Մեզի հետազոտություն
13-04-2018
2 րոպե

Մեզի հետազոտությունն ընդհանուր առողջական վիճակը գնահատող, ինչպես նաև որոշ հիվանդությունների ախտորոշմանն էապես օգնող ոչ թանկարժեք ախտորոշիչ թեստ է:
Այն նաև ինչպես երեխաների, այնպես էլ չափահաս մարդկանց շրջանում ամենահաճախ նշանակվող լաբորատոր հետազոտությունն է:
Ինչո՞ւ է մեզի հետազոտությունը նշանակվում
Մեզի նմուշը կարող է հետազոտվել տարբեր նպատակներով: Ավելի հաճախ մեզի հետազոտություն նշանակվում է հետևյալ խնդիրները լուծելու համար՝
- կնոջ հղիության հաստատում կամ ժխտում (հղիության թեստ)
- տարբեր, հատկապես՝ միզուղիների վարակները վարակների ախտորոշում
- մի շարք հիվանդությունների ախտորոշում կամ վերահսկում, օրինակ՝ շաքարային դիաբետ (շաքարախտ), միզապարկի քաղցկեղ կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (ՍՃՓՀ)
- երիկամների գործունեության ստուգում
- մեզում արյան հայտնաբերում
- թմրամիջոցների օգտագործման հաստատում կամ վերահսկում:
Ինչպե՞ս է պետք վերցնել մեզի նմուշը
Անալիզի պատասխանի ճշտությունը բարձրացնելու համար խիստ կարևոր է, որ մեզի կենսանմուշը չաղտոտվի այլ նյութերով և միջավայրերով: Այս նպատակով՝
- մինչև մեզի նմուշը վերցնելը լվացե՛ք և լավ չորացրե՛ք ձեր սեռական օրգանները
- մեզը հավաքելիս մեզի փորձանոթը մի՛ հպեք ձեր սեռական օրգաններին
- եթե բժիշկն այլ հրահանգ չի տվել, հավաքեք միայն առավոտյան առաջին մեզի միջին չափաբաժինները (ոչ միզարձակության սկզբում, ոչ էլ ավարտից առաջ հոսած մեզը)
- ձեր բժշկին տեղեկացրե՛ք անալիզը հանձնելուց ոչ շատ առաջ ընդունած բոլոր այն դեղամիջոցների մասին, որոնք կարող են ազդել հետազոտության արդյունքների վրա
- հետազոտության նախորդ օրը խուսափե՛ք մեզի գույնը և թթվայնությունը փոփոխող սննդի ընդունումից (օրինակ՝ գունավոր բանջարեղեններ)
- հետազոտության նախորդ օրվանից սկսած մի՛ ընդունեք ալկոհոլային խմիչքներ
- մեզը հավաքելուց հետո ամուր փակե՛ք տարայի կափարիչը՝ պիտակի վրա գրելով ձեր անունը-ազգանունը և նմուշառման ամսաթիվն ու ժամը
- հավաքած մեզով փորձանոթն առանց ուշացնելու տեղափոխեք լաբորատորիա կամ, հակառակ դեպքում, եթե կարող եք լաբորատորիա այցելել մի քանի ժամվա ընթացքում, պահե՛ք մեզով տարան սառնարանում (ոչ սառցարանում):
Բժիշկը նաև կարող է նշանակել 24-ժամյա մեզի հետազոտություն: Նման հետազոտությունները սովորաբար օգնում են բժշկին, որ պատկերացում կազմի ձեր երիկամների գործունեության մասին: 24 ժամվա ընթացքում ձեր հավաքած մեզը պետք է պահել սառնարանային պայմաններում՝ գրանցելով նաև միզարձակության ժամերը, իսկ որոշ դեպքերում՝ նաև յուրաքանչյուր միզարձակման մոտավոր ծավալը:
Ի՞նչ է մեզի ստրիպը
Մեզի ստրիպը մեզի որոշ ցուցանիշներն անմիջապես ցույց տվող ձողիկ է: Այն չի համարվում ճշգրիտ հետազոտություն, այլ մոտավոր պատկերացում է տալիս մեզի որոշ ցուցանիշների մասին (օրինակ՝ մեզում սպիտակուցները, էրիթրոցիտները, լեյկոցիտները, բիլիռուբինը, կետոնները և այլն):
Սեռավարակների համար հանձնվող մեզի անալիզը
Մեզը կարող է հետազոտվել նաև բակտերիալ ծագման որոշ ՍՃՓՀ հայտնաբերելու նպատակով: Օրինակ, մեզի մանրադիտակային կամ մանրէաբանական հետազոտությամբ կարող են հայտնաբերվել քլամիդիան և գոնորեան:
Հոդվածը վերանայվել է՝ 21-04-2021