Լաբ թեստեր
Ալֆա-ամիլազա պանկր.

Ընդհանուր նկարագրություն
Պանկրեատիկ ալֆա-ամիլազան ֆերմենտ է, որը կատալիզացնում է օսլայի, գլիկոգենի և որոշ սախարիդների հիդրոլիզը:
Ալֆա-ամիլազան արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից և 12-մատնյա աղու լուսանցքում խթանում է ալֆա-1,4-գլուկանների (օրինակ՝ օսլա, գլիկոգեն և համանման պոլիսախարիդներ) տրոհումը մինչև մալտոզ և այլ օլիգոսախարիդներ: Ալֆա-ամիլազայի որոշ քանակներ սինթեզվում են նաև թքագեղձերում:
Նորմայում արյան պլազմայում այս ֆերմենտի ակտիվությունը խիստ ցածր է:
Օրգանիզմից հեռանում է գլխավորապես մեզով:
Ենթաստամոքսային գեղձի բորբոքման կամ ծորանների խցանման ժամանակ, երբ արյան հուն մուտք են գործում ալֆա-ամիլազայի-ի մեծ քանակներ, վերջինիս հեռացումը մեզով ուժգնանում է:
Պանկրեատիկ ալֆա-ամիլազը (Pancreatic Alpha-amylase, AMY-P) կարևորվում է պանկրեատիտների և ենթաստամոքսային գեղձի այլ հիվանդությունների ախտորոշման մեջ: Կլինիկական նշանակություն ունի միայն արյան պլազմայի AMY-P-ի մակարդակի բարձրացումը:
Հետազոտության ցուցումներ
- ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
- մուկովիսցիդոզ
- սուր որովայնային ցավեր
Կենսանմուշ
«Ալֆա-ամիլազա պանկր.» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Մ/լ (միավոր/լ)
Այլընտրանքային չափման միավոր
մկկատ/լ (միկրոկատալ/լիտր)
Միավորների փոխակերպում
Մ/լ x 0,0167 = մկկատ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Միջազգային ընդունված միջակայքեր
Չափահասներ՝ (13-53) Մ/լ
Այլընտրանքային միջակայքեր
- Չափահասներ՝ < 50 Մ/լ
- Մինչև 6 ամս. երեխաներ՝ < 8 Մ/լ
- 6-12 ամս. երեխաներ՝ <23 Մ/լ
- 1 տարեկանից բարձր երեխաներ՝ < 50 Մ/լ
Արդյունքների մեկնաբանություն
Պանկրեատիկ ամիլազայի մակարդակի (ակտիվության) բարձրացում
- սուր պանկրեատիտ (նորմայից 10 անգամ և ավելի բարձր, ֆերմենտի ակտիվությունն առավելագույնին հասնում է առաջին 6-12 ժամվա ընթացքում)
- քրոնիկ պանկրեատիտի սրացում
- ենթաստամոքսային գեղձի կիստա
- ենթաստամոքսային գեղձի ծորանի խցանում (ուռուցք, քար, կպումներ)
- էպիդեմիկ պարոտիտ (ենթաստամոքսային գեղձի ախտահարում)
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Pancreatic Alpha-Amylase
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ AMY-P
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 03-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: