Լաբ թեստեր

Հիմնային ֆոսֆատազ

ALP

Ընդհանուր նկարագրություն

Հիմնային ֆոսֆատազը ֆերմենտ է, որը մասնակցում է ֆոսֆորական թթվի փոխանակման ռեակցիաներին, pH-ի 8,6-10,1 օպտիմալ արժեքների դեպքում

Հիմնային ֆոսֆատազը (ALP) կատալիզացնում է ֆոսֆորական թթվի բարդ եթերների և օրգանական միացությունների հիդրոլիզը: ALP-ի ամենաբարձր քանակները հայտնաբերվում են ոսկրային հյուսվածքներում (օստեոբլաստներ), հեպատոցիտներում, երիկամային խողովակիկների բջիջներում, աղիների լորձաթաղանթներում և պլացենտայում:

ALP-ն մասնակցում է ոսկրերի աճի հետ կապված գործընթացներում, ուստի երեխաների մոտ այս ֆերմենտի շիճուկային մակարդակն ավելի բարձր է, քան չափահասների մոտ: Արյան շիճուկում ALP-ի ակտիվության ախտաբանական բարձրացումը հիմնականում կապված է ոսկրային (ոսկրային հյուսվածքի ձևավորում) և լյարդային (լեղուղիների խցանում) հիվանդությունների հետ: Անհաս նորածինների, ակտիվ աճի փուլում գտնվող երեխաների, հղիների (վերջին եռամսյակ) մոտ կարող է գրանցվել ALP-ի մակարդակի ֆիզիոլոգիական բարձրացում:

Հետազոտության ցուցումներ

  • ոսկրային հյուսվածքի հիվանդություններ՝ օստեոդիստրոֆիաներ, ոսկրային հյուսվածի առաջնային ուռուցքներ և մետաստազներ
  • լյարդի և լեղուղիների օբստրուկտիվ հիվանդություններ
  • լյարդի առաջնային քաղցկեղ
  • ինֆեկցիոն մոնոնուկլեոզ (հիվանդության առաջին շաբաթը)

Կենսանմուշ

«Հիմնային ֆոսֆատազ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/լ (միավոր/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

μkat/L

Միավորների փոխակերպում

U/L x 0,0167 = μkat/L

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործման միջակայքեր (SI համակարգ)

  • Չափահաս տղամարդիկ՝ (40-130) Մ/լ
  • Չափահաս կանայք՝ (35-105) Մ/լ

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք, սեռ ALP, Մ/լ
1 օր. < 250
2 - 5 օր. < 231
6 օր. - 6 ամս. < 449
7 ամս. - 1 տ. < 462
1-3 տ. < 281
4-6 տ. < 269
7-12 տ. < 300
կանայք, 13-17 տ. < 187
տղամարդիկ, 13-17 տ. <390

Արդյունքների մեկնաբանություն

Հիմնային ֆոսֆատազի մակարդակի (ակտիվության) բարձրացում

  • ոսկրային հյուսվածքի ախտահարումներ (օստեոբլաստների ակտիվության բարձրացմամբ կամ ոսկրային հյուսվածքի քայքայմամբ)՝ Պեջետի հիվանդություն (դեֆորմացնող օստեիտ), օստեոմալյացիա, Գոշեի հիվանդություն՝ ոսկրերի ռեզորբցիայով
  • առաջնային կամ երկրորդային հիպերպարաթիրեոզ
  • ռախիտ
  • կոտրվածքների կպման շրջան
  • օստեոսարկոմաներ և ոսկրային մետաստազներ
  • լյարդի հիվանդություններ (ցիռոզ, լյարդային հյուսվածքի նեկրոզ, առաջնային հեպատոկարցինոմաներ, լյարդի մետաստատիկ քաղցկեղ, ինֆեկցիոն, տոքսիկ, դեղորայքային հեպատիտներ, սարկոիդոզ, տուբերկուլոզ, պարազիտար ախտահարումներ
  • ներ- և արտալյարդային խոլեսթազ (խոլանգիտներ, լեղաքարային հիվանդություններ, լեղուղիների ուռուցքներ)
  • սնուցման խանգարումներ (սննդում կալցիումի և ֆոսֆորի դեֆիցիտ)
  • երեխաների մոտ ցիտոմեգալիա
  • ինֆեկցիոն մոնոնուկլեոզ
  • թոքերի, երիկամների ինֆարկտ
  • ֆիզիոլոգիական (անհաս նորածիններ, արագ աճման փուլում երեխաներ, կանանց մոտ հղիության վերջին եռամսյակ, դաշտանադադարից հետ)
  • հեպատոտոքսիկ դեղերի ընդունում՝ մետոտրեքսատ, քլորպրոմազին, լայն սպեկտրի ազդեցության հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, վիտամին C-ի և մագնեզիումի մեծ դեղաչափեր

Հիմնային ֆոսֆատազի մակարդակի (ակտիվության) նվազեցում

  • ժառանգական հիպոֆոսֆատազեմիա (ռեցեսիվ աուտոսոմալ հիվանդություններ, որոնք բնութագրվում են ոսկրի կալցիֆիկացիայի խանգարմամբ, կալցիումի և ֆոսֆորի մակարդակներն այս ժամանակ շիճուկում նորմալ են, բայց հիմնային ֆոսֆատազի շիճուկային ակտիվությունը խիստ ընկած է)
  • ոսկրային աճի խանգարումներ (ախոնդրոպլազիա, կրետինիզմ, վիտամին C-ի դեֆիցիտ)
  • հիպոթիրեոզ
  • կվաշիորկոր
  • սննդում ցինկի և մագնեզիումի դեֆիցիտ
  • որոշ դեղերի ընդունում՝ էստրոգեններ, օրալ հակաբեղմնավորիչներ, դանազոլ, ազաթիրպրին, կլոֆիբրատ

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Alkaline Phosphatase

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ ALP

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: