Վերտիգոն պտտման, առաջ կամ ետ թեքվելու կամ ճոճվելու կեղծ շարժողական զգացողություն է։
Դեպքերի մեծ մասի ժամանակ վերտիգոն ինքնուրույն անհետանում է, սակայն կան իրավիճակներ, երբ այսպիսի վիճակ զարգանում է որպես լուրջ հիվանդության ախտանիշներից մեկը։
Ի՞նչ է վերտիգոն
Վերտիգոն գլխապտույտի մի տարատեսակ է, որը հաճախ նկարագրվում է որպես մարմնի կամ շրջապատող աշխարհի պտտողական շարժման կեղծ զգացողություն, հատկապես, երբ փոփոխում եք մարմնի դիրքը։
Վերտիգոյի գանգատներն ու ախտանիշները
Եթե ունեք վերտիգո, կարող եք զգալ, որ ձեր մարմինը պտտվում է, ճոճվում է կամ կորցրել եք հավասարակշռությունը։ Վերտիգոն նաև կարող է ուղեկցվել այլ՝ հարակից գանգատներով, որոնցից են՝
- ականջներում զնգոցանման աղմուկ (տինիտուս)
- սրտխառնոց
- գլխացավ
- քրտնարտադրություն։
Վերտիգոյի պատճառները
Վերտիգոյի գլխավոր պատճառը ներքին ականջի հիվանդություններն են։ Ամենահաճախ հանդիպող պատճառը բարորակ պարոքսիզմալ վերտիգոն է (ԲՊՎ), որը զարգանում է, երբ կալցիումի փոքր մասնիկները կուտակվում են ներքին ականջի այն մասում, որը մասնակցում է հավասարակշռության կարգավորմանը։
Իմացե՛ք ավելին բարորակ պարոքսիզմալ վերտիգոյի մասին:
Վերտիգոյի այլ պատճառներից են՝
- գանգուղեղային տրավմաներ
- ինսուլտ
- վարակներ
- ներքին ականջի խնդիրներ, ինչպիսիք են Մենյերի հիվանդություն, վեստիբուլյար նևրիտ կամ լաբիրինթիտ։
Վերտիգոյի բուժումը
Բուժումը կախված է վերտիգոյի պատճառից։ Ավելի հաճախ վերտիգոն անհետանում է առանց որևէ բուժման։ Սթրեսը կարող է սաստկացնել գլխապտույտը և սրտխառնոցը, և հակառակը, սթրեսի մեղմացումը կարող է օգնել գանգատների թուլացմանը։
Եթե վերտիգոն ինքնուրույն չի անհետանում, դիմեք ձեր բժշկին։ Բժիշկը հավանաբար կառաջարկի բուժման հետևյալ տարբերակներից մեկնումեկը։
- Վեստբուլյար ռեաբիլիտացիա կամ հավասարակշռության վարժանք, որի նպատակը հավասարակշռության ամրապնդումն է։
- Դեղեր. ծովային հիվանդության բուժման դեղերը կարող են մեղմացնել վերտիգոյի որոշ նշանները, օրինակ՝ սրտխառնոցը։ Հակաբիոտիկները կարող են օգտակար լինել, եթե վերտիգոյի առաջացման մեջ տեղ է գտել բակտերիալ վարակը։ Միզամուղներ կարող են նշանակվել՝ մեղմացնելու Մենիերի հիվանդության հետ ասոցիացվող այտուցը։
- Կալցիումական կուտակումների մաքրում, որը ԲԴՊՎ-ի ժամանակ արդյունավետ կերպով մեղմացնում է գլխապտույտները։
- Վիրահատություն՝ եզակի դեպքերում։
Հոդվածը հրապարակվել է՝ 16-04-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024