Վիտամին K-ի դեֆիցիտը չափահասների մոտ ոչ հաճախ հանդիպող, սակայն լուրջ հետևանքներ ունեցող վիճակ է, քանի որ կարող է առաջացնել արյան մակարդելիության խանգարում։
Վիտամին K-ի դեֆիցիտը նաև կարող է բերել ոսկրերի թուլացման՝ բարձրացնելով դրանց կոտրվելու հավանականությունը։
Ինչո՞ւ է վիտամին K-ն կարևոր
Վիտամին K-ն օգնում է, որ ձեր լյարդում արտադրվեն արյան մակարդելիությունն ապահովող սպիտակուցներ։ Այս վիտամինը նաև կարևոր է ձեր ոսկրերի առողջ վիճակի պահպանման համար։
Չափահասները սովորաբար ունեն վիտամին K-ի բավարար քանակներ, քանի որ մարսողական համակարգի նորմալ բակտերիաներն արտադրում են այս վիտամինը։ Ավելին, վիտամին K պարունակվում է նաև մթերքների ձեթում։ Վիտամին K-ի ավելցուկը պահպանվում է լյարդում, ուստի սննդով ամեն օր այս վիտամինի ընդունումը դառնում է ոչ պարտադիր։
Վիտամին K-ի դեֆիցիտի ախտանիշները
Օրգանիզմում վիտամին K-ի անբավարար քանակները կարող են կլինիկորեն դրսևորվել սովորականից ավելի հեշտ արյունազեղումների և կապտուկների առաջացմամբ։ Միևնույն ժամանակ, վիտամին K-ի դեֆիցիտը բերում է վնասվածքներից, վիրահատությունից կամ այլ պատճառներով առաջացած արյունահոսությունների ավելի դժվար դադարելուն։ Կանանց մոտ K-վիտամինային անբավարարությունը կարող է առաջացնել դաշտանի երկարացում կամ առատացում։
Վիտամին K-ի դեֆիցիտի պատճառները
Վիտամին K-ի դեֆիցիտով չափահաս մարդիկ սովորաբար ունեն որևէ լուրջ առողջական խնդիր, օրինակ՝
- շաքարային դիաբետ
- քրոնիկ երիկամային հիվանդություն
- ցիստիկ ֆիբրոզ (մուկովիսցեդոզ)
- աուտոիմուն բնույթի մարսողական հիվանդություններ, օրինակ՝ ցելիակա
- լեղածորանի խցանում։
Հակամակարդիչները, օրինակ՝ Վարֆարինը կարող են բարձրացնել վիտամին K-ի անբավարարության ռիսկը։
Վիտամին K-ի դեֆիցիտի ախտորոշումը
Վիտամին K-ի դեֆիցիտ կասկածելիս բժիշկը կարող է ձեզ նշանակել արյան մեջ այս վիտամինի մակարդակի որոշման հետազոտություն։ Եթե այս թեստը ձեր շրջանում անհասանելի է, բժիշկը կարող է նշանակել արյան մակարդելիության հետազոտություն՝ մինչև վիտամին K ներարկելը և դրանից հետո։
Վիտամին K-ի դեֆիցիտի կանխարգելումը
Մարդկանց մեծ մասը վիտամին K-ի բավարար քանակ ստանում է սննդի միջոցով։ Վիտամին K-ով հարուստ են մուգ կանաչատերև բանջարեղենները, ինչպիսիք են՝ սպանախ, մաղադանոս, բրոկոլի, կաղմաբ, բրյուսելյան կաղամբ և աղցանների կանաչեղեն։
Կանաչ լոբին, ավոկադոն, կիվին, բանջարեղենային ձեթերը, յոգուրտը, ֆերմենտացված մթերքներն ու ըմպելիքները և պանիրների որոշ տեսակներ ևս հանդիսանում են վիտամին K-ի լավ աղբյուրներ։
Վիտամին K-ի դեֆիցիտի բուժումը
Եթե ունեք վիտամին K-ի դեֆիցիտ, ձեր բժիշկը խորհուրդ կտա սննդակարգում ավելացնել վերոնշյալ սննդամթերքները։
Ձեր բժիշկը նաև կարող է ձեզ նշանակել վիտամին K-ի որևէ հավելում, որ կարգավորվի ձեր արյան մակարդելիությունը և վերականգնվի ոսկրերի ամրությունը։ Մի՛ փորձեք ընդունել վիտամին K-ի ավելի մեծ քանակներ, քան բժշկի նշանակած դեղաչափը։
Ե՞րբ դիմել օգնության
Դիմեք ձեր բժշկին, եթե՝
- սովորական արյունահոսությունը ձեզ մոտ շարունակվում է ավելի երկար, քան մյուսների մոտ
- հեշտությամբ ունենում եք արյունազեղումներ
- փոքր վնասվածքներից ձեր ոսկրերը հեշտությամբ կոտրվում են։
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024