Ուիպլի հիվանդության պատճառը բակտերիայի մի տեսակ է, որը կոչվում է Tropheryma whipplei:
Բակտերիաներն առաջին հերթին ախտահարում են բարակ աղու լորձաթաղանթը՝ դրա պատի ներսում ձևավորելով փոքր վերքեր (խոցեր): Բակտերիաները նաև վնասում են նուրբ, մազանման ելուստները (թավիկներ), որոնք ներսից ծածկում են բարակ աղու լորձաթաղանթը:
Tropheryma whipplei բակտերիաների մասին շատ բան հայտնի չէ: Չնայած արտաքին միջավայրում բակտերիաներն առկա են, գիտնականները չգիտեն, թե ինչպես են նրանք հայտնվում մարդու օրգանիզմում և ինչպես են փոխանցվում մարդուց մարդ։ Ոչ բոլոր բակտերիակիրների մոտ է զարգանում հիվանդություն: Որոշ հետազոտողներ կարծում են, որ այս հիվանդությամբ մարդիկ կարող են ունենալ իմունային համակարգի արձագանքման գենետիկ արատ, որը նրանց ավելի խոցելի է դարձնում հիվանդության զարգացման նկատմամբ, երբ ենթարկվում են բակտերիաների:
Ուիպլի հիվանդությունը չափազանց հազվադեպ է հանդիպում (1 միլիոնից 1-ից ավելի քիչ հիվանդ):
Ռիսկի գործոններ
Քանի որ շատ քիչ բան է հայտնի Ուիպլի հիվանդության առաջացման համար պատասխանատու բակտերիաների մասին, հիվանդության ռիսկի գործոնները հստակ նկարագրված չեն: Ելնելով առկա զեկույցներից, ավելի հավանական է, որ հիվանդությունն ազդի հետևյալ խմբերի վրա՝
- 40-60 տարեկան տղամարդիկ
- Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սպիտակամորթներ
- ֆերմերներ և այն մարդկիկ, ովքեր աշխատում են բացօթյա վայրերում և հաճախ են շփվում կեղտաջրերի և աղտոտված հողի հետ։
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2024
Վերջին վերանայում՝ 24-07-2024