Լաբ թեստեր
Ալբումին

Ընդհանուր նկարագրություն
Ալբումինը արյան պլազմայի հիմնական սպիտակուցն է:
Ալբումինի (Albumin) սինթեզն ընթանում է լյարդում: Նրա հարաբերական մոլեկուլյար զանգվածը 65000 Da (Դալտոն) է, իսկ կիսաքայքայման պարբերությունը՝ 18-20 օր: Ալբումինը պահպանում է պլազմայի կոլոիդ-օսմոտիկ (օնկոտիկ) ճնշումը, հետևաբար՝ շրջանառող արյան ծավալը: Հանդիսանում է արյան սպիտակուցների գլխավոր ռեզերվը և երկարատև քաղցի պայմաններում ծախսվում է առաջին հերթին:
Ալբումինն իրականացնում է տրանսպորտային ֆունկցիա՝ կապվելով ու տեղափոխելով բիլիռուբինը, լեղաթթուները, մետաղների իոնները (կալցիում), ազատ ճարպաթթուները և արտաքինից ստացվող դեղերը (օրիանակ՝ հակաբիոտիկներ, սալիցիլատներ): Ալբումինի մակարդակը քիչ ցածր է վաղ տարիքի երեխաների, հղի կանանց (հատկապես հղիության երրորդ եռամսյակում), լակտացիայի, ինչպես նաև ծխողների մոտ:
Հիպոալբումինեմիան առաջ է բերում արյան ընդհանուր կալցիումի մակարդակի նվազեցում` ի հաշիվ ալբումինի հետ կապված կալցիումի ֆիզիոլոգիական ոչ ակտիվ մասի, թեև կալցիումի դեֆիցիտը կլինիկորեն չի դրսևորվում:
Ալբումինի հետ կապող դեղերի (օրինակ՝ կորտիկոստերոիդներ) ազդեցությունը հիպոալբումինեմիայի ժամանակ կարող է ուժեղանալ, և արդյունքում դրանց սովորական դեղաչափերը կարող են դրսևորել տոքսիկ ազդեցություններ:
Հետազոտության ցուցումներ
- սուր և քրոնիկ վարակներ
- կոլագենոզներ
- լյարդի ախտահարումներ
- երիկամների ախտահարումներ
- օնկոլոգիական հիվանդություններ
- սնուցման խանգարումներ
- ջերմային այրվածքներ
Կենսանմուշ
«Ալբումին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
գ/լ (գրամ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
գ/դլ (գրամ/դեցիլիտր)
Միավորների փոխակերպում
գ/դլ х 10 = գ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- Չափահասներ` (35‑52) գ/լ
- Երեխաներ 14-18 տ. (32‑45) գ/լ
- Երեխաներ < 14 տ. (38‑54) գ/լ
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք | Ալբումին, գ/լ |
Նորածին, մինչև 4 օր. | 28 - 44 |
Երեխաներ, 4 օր. - 14 տ. | 38 - 54 |
Երեխաներ, 14 - 18 տ. | 32 - 45 |
Արդյունքների մեկնաբանություն
Ալբումինի մակարդակի բարձրացում (հիպերալբումինեմիա)
- ջրազրկում և արյան խտացում (ծանր լուծ, խոլերա, անզուսպ փսխումներ աղիքային անանցանելիության ժամանակ, տարածուն այրվածքներ)
Ալբումինի մակարդակի նվազեցում (հիպոալբումինեմիա)
Լյարդում ալբումինի սինթեզի ընկճում
Սննդի միջոցով անբավարար մուտք օրգանիզմ
- սովահարություն, կախեքսիա, սպիտներով կամ չբալանսավորված ամինաթթուներով աղքատ սննդակարգ
- մալաբսորբցիայի համախտանիշ` գաստրոէնտերոպաթիաներ և ստամոքսաղիքային այլ հիվանդություններ
Օրգանիզմի սպիտակուցների կորուստ
- քրոնիկ երիկամային հիվանդություն (նեֆրոտիկ համախտանիշ, դիաբետիկ նեֆրոպաթիա)
- տարածուն ջերմային այրվածքներ
- հյուսվածքային վնասվածքներ
- արյունահոսություններից և արյան փոխարինիչների ներմուծումից հետո
- էքսուդատների և տրանսուդատների առաջացում
Ալբումինների ինտենսիվացած կատաբոլիզմ
- տենդային վիճակներ
- սեպսիս, վարակիչ հիվանդություններ
- թիրեոտոքսիկոզ
- չարորակ նորագոյացություններ
- ռևմատիկ հիվանդություններ
- հիպերհիդրատացիա (շրջանառող արյան ծավալի մեծացում)
- ժառանգական դեֆեկտներ (անալբումինեմիա)
- կանգային սրտային անբավարարություն
- որոշ դեղերի ընդունում՝ էստրոգեններ, հակաբեղմնավորիչ հաբեր, ամիոդարոն, ստերոիդ հորմոններ (մեծ դեղաչափերով)
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Albumin
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ ALB
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: