամների որոշ խանգարումներ և միզուղիների որոշ վարակներ կարող են մեզը դարձնել մուգ շագանակագույն: Նույնը վերաբերվում է ներքին արյունահոսությանը: Հիվանդությունների մի խումբ, որը գլխավորապես ախտահարում է մաշկը և նյարդային համակարգը և կոչվում է պորֆիրիա, նույնպես կարող է առաջացնել շագանակագույն մեզ:
- Ծանր ֆիզիկական վարժանքներ․ գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված մկանային վնասվածը կարող է առաջացնել թեյագույն կամ կոկա-կոլայի գույն ստացած մեզ: Վնասվածքը կարող է հանգեցնել երիկամների վնասման:
Պղտոր կամ փաթիլավորված մեզ
Միզուղիների վարակները և երիկամային քարերը կարող են մեզը դարձնել պղտոր կամ փաթիլավորված:
Ռիսկի գործոններ
Մեզի գույնի փոփոխությունները, որոնք կապված չեն սննդամթերքի կամ դեղորայքի հետ, կարող են պայմանավորված լինել որևէ առողջական խնդրով: Որոշ գործոններ մեծացնում են մեզի գույնի փոփոխություն առաջացնող առողջական խնդիրների ռիսկը:
- Տարիք․ միզապարկի և երիկամների ուռուցքները, որոնք կարող են հանգեցնել մեզում արյան հայտնվելուն, ավելի տարածված են տարիքով մարդկանց շրջանում: 50 տարեկանից մեծ տղամարդիկ կարող են մեզում արյուն ունենալ մեծացած շագանակագեղձի պատճառով (ադենոմա):
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). եթե ունեք արյունակից հարազատ՝ ծնող, քույր, եղբայր կամ մեծ ծնողներ, ովքեր ունեն երիկամային հիվանդություն կամ երիկամային քարեր, ձեզ մոտ նույն վիճակների առաջացման ռիսկը մեծացնում է: Ինչպես երիկամային հիվանդությունը, այնպես էլ երիկամային քարերը կարող են առաջացնել մեզում արյուն:
- Ծանր վարժանքներ․ առավել ռիսկի են ենթարկվում երկար տարածությունների վազորդները: Սակայն, ցանկանցած մարդ, ով ենթարկվում է ֆիզիկական գերծանրաբեռնվածության, կարող է ունենալ մեզում արյուն:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024