Լաբ թեստեր

Թթվային ֆոսֆատազ

ACP

Ընդհանուր նկարագրություն

Թթվային ֆոսֆատազը ֆերմենտ է, որը մասնակցում ֆոսֆորական թթի փոխանակությանը և իր ամենաբարձր ակտիվությունը դրսևորում է թթվային միջավայրում (рН 5,0-5,5):

Թթվային ֆոսֆատազը (Acid phosphatase, ACP) կատալիզացնում է ֆոսֆորական թթվի բարդ եթերների և օրգանական միացությունների հիդրոլիզը: Այն լիզոսոմալ ֆերմենտ է, որը գործնականում հանդիպում է գրեթե բոլոր հյուսվածքներում: Ամենաբարձր մակարդակները հայտնաբերվում են շագանակագեղձում (պրոստատիկ ֆրակցիա), որին հաջորդում են լյարդը, փայծաղը, էրիթրոցիտները (արտալիզոսոմալ տեղակայում), թրոմբոցիտները, ոսկրածուծը: ԹՖ-ի բարձր ակտիվություն է հայտնաբերվում նաև մակրոֆագներում և օստեոկլաստներում: Շագանակագեղձի ԹՖ-ի ակտիությունը ոչ մի կերպ չի դրսևորվում մինչև սեռահասունացման տարիքը:

Տղամարդկանց մոտ արյան շիճուկի ԹՖ-ի մեծ մասը կազմված է պրոստատիկ ֆրակցիայից, մասամբ՝ լյարդի և քայքայված թրոմբոցիտներից և էրիթրոցիտներից ազատված ֆրակցիաներից: Ֆերմենտի պրոստատիկ ֆրակցիաներն արգելակում են տարտրատը, օքսալատը, ֆտորի և երկաթի իոնները:

Կանանց մոտ արյան շիճուկի ԹՖ-ի մեծ մասը կազում են լյարդային, էրիթրոցիտար և թրոմբոցիտար ծագման ԹՖ-ները:

Հետազոտության ցուցումներ

  • շագանակագեղձի հիվանդություններ (շագանակագեղձի կարցինոմայի ընթացքի հսկողություն)
  • երիկամների և լյարդի հիվանդություններ

Կենսանմուշ

«Թթվային ֆոսֆատազ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/լ (միավոր/լ)

Այլընտրանքային չափման միավոր

մկկատ/լ (միկրոկատալ/լիտր)

Միավորների փոխակերպում

Մ/լ x 0,0167 = մկկատ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • տղամարդիկ՝ (0-6,5) Մ/լ
  • կանայք՝ (0-5,5) Մ/լ

Արդյունքների մեկնաբանություն

Թթվային ֆոսֆատազի մակարդակի (ակտիվության) բարձրացում

  • շագանակագեղձի կարցինոմա (հատկապես մետաստազների առկայության դեպքում)
  • շագանակագեղձի ադենոմա
  • ախտորոշիչ և բուժական միջամտություններ
  • Գոշեի հիվանդություն
  • ոսկրային հյուսվածքի ուռուցքներ
  • ռետիկուլոէնդոթելիալ համակարգի հիվանդություններ
  • հեպատոբիլիար համակարգի ախտահարումներ
  • օստեոպորոզ
  • թրոմբոէմբոլիաներ

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Acid phosphatase

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ ACP

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: