Վիտամին B12-ի դեֆիցիտ (պակաս)
Մեր օրգան-հյուսվածքների մշտական աճի, առողջ վիճակի պահպանման ու վերականգնման համար անհրաժեշտ սննդանյութերը մենք ստանում ենք սննդի միջոցով։
Այդ սննդանյութերից մեկը վիտամին B12-ն է, որի դեֆիցիտը կարող է բերել առողջական լուրջ հետևանքների։
Վիտամին B12-ն անհրաժեշտ է ինչպես արյան կարմիր գնդիկների (էրիթրոցիտներ) առաջացման, այնպես էլ կենտրոնական նյարդային համակարգի նորմալ գործունեության համար։ Սա նշանակում է, որ վիտամին B12-ի դեֆիցիտն առաջին հերթին կարող է անդրադառնալ վերոնշյալ երկու ոլորտների վրա։
Վիտամին B12-ի դեֆիցիտ կարող է առաջանալ, եթե ձեր սննդակարգում բացակայում են այս վիտամինով հարուստ սննդամթերքները (օրինակ՝ բուսակերներ): Սակայն, ավելի հաճախ B12-ի պակասի պատճառն աղիներից այս վիտամինի ներծծման խանգարումն է։
Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել արյան մեջ վիտամին B12-ի որոշում, որը սովորաբար նշանակվում է ֆոլաթթվի թեստի հետ։
Վիտամին B12-ի դեֆիցիտը կարող է ուղեկցվել հետևյալ ախտանիշներով՝
- գլխապտույտ
- սրտազարկի հաճախացում
- հեշտությամբ արյունազեղումների կամ արյունահոսության առաջացում
- մարմնի կշռի կորուստ
- աղիների գործունեության խանգարումներ
- լեզվի վրա վերքերի կամ խոցերի առաջացում։
Եթե արյան հետազոտությամբ ձեզ մոտ վիտամին B12-ի դեֆիցիտը հաստատվում է, բժիշկը ձեզ խորհուրդ կտա սննդակարգի փոփոխություններ և վիտամին B12 պարունակող դեղեր (հաբեր կամ ներարկման լուծույթներ):
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021