Միջազգային անվանում (հապավում). Giardia liamblia, Rapid Ag test (GL Ag)
Նկարագրություն
Լյամբլիոզն աղիքային վարակ է, որը հարուցվում է Giardia intestinales մակաբույծով (այլ անվանումներից են՝ Giardia lamblia, Giardia duodenalis):
Giardia lamblia-ն միաբջիջ մակաբույծ է, որը հանդիպում է մարդկանց և կենդանիների աղիներում և փոխանցվում է վարակված մարդու կամ կենդանիների կղանքով:
Այս մակաբույծը պաշտպանված է թաղանթով (ցիստա), որը թույլ է տալիս տիրոջ օրգանիզմից դուրս երկար ժամանակ պահպանել կենսունակությունը: Լյամբլիան համարվում է ջրով մարդուն փոխանցվող հիվանդությունների ամենատարածված պատճառներից մեկը: Առավել բնորոշ ախտանիշներից են՝ փորլուծություն, ջրային կղանք և ստամոքսի (որովայնային) կծկանքներ, որոնք հայտնվում են վարակվելուց 1-2 շաբաթվա ընթացքում և կարող են շարունակվել 2-6 շաբաթ: Հիվանդների մոտ նաև դիտարկվում է ախտորժակի անկում, սրտխառնոց, փսխում, թեթև ջերմություն, գունատություն և ալերգիկ ցաներ: Լյամբլիոզի քրոնիկ ձևը պարբերաբար ի հայտ է գալիս որովայնքի փքվածությամբ, ստամոքսի շրջանի ցավերով և կղանքի ջրիկացմամբ:
Լյամբլիայի հակածնի հայտնաբերման թեստի հիմքում ընկած է միափուլ իմունաքրոմատոգրաֆիկ ռեակցիա, որի ընթացքում նմուշում առկա հակածնի և հատուկ պոլիկլոնալ հակամարմինների միջև առաջանում է գունավորմամբ ընթացող ռեակցիա: Այս գույնի առկայությունն էլ հաստատում է դրական թեստը, որը մեկնաբանվում է որպես մակաբույծի առկայություն:
Թեստը սքրինինգային է և թույլ է տալիս ենթադրել ախտորոշումը: Հաստատող ախտորոշումը դրվում է բժշկի կողմից միայն համալիր կլինիկական և լաբորատոր տվյալների հիման վրա:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- ջրիկ արտաթորանքներով, որովայնային կծկանքներով (սպազմով) փորլուծություն
Կենսանմուշ
GL Ag թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ կղանք։
Կենսանմուշի հանձնում
Կղանքը հավաքվում է գդալիկով և կափարիչով տարայում՝ վերջինիս 1/3 չափով: Պահպանումը՝ +2...+8° С պայմաններում: Նմուշը պետք է բերել լաբորատորիա հավաքելուց 10-12 ժամվա ընթացքում:
Հավաստի պատասխանի համար թեստը պետք է անցկացնել հիվանդության ախտանիշները սկսվելուց մինչև 1 շաբաթվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Որպես որակական թեստ, չափման միավոր չունի:
Արդյունքների մեկնաբանություն
Թեստի արդյունքների մեկնաբանությունը տեղեկատվություն է տրամադրում բուժող բժշկի համար և չի համարվում ախտորոշում: Ճշգրիտ ախտորոշումը դնում է բժիշկը՝ հիմնվելով այս, այլ թեստերի, ձեր գանգատների ու ախտանիշների, ինչպես նաև անամնեզի վրա:
Դրական թեստ
Լյամբլիոզի սուր փուլ
Բացասական թեստ
Giardia lamblia-ով վարակման բացակայություն:
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-06-2023
Վերջին վերանայում՝ 05-06-2023