Յոգան վարժանքների հնագույն համակարգ է, որը կենտրոնանում է ուժի, ճկունության և շնչառության վրա՝ ուղղված ֆիզիկական և հոգեկան ինքնազգացողության բարելավմանը։
Ի՞նչ է յոգան
Յոգան ֆիզիկական, մտավոր և հոգևոր հմտությունների ու գիտակարգերի համակարգ է, որն առաջացել է շուրջ 5000 տարի առաջ հնագույն Հնդկաստանում, որից հետո տարածվել է այլ երկրներում։ Ներկայում առկա է յոգայի դպրոցների, մեթոդների և նպատակների մեծ բազմազանություն։
Բժշկագիտական տեսանկյունից առավել կարևորվում է հաթհա յոգան (հաթհա վիդյա), որի հիմնական բաղադրիչներին են մարմնակեցվածքները (ֆիզիկական և մտավոր հզորությունն ու ճկությունը բարելավող շարժումների շղթաներ) և շնչառական հնարքները։
Որո՞նք են յոգայի առողջական օգուտները
Կան յոգայի վերաբերյալ հրապարակված տարբեր որակի տասնյակ գիտական փորձարկումներ։ Դրանց մեծ մասը վկայում է, որ յոգան անվտանգ է և կարող է արդյունավետ կերպով բարձրացնել ֆիզիկական հնարավորությունները, մասնավորապես, ֆիզիկական և հոգեկան ներուժը, ճկունությունը և հավասարակշռությունը։
Կան տվյալներ այն մասին, որ կանոնավոր կերպով յոգայով զբաղվելը կարող է օգտակար լինել բարձր արյան ճնշմամբ, սրտային հիվանդություններով, քրոնիկ, այդ թվում՝ գոտկային շրջանի ցավերով, դեպրեսիա և սթրես ունեցող մարդկանց համար։
Վերջին 20 տարվա ընթացքում իրականացված կլինիկական հետազոտությունների ամփոփումը վկայում է, որ յոգան կարող է քրոնիկ ցավ ունեցող մարդկանց մոտ բարելավել տրամադրությունը, մեղմացնել ցավի առաջացրած տառապանքը և անկարողության զգացումը։
Կարո՞ղ է յոգան կանխարգելել վայր ընկնելը
Յոգան բարելավում է հավասարակշռությունը, քանի որ ամրապնդում է մարմնի ստորին շրջանները, հատկապես ձեր ծնկները և սրունք-թաթային հոդերը։ Այս առումով, յոգան կարող է որոշակի կերպով կանխարգելել վայր ընկնելը։ Սակայն, երբեմն մարդիկ կարող են վայր ընկնել ոչ թե հավասարակշռության խանգարման, այլ որևէ հիվանդության պատճառով (օրինակ՝ օրթոստատիկ հիպոտենզիա կամ ինսուլտ), որի դեպքում պետք է դիմել անհետաձգելի բուժօգնության կամ ձեր բժշկին։
Կարո՞ղ է յոգան օգնել հոդաբորբի բուժմանը
Յոգան բավականին տարածված է հոդաբորբով (արթրիտ) մարդկանց շրջանում որպես մարմնի ճկունությունը և մկանային ուժն ամրապնդող միջոց։ Որոշ հետազոտություններ վկայում են, որ յոգան կարող է ծնկան օստեոարթրիտով մարդկանց մոտ մեղմացնել հոդացավը և բարելավել շարժունակությունը։ Սակայն հոդաբորբով բազմաթիվ մարդկանց համար յոգայի որոշ դիրքեր և վարժանքներ չեն կարող կիրառվել։ Նման դեպքերում ձեզ կարող է օգնության հասնել բուժական յոգայի հմտություններին տիրապետող ֆիզիոթերապևտը։
Ես շատ մեծ չե՞մ յոգայով զբաղվելու համար
Իհարկե՝ ոչ։ Յոգայով կարելի է զբաղվել ցանկացած տարիքում, անգամ 70 տարեկանից հետո։ Տարիքային տարբեր խմբերի համար առկա են յոգայի վարժանքների տարբեր «փաթեթներ»։
Մարզված կամ ճկուն մարմին ունենալը պարտադի՞ր պայման է յոգայով զբաղվելու համար
Ոչ։ Ինչպես նախորդ դեպքում էր, յոգայի մարզիչը կարող է առաջարկել հատուկ վարժանքներ՝ նախատեսված ձեր ֆիզիկական կարողության համար։
Կարո՞ղ եմ ինքս ինձ վնասել յոգայով զբաղվելիս
Յոգայով զբաղվելիս ամենահաճախ հանդիպող վնասվածքները պատճառվում են կրկնվող մկանային ձգումներով կամ գերլարվածությամբ։ Սակայն, ինչպես մեկ այլ ֆիզիկական վարժանք, յոգան նույնպես ունի ծանրաբեռնվածության տարբեր մակարդակներ։ Դուք կարող եք յոգան դարձնել առավել անվտանգ, երբ այդ մակարդակներին հասնեք աստիճանաբար, ցանկալի է՝ հմուտ մարզիչի հսկողությամբ։
Յոգայի ո՞ր տարբերակը պետք է ես օգտագործեմ
Կան յոգայի տարբեր ոճեր, օրինակ՝ աշտանգա, լայենգար և շիվանանդա։ Որոշ ոճեր պահանջում են ֆիզիկական ավելի մեծ ծանրաբեռնվածություն, քան մյուսները։ Յոգայի տարբեր ոճեր կարող են նաև կենտրոնանալ տարբեր ոլորտների վրա (օրինակ՝ շնչառություն կամ դիրքեր) և ունենալ տարբեր տևողություն։
Իրականում, չկան յոգայի «ավելի լավ» կամ «ավելի վատ» ոճեր: Լավագույն ոճը կամ մեթոդն այն է, որն առավելագույնս է համապատասխանում ձեր ֆիզիկական տվյալներին, առողջությանը և նպատակներին։ Զրուցեք այս թեմայի շուրջ ձեր բժշկի և յոգայի մարզիչի հետ։
Որտեղի՞ց գտնել յոգայի դասեր
Ձեզ կարող է մեծապես օգնել համացանցը։ Ուշադիր եղեք, որպեսզի գտնեք հմուտ մարզիչ կամ ճիշտ առցանց դասեր։ Զրուցեք այս թեմայի շուրջ ձեր բժշկի հետ։
Հոդվածը հրապարակվել է՝ 27-06-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024