Վիտամին D-ի դեֆիցիտն առաջ է բերում տարբեր խանգարումներ, որոնց մեջ առաջնայինը ոսկրամկանային համակարգի խնդիրներն են։
Ի՞նչ է անում վիտամին D-ն
Վիտամին D-ն ձեր օրգանիզմին օգնում է աղիներից կալցիումի ներծծման գործում, որի շնորհիվ ձեր ոսկորներն ու մկանները մնում են ամուր և առողջ։
Վիտամին D-ի աղբյուրները
Մարդկանց մեծ մասն իրենց օրգանիզմի կարիքների համար անհրաժեշտ վիտամին D-ն ստանում է, երբ մերկ մաշկը ենթարկվում է արևի ուլտրամանուշակագույն (ՈւՄ) B սպեկտրի ճառագայթների ազդեցությանը։ Սնունդն առանձին վերցրած չի կարող ապահովել այս վիտամինի պահանջվող քանակները, ուստի արևի ազդեցությունը մնում է անհրաժեշտ պայման։
Վիտամին D-ի քիչ քանակներ կան յուղոտ ձկան, լյարդի, ձվի, մարգարինների և կաթնամթերքի որոշ տեսակների մեջ։ Կախված տեսակից, մանկական կաթը կարող է լինել վիտամին D-ով հարստացված։
Արևի ազդեցությունը և վիտամին D-ն
Առողջարար «արևային բաղնիքի» անհրաժեշտ տևողությունը կախված է տարբեր գործոններից՝ բնակավայրի աշխարհագրական դիրք, տարվա եղանակ, օրվա ժամ, մաշկի գույն և արևի ճառագայթմանը ենթարկվող մաշկի մակերես։ Սակայն, ամառային ամիսներին մարդկանց մեծ մասը կարող է ստանալ վիտամին D-ի անհրաժեշտ քանակներ՝ արևի տակ մնալով ընդամենը 5-10 րոպե։ Շատ կարևոր է, որ խուսափեք ուժեղ ՈւՄ ճառագայթման ժամերից, և այս իմաստով լավագույն ժամանակահատվածը առավոտյան և ուշ ցերեկային ժամերն են։ Հիշեք, որ արևի ճառագայթներն անվտանգ չեն և վերոնշյալ կանոնի անտեսումը կարող է բարձրացնել մաշկի քաղցկեղի ռիսկը։
Նույն պատճառով, հրաժարվեք նաև ՈւՄ ճառագայթների անկառավարելի կամ վտանգավոր մակարդակներ ստեղծող սոլյարիներից։
Ի՞նչ է տեղի ունենում, եթե չունեք բավարար վիտամին D
Նորածինների և մանկահասակ երեխաների մոտ վիտամին D-ի չափավորից մինչև ծանր դեֆիցիտը կարող է առաջացնել ռախիտ հիվանդությունը (ոսկրերի փափկացում):
Եթե ձեր տարիքը 50 և ավելի է, վիտամին D-ի ցածր մակարդակը կարող է բերել օստեոպորոզի և բարձրացնել ընկնելիս կոտրվածքների ռիսկը։ Օստեոպորոզը զարգանում է, երբ ձեր ոսկորները կորցնում են կալցիումն ու մյուս միներալները և դառնում փխրուն ու հեշտությամբ կոտրվող։ Վիտամին D-ն օգնում է աղիներից կալցիումի ներծծմանը, ուստի այս վիտամինի ցածր մակարդակը բերում է կալցիումի մակարդակի նվազեցման։
Վիտամին D-ի խիստ ցածր մակարդակով մարդիկ (չափավորից մինչև ծանր դեֆիցիտ) ենթարկվում են առողջական խնդիրների ամենաբարձր ռիսկին: Կան բազմաթիվ հիվանդություններ և վիճակներ, որոնք կապված են այս վիտամինի ցածր մակարդակների հետ, օրինակ՝ սրտանոթային հիվանդություններից մահացություն, մեծահասակ մարդկանց մոտ կոգնիտիվ շեղումներ, երեխաների մոտ սուր ասթմա և քաղցկեղ։ Հետազոտությունները նաև վկայում են, որ վիտամին D-ն կարող է որոշակի դեր խաղալ տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման մեջ, օրինակ՝ 1-ին և 2-րդ տիպի դիաբետներ, բարձր արյան գերճնշում (հիպերտենզիա), գլյուկոզի նկատմամբ կայունություն և ցրված սկլերոզ։
Ովքե՞ր են վիտամին D-ի դեֆիցիտի նկատմամբ ռիսկի խմբում
Դուք կարող եք լինել վիտամին D-ի դեֆիցիտի նկատմամբ բարձր ռիսկի մեջ, եթե՝
- ձեր առողջական վիճակից, աշխատանքից կամ այլ պատճառներից ելնելով հիմնականում մնում եք «ներսում»
- թխամորթ եք
- կրոնական, մշակության և այլ պատճառներից ելնելով դրսում ձեր ողջ մարմինը փակ է
- մաշկը պաշտպանելու կամ բժշկական այլ պատճառներից ելնելով խուսափում եք արևից
- գեր եք
- ունեք առողջական վիճակ, որը թուլացնում է ձեր սննդակարգից վիտամին D-ի ներծծումը
- ընդունում եք դեղեր, որոնք արագ քայքայում են վիտամին D-ն
- հանդիսանում եք վիտամին D-ի դեֆիցիտով մոր նորածին երեխա։
Կարիք ունե՞մ արդյոք հետազոտելու իմ վիտամին D-ն
Եթե բժիշկը կարծում է, որ դուք վիտամին D-ի դեֆիցիտի նկատմամբ բարձր ռիսկի խմբում եք, ձեզ կարող է նշանակել արյան մեջ 25-հիդրօքսիվիտամին D-ի (25-OHD) թեստ։ Ավելի նպատակահարմար է թեստընշանակել այն մարդկանց, ովքեր ունեն օստեոպորոզի զարգացման բարձր ռիսկ։
Վիտամին D-ի լաբորատոր թեստը լավագույն ժամանակաշրջանը ձմռան ավարտն է կամ վաղ գարունը, երբ ձեր արյան մեջ վիտամին D-ի մակարդակն ամենացածրն է։
Ինչպե՞ս է վիտամին D-ի դեֆիցիտը բուժվում
Եթե դուք ունեք վիտամին D-ի չափավոր դեֆիցիտ, բժիշկը կարող է ձեզ խորհուրդ տալ մի շարք պարզ միջոցառումներ, օրինակ՝
- ավելացնել արյան ճառագայթների ազդեցության ենթարկվելու տևողությունը
- սննդակարգում ավելացնել կալցիումի քանակը
- ավելացնել ֆիզիկական ակտիվությունը
- ընդունել վիտամին D-ի հավելումներ։
Եթե ձեզ մոտ հայտնաբերվում է չափավորից մինչև ծանր դեֆիցիտ, ձեր բժիշկը կարող է նշանակել այս վիտամինի բարձր դեղաչափեր պարունակող որևէ հավելում։ Բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ, որ դուք երեք ամիս անց կրկնեք ձեր վիտամին D-ի թեստը։
Վիտամին D-ի հավելումներ
Մարդկանց մեծ մասը վիտամին D-ի որևէ հավելում ստանալու կարիք չունի։ Հիշեք, որ առողջությանը վնաս է վիտամին D-ի ոչ միայն դեֆիցիտը, այլև՝ նորման գերազանցող մակարդակները։ Ուստի, եթե ձեզ մոտ հայտնաբերվել է այս վիտամինի դեֆիցիտ, նախ հանդիպեք ձեր բժշկին, որ երկուսով որոշեք վիտամինային հավելում ստանալու նպատակահարմարությունը։
Վիտամին D-ի հավելումները սովորաբար վաճառվում են առանց դեղատոմսի։ Կան դրանց տարբեր տեսակներ՝ պատիճներ, հաբեր, արագալուծ հաբեր, ծամվող հաբեր, փոշի կամ հեղուկ։ Տարբեր արտադրանքներ պարունակում են վիտամին D-ի տարբեր դեղաչափեր, ուստի, եթե ձեր բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել հավելում, հարցրեք նրան ձեզ համար լավագույն դեղաձևի մասին։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024