Միջազգային անվանում (հապավում). Alfa-Fetoprotein (AFP)
Նկարագրություն
Ալֆա-ֆետոպրոտեինը (AFP) մանկաբարձության մեջ հղիության մոնիթորինգի ընթացքում պտղի վիճակի հիմնական մարկերներից մեկն է, իսկ ուռուցքաբանության ոլորտում՝ լյարդի առաջնային քաղցկեղի մարկերը:
AFP-ն արտադրվում է սաղմի դեղնուցային պարկում, որից հետո, պտղի ներարգանդային զարգացման 5-րդ շաբաթվանից սկսած՝ վերջինիս լյարդում և ստամոքսաղիքային խողովակում: Չափահաս մարդկանց մոտ նույն AFP-ն արտադրվում է չտարբերակված լյարդային բջիջների կողմից:
Իրենից ներկայացնում է շուրջ 70 հզ Դալտոն մոլեկուլյար զանգվածով գլիկոպրոտեին, որի կիսաքայքայման պարբերությունը շուրջ 5 օր է:
Որպես հղիության և պտղի սքրինինգի մարկեր
Իր կառուցվածքով AFP-ն նման է ալբումինին և պտղի օրգանիզմում կատարում է համանման գործառույթ՝ պտղի արյան օնկոտիկ ճնշման պահպանում, մայրական օրգանիզմից եկող իմունային ագրեսիայի դիմագրավում, մայրական էստրոգենների կապում և այլն:
AFP-ի ոչ մեծ ֆիզիոլոգիական քանակություն պտղի արյան պլազմայում կարող է գրանցվել վերջինիս զարգացման 12-16-րդ շաբաթներում, իսկ հետագայում AFP-ի մակարդակն աստիճանաբար նվազում է մինչև ծննդյան պահը՝ մեկ տարեկանում գրեթե հասնելով չափահաս մարդու մակարդակին: Սաղմի արյան AFP-ի աճին զուգահեռ վերջինիս մակարդակը բարձրանում է նաև հղի կնոջ արյան պլազմայում: Մայրական արյան մեջ այս սպիտակուցը հայտնվում է՝ անցնելով ընկերքից կամ ամնիոտիկ հեղուկներից: Պտղի և միջպտղային ջերերի միջև AFP-ի փոխանակությունը և վերջինիս մուտքը դեպի մայրական արյուն կախված է պտղի երիկամների և ստամոքսաղիքային ուղու վիճակից, ինչպես նաև ընկերքային պատնեշի թափանցելիությունից:
Հղի կնոջ արյան պլազմայում AFP-ի մակարդակը հղիության 10-րդ շաբաթվանից հետո սկսում է աճել՝ իր առավելագույն ցուցանիշին հասնելով 32-34-րդ շաբաթներում, որից հետո սկսում է նվազել:
AFP-ն հանդիսանում է պտղի վիճակի ոչ սպեցիֆիկ մարկեր: Պտղի զարգացման շեղումները (մասնավորապես, նյարդային խողովակի բաց դեֆեկտները) պայմանավորում են պտղի պլազմայի ելք դեպի ամնիոտիկ հեղուկ՝ առաջացնելով մայրական արյան մեջ AFP-ի մակարդակի բարձրացում: Այնպիսի քրոմոսոմային արատները, ինչպիսին հանդիսանում է Դաունի համախտանիշը, ուղեկցվում են AFP-ի մակարդակի նվազեցմամբ:
AFP-ի մակարդակի շեղումներն ավելի հաճախ պայմանավորված են հղի կնոջ մոտ մանկաբարձական խնդիրների առկայությամբ: Ուստի, հղիության երկրորդ կեսում AFP-ի որոշումը պետք է իրականացվի պլացենտար հորմոնների հետ միաժամանակ՝ ֆետոպլացենտար վիճակը գնահատելու, ինչպես նաև պղտի գերձայնային հետազոտության հետ՝ հղիության սխալ որոշված ժամկետը պարզելու, պտղի զարգացման արատները (օրինակ՝ անէնցեֆալիա) և այլ հնարավոր շեղումներն արձանագրելու համար: AFP-ի մակարդակի որոշումը մարդու խորիոնային գոնատոտրոպինի (HCG+beta) և ազատ էստրիոլի (E3-F) հետ միասին մտնում է այսպես կոչված եռակի թեստի մեջ, որով գնահատվում է պտղի զարգացման արատների ռիսկը (իրականացվում է հղիության 15-20-րդ շաբաթականների ընթացքում):
Որպես ուռուցքային մարկեր
Չափահաս մարդկանց մոտ AFP-ի մակարդակի բարձրացումն ավելի հաճախ կապված է քրոնիկ հեպատիտների, հեպատոցելուլյար կարցինոմայի կամ գերմինատիվ բջիջների ուռուցքների հետ: Եթե հեպատոցելյուլար քաղցկեղների ժամանակ AFP-ի մակարդակն աճում ու հասնում է խիստ բարձր թվերի, լյարդի մետաստատիկ ախտահարումների դեպքում վերջինիս մակարդակը մնում է 350‑400 ՄՄ/մլ-ից ներքև ցուցանիշների միջակայքում:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
Մանկաբարձության ոլորտ
- պտղի բնածին արատների նախածննդյան ախտորոշում, ինչպիսիք են նյարդային խողովակի դեֆեկտը և Դաունի համախտանիշը
Ուռուցքաբանության ոլորտ
- առաջնային հեպատոցելուլյար կարցինոմայի ընթացքի հսկողություն, մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և իրականացվող բուժման արդյունավետության գնահատում
- ամորձիների և ձվարանների չարորակ, տրոֆոբլաստիկ ուռուցքների, խորիոէպթելոմաների ընթացքի հսկողություն, մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և իրականացվող բուժման արդյունավետության գնահատում
- լյարդի մետաստազների հայտնաբերում
- ռիսկի խմբերի սքրինինգային հետազոտություն (քրոնիկական վիրուսային հեպատիտ Bs-դրական, լյարդի ցիռոզով, ալֆա-1-անտիտրիպսինի դեֆիցիտով պացիենտներ)
Կենսանմուշ
AFP թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց): Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
ՄՄ/մլ (միջազգային միավոր/միլիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)
Միավորների փոխակերպում
նգ/մլ x 0.83 = ՄՄ/մլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Որպես օնկոմարկեր
- Չափահասներ՝ ≤ 5,8 ՄՄ/մլ
- Մինչև 18 տ.երեխաներ՝ < 9,96 ՄՄ/մլ
Որպես հղիների պղտի պրենատալ սքրինինգի ցուցանի
- 14 շաբաթական՝ (12-59,3 ՄՄ/մլ
- 15 շաբաթական՝ (15-73,8) ՄՄ/մլ
- 16 շաբաթական՝ (17,5-100) ՄՄ/մլ
- 17 շաբաթական՝ (20,5-123) ՄՄ/մլ
- 18 շաբաթական՝ (21-138) ՄՄ/մլ
- 19 շաբաթական՝ (23,5-159) ՄՄ/մլ
- 20 շաբաթական՝ (25,5-177) ՄՄ/մլ
- 21 շաբաթական՝ (27,5-195) ՄՄ/մլ
- 22-24 շաբաթական՝ (56-224) ՄՄ/մլ
- 25-27 շաբաթական՝ (95-357) ՄՄ/մլ
- 28-30 շաբաթական՝ (135-435) ՄՄ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
AFP մակարդակի բարձրացում
Որպես օնկոմարկեր. ուռուցքային հիվանդություններ (զգալի բարձրացում)
- առաջնային հեպատոցելուլյար կարցինոմա (մետաստազների առկայության դեպքում զգայունությունը մոտենում է 100%-ին), հեպատոսարկոմաների դեպքում AFP-ի բարձրացման մակարդակը կոռելացվում է քաղցկեղի չափսի և մետաստազավորման հետ
- սաղմնային ուռուցքներ՝ ամորձիների և ձվարանների տերատոբլաստոմաներ (չշփոթել սեմինոմայի հետ) (զգայունությունը՝ 70-75%)
- այլ տեղակայման չարորակ ուռուցքներ (ենթաստամոքսային գեղձ, ստամոքս, հաստ աղիներ, թոքեր)՝ մակարդակի մեղմ բարձրացում
Որպես պրենատալ սքրինինգային թեստ. պտղի զարգացման արատների նախածննդյան ախտորոշում
- նյարդային խողովակի զարգացման բաց դեֆեկտներ (անէնցեֆալիա, spina bifida)
- պորտային ճողվածք
- կերակրափողի կամ տասներկումատնյա աղու ատրեզիա
- Մեկկելի համախտանիշ (ժառանգական արատների կոմպլեքս՝ պոլի- և սինդակտիլիա, հիպոսպադիա, էպիսպադիա, միզապարկի էկտոպիա, երիկամների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի կիստոմաներ)
- պտղի լյարդի նեկրոզ վիրուսային վարակների հետևանքով
Սոմատիկ հիվանդություններ (ոչ զգալի ժամանակավոր բարձրացում, սովորաբար՝ մինչև 100 ՄՄ/մլ)
- լյարդում ռեգեներատիվ պորցեսներով ուղեկցվող վիճակներ (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիռոզ)
- լյարդի ալկոհոլային վնասում
AFP մակարդակի նվազեցում
Որպես պրենատալ սքրինինգային թեստ. պտղի զարգացման արատների նախածննդյան ախտորոշում
- Դաունի (տրիսոմիա 21) համախտանիշ (հղիության 10-րդ շաբաթից հետո)
- պտղի մահացում
- ինքնաբուխ վիժում
- 18-տրիսոմիա
Կարևոր նկատառումներ
- ուռուցքների վիրաբուժական հեռացումից հետո AFP-ի մակարդակի նվազեցումը համարվում է բարվոք արդյունք
- AFP-ի մակարդակի կրկնակի բարձրացումը կամ ոչ բավարար նվազեցումը կարող է վկայել քաղցկեղի ռեցիդիվի կամ մետաստազների առկայության մասին
- կարցինոէմբրիոնալ հակածնի (CEA) հետ միաժամանակյա որոշումը կարող է օգնել լյարդի առաջնային քաղցկեղը վերջինիս մետաստատիկ ախտահարումից տարբերակելիս
- լյարդի կարցինոմայի նկատմամբ ռիսկի խմբերի մոտ AFP-ն պետք է որոշվի տարին երկու անգամ հաճախականությամբ
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 22-03-2024