Skip to main content

Ադրենոկորտիկոտրոպ հորմոն - Հորմոններ

Միջազգային անվանում (հապավում). Adrenocorticotropic Hormone (ACTH)

Նկարագրություն

Ադրենոկորտիկոտրոպ հորմոնը (ACTH) մակերիկամների կեղևի հորմոնների սինթեզի և սեկրացիայի կարևորագույն կարգավորիչն է:

Ադրենոկորտիկոտրոպ հորմոնը կամ կորտիկոտրոպինը (ACTH) 39 ամինաթթուներից կազմված պեպտիդային հորմոն է, որն արտադրվում է հիպոֆիզի առաջնային բլթում:

ACTH-ը դրսևորում է երկու հիմնական ազդեցություն՝ արագացնում է ստերոիդ հորմոնների արտադրությունը (գլյուկոկորտիկոիդներից՝ գլխավորապես կորտիզոլ, ավելի քիչ՝ անդրոգեններ և էստրոգեններ) և ապահովում է մակերիկամների զանգվածի՝ նորմալ միջակայքում պահպանվելը: ACTH-ը խթանում է կորտիզոլի սինթեզը, որի պաշարները մակերիկամներում աննշան է և ավելի թույլ ազդեցություն ունի նույն հորմոնի՝ դեպի արյան հուն սեկրեցիայի վրա: ACTH-ը նաև բարձրացնում է մակերիկամների կեղևի կծիկային շրջանի զգայունությունն այն նյութերի նկատմամբ, որոնք ակտիվացնում են ալդոստերոնի արտադրությունը:

Ճարպային հյուսվածքներում խթանում է ճարպերի քայքայումը, մկանային հյուսվածքի կողմից ամինաթթուների և գլյուկոզի յուրացումը, ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների կողմից ինսուլինի ներզատումը, որոնց արդյունքում զարգանում է արյան շաքարի մակարդակի նվազեցում (հիպոգլիկեմիա): ACTH-ը խթանում է նաև մաշկի պիգմենտացիան:

ACTH-ի սեկրեցիան գտնվում է հիպոթալամուսի կորտիկոտրոպին-ռիլիզինգ հորմոնի հսկողության ներքո: ACTH-ի սեկրեցիան ենթարկվում է արտահայտված օրական ռիթմին: Առավոտյան ժամը 6-8-ին ACTH-ի մակարդակն առավելագույնն է, իսկ երեկոյան ժամը 21-22-ին՝ նվազագույնը: ACTH-ի սեկրեցիան որոշակի ժամանակով առաջ է ընկնում է արյան մեջ կորտիզոլի մակարդակի բարձրացմանը:

Օրվա ընթացքում, կախված արտաքին գործոններից, հորմոնի մակարդակը ենթարկվում է զգալի տատանումների: Ժամային գոտու կտրուկ փոփոխության դեպքում ACTH-ի սեկրեցիայի նորմալ օրական ռիթմը վերականգնվում է 7-10 օրվա ընթացքում: Սուր սթրեսային վիճակը խաթարում է օրական ռիթմը՝ առաջ բերելով արյան կորտիզոլի կտրուկ բարձրացման սթրեսը սկսվելուց 25-30 րոպեի ընթացքում:

ACTH-ի մակարդակի վրա ազդում են նաև դաշտանային ցիկլի փուլը, հղիությունը, հուզական վիճակը, ցավի առկայությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, վիրաբուժական միջամտությունները և այլն:

ACTH-ի կենսաբանական կիսատրոհման պարբերությունը շատ կարճ է՝ 7-12 րոպե: Քայքայումն ընթանում է պարենքիմատոզ օրգաններում:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • հոգնածություն, քրոնիկ հոգնածության համախտանիշ, աշխատունակության անկում
  • երկրորդային (ախտանշանային) հիպերտենզիայի տարբերակիչ ախտորոշում
  • առաջնային և երկրորդային մակերիկամային անբավարարությունների միջև տարբերակիչ ախտորոշման անցկացում
  • Քուշինգի համախտանիշի կասկած և տարբերակիչ ախտորոշում, Քուշինգի հիվանդության հետ տարբերակիչ ախտորոշում
  • գլյուկոկորտիկոիդներով երկարատև բուժում

Կենսանմուշ

ACTH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Թեստի նախորդ օրերին պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (մարզումներ), մեկ օր առաջ՝ ալկոհոլի ընդունումը, իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտի օգտագործումը: Կանանց մոտ հետազոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի 6-7-րդ օրերին, եթե բուժող բժշկի կողմից այլ ժամկետներ չեն սահմանվել: Նախընտրելի է արյունը հանձնել վաղ առավոտյան ժամերին, եթե էնդոկրինոլոգի կողմից հատուկ ցուցումներ չկան:

Ուշ երեկոյան ժամերին իրականացված հետազոտությունը կարող է օգտակար դառնալ Քուշինգի համախտանիշն ախտորոշելիս: Ժամանակի ընթացքում հետազոտության արդյունքները համեմատելիս անհրաժեշտ է նկատի ունենալ օրվա նույն ժամերին վերցված արյան հետազոտությունների պատասխանները:

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Համընդհանուր չափման միավոր

պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

պմոլ/լ (պիկոմոլ/լիտր)

Միավորների փոխակերպում

պմոլ/լ х 4,541 = պգ/մլ, պգ/մլ x 0,2202 = պմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

(8,3-57,8) պգ/մլ (առավոտյան 07:00-10:00)

Արդյունքների մեկնաբանություն

ACTH-ի մակարդակի բարձրացում

  • Ադիսոնի հիվանդություն
  • Քուշինգի հիվանդություն (ACTH-ի հիպոֆիզար հիպերսեկրեցիա)
  • էկտոպիկ ACTH-համախտանիշ
  • հիպոֆիզի բազոֆիլ ադենոմա
  • մակերիկամների բնածին անբավարարություն
  • էկտոպիկ կորտիկո-ռիզիլիզնգ-հորմոնային համախատանիշ
  • վնասվածքներ և հետվիրահատական վիճակներ
  • երկկողմանի ադրենալէկտոմիա՝ Նելսոնի համախտանիշի բուժման համատեքստում
  • մակերիկամային վիրիլիզմ
  • որոշ դեղերի ընդունում՝ Մետոպիրոն, ACTH (ներարկում), Ինսուլին

ACTH-ի մակարդակի նվազեցում

  • մակերիկամների կեղևի հիպոֆունկցիա՝ պայմանավորված հիպոֆիզի հիպոֆունկցիայով (հիպոֆիզի ֆունկցիայի 90%-ի կորուստ)
  • Քուշինգի համախտանիշ՝ պայմանավորված մակերիկամների կեղևի ուռուցքով
  • կորտիզոլ արտադրող ուռուցքներ
  • ACTH-ի սեկրեցիայի խանգարում ուռուցքով՝ պայմանավորված կրիպտոհեպտադինի օգտագործմամբ
  • գլյուկոկորտիկոիդների ընդունում

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 12-06-2023