Ականջի բարովնասվածքը կամ միջին աերոօտիտն առաջանում է, երբ միջին ականջի և շրջակա միջավայրի օդի ճնշումները չեն համընկնում, որն էլ թույլ չի տալիս, որ ձեր ականջի թմբկաթաղանթը նորմալ թրթռա:
Նեղ խողովակը, որը կոչվում է եվստախյան փող և միջին ականջը կապում է քիթըմպանի հետ, կարգավորում է օդի ճնշումների այս տարբերությունը։
Երբ ինքնաթիռը թռիչուղուց բարձրանում է կամ վայրէջք է կատարում, մթնոլորտային օդի ճնշումը կտրուկ փոփոխվում է: Նման իրավիճակում եստախյան փողը հաճախ չի կարողանում բավական արագ արձագանքել և կարգավորել միջին ականջի և մթնոլորտային օդի ճնշումների տարբերությունը, ինչն առաջացնում է «ինքնաթիռային (օդանավային) ականջի» ախտանիշներ: Կուլ տալը կամ բերանը լայն բացելը (հորանջելը) լայնացնում է եվստախյան փողը և թույլ է տալիս, որ ավելի շատ օդ մուտք գործի միջին ականջ՝ հավասարեցնելով օդի ճնշումների տարբերությունը։
Ականջի բարովնասվածք նաև կարող է առաջանալ՝
- ստորջրյա լողի ժամանակ (դայվինգ)
- հիպերբարիկ օքսիգենային խցերում
- մոտակայքում պայթուն լինելիս, օրինակ՝ պատերազմի դաշտում:
Դուք նաև կարող եք ականջներում անհարմարավետություն զգալ բարձրահարկ շենքի արագընթաց վերելակից օգտվելիս կամ լեռնային գոտիում մեքենա վարելիս (կամ պարզապես մեքենայում գտնվելիս):
Ռիսկի գործոններ
Ցանկացած հիվանդություն կամ վիճակ, որն արգելափակում է (խցանում է) եվստախյան փողը կամ սահմանափակում է այս խողովակի գործառույթը, կարող է մեծացնել «ինքնաթիռային (օդանավային) ականջի» ռիսկը: Տարածված ռիսկի գործոններից են՝
- նեղ եվստախյան փող, հատկապես նորածինների և մանկահասակ երեխաների մոտ
- մրսածություն (վերին շնչուղիների վիրուսային վարակ)
- հարքթային խոռոչների (ծոցերի) վարակ (սինուսիտ)
- ալերգիկ հարբուխ (ռինիտ)
- միջին ականջի վարակ (միջին օտիտ)
- վերելքի և վայրէջքի ժամանակ ինքնաթիռում քնելը, քանի որ դուք չեք ձեռնարկում որևէ քայլ ձեր ականջներում ճնշումը հավասարեցնելու համար, օրինակ, չեք հորանջում կամ ձեր թուքը կուլ չեք տալիս:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-11-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024