Միջազգային անվանում (հապավում). Urine Albumin (ALB-T/U)
Նկարագրություն
Մեզում ալբումինը կամ միկրոալբումինուրիան (ALB-T/U) հանդիսանում է երիկամային կծիկների ախտահարման մարկեր:
Ալբումինը (ALB) անածխածին սպիտակուց է, որ կազմում է արյան պլազմայի ընդհանուր սպիտակուցի (TP) 55-65%: Այն ապահովում է արյան պլազմայի օնկոտիկ (սպիտակուցներով պահպանվող) ճնշումը, ինչպես նաև մասնակցում է բազմաթիվ լիգանդների տեղափոխմանը և պահպանմանը: Միաժամանակ, ալբումինը էնդոգեն ամինաթթուների աղբյուր է:
Նորմայում երիկամները խոչընդոտում են մեզով շիճուկային ալբումինի կորուստը, թեև նորմալ մեզում ալբումինը կարող է հայտնվել չնչին՝ հետքային քանակներով: Մեզով ալբումինի կորուստը կանխարգելվում է վերջինիս մեծ չափսի (69 կԴալտոն), բացասական լիցք ունենալու և խողովակիկային վերաներծծման (ռեաբսորբցիա) շնորհիվ: Հակառակ վերոնշյալին, կծիկների չափսերի, ալբումինի լիցքի տեղաշարժերի կամ խողովակիկների ռեաբսորբցիոն ունակության խաթարման դեպքում մեզում ալբումինը կարող է ի հայտ գալ ավելի մեծ քանակներով:
Ալբումինի հեռացումը մեզով առավել ուժգնանում է հատկապես երիկամների կծիկային (գլոմերուլյար) գործառույթի խանգարման, քան խողովակիկների (տուբուլյար) ախտահարման ժամանակ: Ահա թե ինչու մեզում ալբումինը համարվում է նախ և առաջ երիկամների կծիկային գործունեության խանգարման (կծիկային դիսֆունկցիա) կարևոր մարկեր:
Մեզով ալբումինի հեռացման ոչ մեծ ուժգնացումը (20-200 մգ/օր), որը կոչվում է միկրոալբումինուրիա, հանդիսանում է դիաբետիկ նեֆրոպաթիայի վաղ ախտորոշման և վերահսկման բացառիկ օբյեկտիվ կլինիկական-ախտորոշիչ ցուցանիշ: Միկրոալբումինուրիան հանդիպում է 1-ին տիպի (ինսուլին-կախված) շաքարային դիաբետով հիվանդների շուրջ 40%-ի մոտ:
Այն հանդիսանում է նաև դիաբետիկ նեֆրոպաթիային սրտանոթային հիվանդությունների միացման ահազանգներից մեկը:
Այսպիսով, ալբումինուրիան հանդիսանում է շաքարային դիաբետ-նեֆրոպաթիա-հիպերտենզիա-ալբումինուրիա շղթայով զարգացող ախտաբանաֆիզիոլոգիական փոփոխությունների հետևանք:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- դիաբետիկ նեֆրոպաթիայի վաղ ախտորոշում
- գլոմերուլոնեֆրիտ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- երիկամի փոխպատվաստման հսկողություն
Կենսանմուշ
ALB-T/U թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան առաջին կամ 24-ժամյա մեզ։
Կենսանմուշի հանձնում
Այս թեստը հատուկ նախապատրաստում չի պահանջվում
Օրական մեզը հավաքելը
- Մեզը հավաքվում է մեկ օրվա ընթացքում: Առավոտյան մեզի առաջին չափաբաժինը թափվում է, իսկ հետագա 24 ժամվա ընթացքում մնացած չափաբաժինները հավաքվում է մեկ տարայի մեջ, որն ամբողջ ընթացքում պահպանվում է սառնարանային պայմաններում (+4…+8°С):
- Մեզը հավաքելու ավարտին մեզի ծավալը ճշտորեն չափվում է, ամբողջ պարունակությունը խառնվում է, որից որոշակի փոքր քանակություն վերցվում է ստերիլ փոքր տարայով:
- Լաբորատորիա բերվում է միայն ստերիլ փոքր տարան, այլ ոչ թե ամբողջ օրվա մեզը: Անհրաժեշտ է նշել նաև օրական մեզի ծավալը (դիուրեզ) միլիլիտրերով:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մգ/24 ժամ (միլիգրամ/24 ժամ)
Այլընտրանքային չափման միավոր
մկմոլ/օր (միկրոմոլ/24 ժամ)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
մինչև 30 մգ/24 ժամ (կամ մինչև 20 մգ/լ)
Այլընտրանքային միջակայքեր (չափահասներ)
մինչև 0,456 մկմոլ/24 ժամ (կամ մինչև 0,304 մկմոլ/լ)
Արդյունքների մեկնաբանություն
ALB-T/U-ի մակարդակի բարձրացում (միկրոալբումինուրիա)
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- գլոմերուլոնեֆրիտ
- երիկամների բորբոքային հիվանդություններ
- երիկամային տրանսպլանտանտի պոկում
- կծիկային նեֆրոպաթիա
- շաքարային դիաբետ
- ֆրուկտոզի բնածին անտանելիություն (բնորոշ նշան է)
- ինտենսիվ ֆիզիկական աշխատանք
- հիպերթերմիա կամ հիպոթերմիա
- հղիություն
- կանգային սրտային անբավարարություն
- թունավորում ծանր մետաղներով
- սարկոիդոզ
- համակարգային կարմիր գայլախտ
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 20-03-2024