Ախտահարելով ստամոքսաղիքային համակարգը՝ Ուիպլի հիվանդությունն առաջին հերթին վնասում է բարակ աղու թավիկային համակարգը՝ հանգեցնելով ներծծման խանգարման, թեև, որպես կանոն, նաև ախտահարում է ցանկացած օրգան, այդ թվում՝ սիրտը, թոքերը, հոդերը, մաշկը, գլխուղեղը և աչքերը։
Ընդհանուր գանգատներ և ախտանիշներ
Մարսողական գանգատներն ու ախտանիշները տարածված են Ուիփլի հիվանդության ժամանակ և կարող են ներառել հետևյալը՝
- փորլուծություն
- ստամոքսի կծկանքներ և ցավեր, որոնք կարող են սրվել ուտելուց հետո
- քաշի կորուստ՝ կապված սննդանյութերի անբավարար ներծծման հետ (կոչվում է մալաբսորբցիա):
Ուիպլի հիվանդության հետ կապված այլ հաճախակի հանդիպող գանգատներից և ախտանիշներից են՝
- բորբոքված հոդեր, մասնավորապես՝ արմնկային, ծնկային և դաստակային
- հոգնածություն
- թուլություն
- սակավարյունություն (անեմիա):
Ավելի քիչ հանդիպող գանգատներ և ախտանիշներ
Որոշ դեպքերում Ուիպլի հիվանդությունը կարող է հանգեցնել հետևյալ գանգատների և ախտանիշների՝
- ջերմություն
- հազ
- մեծացած (այտուցված) ավշային հանգույցներ
- մաշկի մգացում արևի տակ գտնվող տարածքներում և սպիների մեջ
- կրծքավանդակային ցավեր:
Ուղեղային և նյարդային համակարգի (նյարդաբանական կամ նևրոլոգիական) գանգատներից և ախտանիշներից են՝
- քայլքի դժվարացում
- տեսողական խնդիրներ, այդ թվում՝ աչքի շարժումների վերահսկման թուլացում
- շփոթվածություն
- հիշողության կորուստ:
Այս հիվանդությամբ տառապող մարդկանց մեծ մասի մոտ ախտանշանները զարգանում են դանդաղորեն` երկար տարիների ընթացքում: Որոշ մարդկանց մոտ ախտանիշները, ինչպիսիք են հոդացավը և քաշի կորուստը, զարգանում են ախտորոշմանն օգնող մարսողական ախտանիշներից տարիներ առաջ:
Ե՞րբ դիմել բժշկին
Ուիպլի հիվանդությունը հնարավոր վտանգ է ներկայացնում կյանքի համար, սակայն սովորաբար բուժելի է: Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե զգում եք անսովոր գանգատներ կամ ախտանիշներ, ինչպիսիք են անբացատրելի քաշի կորուստը կամ հոդացավը: Բժիշկը կարող է նշանակել հետազոտություններ՝ պարզելու ձեր ախտանիշների պատճառը:
Նույնիսկ այն բանից հետո, երբ ձեր վարակն ախտորոշվել է և բուժում եք ստանում, տեղեկացրեք բժշկին, եթե ձեր ախտանիշները չեն բարելավվում: Երբեմն հակաբիոտիկային բուժումն արդյունավետ չէ, քանի որ բակտերիաները դիմացկուն են կոնկրետ դեղամիջոցի նկատմամբ, որն ընդունում եք: Հիվանդությունը կարող է կրկնվել, ուստի կարևոր է հետևել ախտանիշներին, որոնք կարող են կրկնվել:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2024
Վերջին վերանայում՝ 24-07-2024