Լաբ թեստեր
Ալանինամինոտրանսֆերազ

Ընդհանուր նկարագրություն
Ալանինամինոտրանսֆերազը ներբջջային ֆերմենտ է, որը մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը:
Ալանինամինոտրանսֆերազը կամ ալանինտրանսֆերազը (ԱԼՏ) կատալիզացնում է ալանին ամինախմբի տեղափոխումը ալֆա-կետոգլուտարաթթվի վրա, որի արդյունքում առաջանում են պիրոխաղողաթթու և գլուտամինաթթու: Վերաամինավորումն իրականանում է պիրիդոքսալֆոսֆատ կոֆերմենտի ազդեցությամբ, որը հանդիսանում է վիտամին B6-ի ածանցյալը:
ԱԼՏ-ի ամենամեծ ակտիվությունը հայտնաբերվում է լյարդում ու երիկամներում, իսկ ամենանվազը՝ ենթաստամոքսային գեղձում, սրտամկանում և կմախքային մկաններում: Ֆերմենտը քիչ ավելի ակտիվ է տղամարդկանց մոտ:
ԱԼՏ-ն ներբջջային ֆերմենտ է, և առողջ մարդկանց մոտ արյան շիճուկում դրա ակտիվությունը բարձր չէ: Սակայն, ԱԼՏ-ով հարուստ բջիջների վնասման կամ քայքայման դեպքում (լյարդ, սրտամկան, կմախքային մկաններ, երիկամներ) ֆերմենտը դուրս է գալիս արյան հուն:
Վիրուսային հեպատիտների ժամանակ ԱԼՏ-ի ակտիվության բարձրացման աստիճանը, որպես կանոն, համընկնում է հիվանդության ծանրությանը: Սուր դեպքերում ֆերմենտի ակտիվությունը կարող է գերազանցել նորմալ արժեքները 5-10 և ավելի անգամ: Ըստ որում, ֆերմենտի ակտիվությունը բարձրանում է դեռևս վաղ՝ նախադեղնուկային փուլում: Ի լրումն, ԱԼՏ-ի մակարդակի աճ գրանցվում է նաև հիվանդության ոչ դեղնուկային ձևերի ընթացքում: Դինամիկայում, հիվանդության բարենպաստ ընթացքի ժամանակ ԱԼՏ-ի ակտիվությունը դանդաղորեն նվազում և վերադառնում է նորմալ արժեքներին մի քանի շաբաթվա ընթացքում: Սակայն ԱԼՏ-ի ակտիվության կտրուկ նվազեցումը հիպերբիլիռուբինեմիայի աճող նշանների հետ միասին կարող են վկայել անբարենպաստ ընթացքի մասին:
ԱԼՏ-ի մակարդակի բարձրացում դիտվում է նաև սրտամկանի ինֆարկտի ժամանակ: Միաժամանակ երկու ամինոտրանսֆերազների՝ ԱԼՏ-ի և ԱՍՏ-ի որոշումը կարող է ստանալ կարևոր ախտորոշիչ նշանակություն:
Նորմայում ԱԼՏ/ԱՍՏ փոխհարաբերությունը (դե Ռիտիսի գործակից) կազմում է 1,33±0,42: Վիրուսային հեպատիտների ժամանակ այս գործակիցը նվազում է, իսկ սրտամկանի ինֆարկտի դեպքում՝ կտրուկ աճում:
Հետազոտության ցուցումներ
- լյարդի հիվանդությունների ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
- հեպատիտի ոչ դեղնուկային ձևերի ախտորոշում
- դոնորների հետազոտություն
- վիրուսային հեպատիտի օջախում կոնտակտավորների հետազոտություն
- սրտամկանի ախտահարում
- կմախքային մկանուքի հիվանդություններ
Կենսանմուշ
«Ալանինամինոտրանսֆերազ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Մ/լ (միավոր/լ)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- տղամարդիկ (չափահասներ, առանց PYP ակտիվացման)՝ < 41 Մ/լ
- կանայք (չափահասներ, առանց PYP ակտիվացման)՝ < 33 Մ/լ
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք, սեռ | ԱԼՏ, Մ/լ | |
< 5 օր. | < 49 | |
5 օր.-6 ամս. | < 56 | |
6-12 ամս. | < 54 | |
1-3 տ. | < 33 | |
3-6 տ. | < 29 | |
6-12 տ. | < 39 | |
Կանայք | 12-17 տ. | < 24 |
>17 տ. | <31 | |
Տղամարդիկ | 12-17 տ. | < 27 |
>17 տ. | <37 |
Արդյունքների մեկնաբանություն
ԱԼՏ մակարդակի բարձրացում
- ցանկացած ծագման լյարդային բջիջների նեկրոզ (վիրուսային հեպատիտներ, լյարդի տոքսիկ ախտահարում և այլն)
- շոկ («շոկային լյարդ»)
- սրտային անբավարարություն
- կմախքային մկանների տարածուն վնասվածք և նեկրոզ
- լյարդի ցիռոզ
- խոլեստատիկ և մեխանիկական դեղնուկ
- լյարդի քաղցկեղ (առաջնային և մետաստատիկ)
- սրտամկանի տարածուն ինֆարկտ
- միոկարդիտ, միոկարդիոդիստրոֆիաներ
- միոզիտ
- ճարպային հեպատոզ
- քրոնիկ ալկոհոլիզմ
- արտահայտված պանկրեատիտ
- ծանր այրվածքներ
- կարնիտինի առաջնային դեֆիցիտ
- հեպատոտոքսիկ դեղերով բուժում (հոգեմետ նյութեր, անաբոլիկ ստերոիդներ, հակաբեղմնավորիչներ, սալիցիլատներ, սուլֆանիլամիդներ, հակաբիոտիկներ, իմունոդեպրեսանտներ, հակաուռուցքային դեղեր, քիմիոթերապիայի և ընդհ. անզգայացման դեղեր)
- ծանր այրվածքներ
ԱԼՏ մակարդակի նվազեցում
- լյարդի ծանր ախտահարում՝ տարածուն նեկրոզ, ցիռոզ (երբ ԱԼՏ սինթեզող բջջիջների քանակը կտրուկ նվազում է)
- պիրիդօքսալֆոստատի (վիտամին В6) դեֆիցիտ
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Alanine Aminotransferase
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ ALT
Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: