Լաբ թեստեր

Հակակորիզային հակամարմիններ

ANA

Միջազգային անվանում (հապավում). Antinuclear Antibodies (ANA)

Նկարագրություն

Հակակորիզային (անտինուկլեար) հակամարմինների թեստը արյան մեջ այս հակամարմինների որոշումն է:

ANA թեստը համարվում է աուտոիմուն ախտահարումների մարկեր: Այն այլ կերպ անվանում են հակակորիզային գործոն:

Համակարգային կարմիր գայլախտի (ՀԿԳ) և այլ համակարգային ռևմատիկ հիվանդությունների ժամանակ իմունային արձագանքն ուղղված է նուկլեոպրոտինային հակածինների` նուկլեինաթթուների և սպիտակուցների կոմպլեքսի դեմ: Այսպիսի էնդոգեն նուկլեոպրոտեինային աուտոհակածիններ կարող են առաջանալ էպիթելիալ բջիջների ապոպտոզի արդյունքում (գենետիկորեն նախածրագրավորված ռեակցիաներ, որոնք բերում են վնասված կամ դեֆեկտային բջիջների հեռացմանը), որոնք նմանվում են օտարածին վիրուսային մասնիկներին: Ուլտրամանուշակագույն ճառագայթների, վիրուսային վարակների կամ որոշ դեղերի ազդեցությամբ ապոպտոզի գործընթացները կարող են արագանալ՝ միաժամանակ առաջացնելով նույն գործընթացի արգասիքների հեռացման խանգարում կամ դանդաղեցում: Այսպիսի պայմաններում, օրինակ՝ ՀԿԳ-ի ժամանակ, գործարկվում է աուտոիմուն պատասխան: Նուկլեոպրոտեինային հակածինները կոնդենսացվում են ապոպտոտիկ մարմնիկներում՝ վերջիններս դարձնելով աուտոհակամարմինների թիրախ:

Ներկայում նկարագրված են նուկլեոպրոտեինների և ՌՆԹ-ի նկատմամբ հակամարմինների մոտ 200 տարատեսակներ: Թեև աուտոիմուն հիվանդությունների ժամանակ կորիզային հակածինների նկատմամբ հակամարմինները մարդու բջիջների վրա ուղղակի ցիտոտոքսիկ ազդեցություն չունեն, այնուամենայնիվ, իմունային կոմպլեքսները կարող են մեկնարկել իմունաբանական բորբոքում, հատկապես այն շրջաններում, որտեղ անոթներն առանձնահատուկ նուրբ ու բարակ են, այդ թվում՝ երիկամներում, մաշկի մեջ, կենտրոնական նյարդային համակարգում, հոդերի սինովիալ թաղանթում և պլևրայում:

ANA թեստը հակակորիզային հակամարմինների հայտնաբերման հիմնական մեթոդն է, որը թույլ է տալիս գտնել հակամարմիններ նուկլեինաթթուների (երկպարույր ԴՆԹ, միապարույր ԴՆԹ), ռիբոնուկլեոպրոտեինների, ինչպես նաև կոնֆորմացիոն և չլուծվող հակածինների նկատմամբ:

Դրական ANA ստացվում է ՀԿԳ-ի, համակարգային ռևմատիկ հիվանդությունների և բազմաթիվ աուտոիմուն խանգարումների ժամանակ, ուստի այս թեստը համարվում է աուտոիմուն ախտահարուներով հիվանդների հետազոտության ունիվերսալ թեստ: Այսպես, դրական ANA ստացվում է շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ ունեցող անձանց ավելի քան 90%-ի մոտ, ինչպիսիք են ՀԿԳ-ը և դրա մաշկային դրսևորումները և սկլերոդերմիան՝ իր տարատեսակներով, շարակցական հյուսվածքի խառը հիվանդությունները, Շյոգրենի համախտանիշը և այլն: Դրական ANA թեստը մեծ նշանակություն ունի պատանեկան (յուվենիլ) ռևմատոիդ արթրիտի և լյարդի աուտոիմուն ախտահարման ժամանակ: Այս ընտանիքին պատկանող աուտոհակամարմինները կարող են հայտնաբերվել բազմաթիվ այլ աուտոիմուն (թիրեոիդիտ, դիաբետ), վարակային (վիրուսային հեպատիտ), բորբոքային և ուռուցքային հիվանդությունների ժամանակ:

Կլինիկորեն առողջ մարդկանց մոտ ANA-ի հայտնաբերումը հասնում է 1-3%-ի, և այս ցուցանիշը որոշ չափով աճում է 65-ն անց մարդկանց շրջանում: ANA-ի բարձր տիտրով անձանց մոտ առկա է աուտոիմուն հիվանդությունների զարգացման բարձրացած ռիսկ:

Ցուցումներ

ANA թեստը ցուցված է հետևյալ վիճակների ախտորոշման և (կամ) տարբերակիչ ախտորոշման դեպքերում՝

  • համակարգային կարմիր գայլախտ (ՀԿԳ)
  • ենթասուր մաշկային ՀԿԳ և մաշկային գայլախտի այլ տարատեսակներ
  • շարակցական հյուսվածքի խառը հիվանդություններ
  • Շյոգրենի համախտանիշ և փոխկապված հիվանդություններ
  • տարածուն և տեղային սկլերոդերմիա, CREST համախտանիշ
  • բորբոքային միոպաթիաներ (պոլիմիոզիտ և դերմատոմիոզիտ)
  • պատնեկան (յուվենիլ) քրոնիկ արթրիտ
  • աուտոիմուն հեպատիտ
  • առաջնային բիլիար ցիռոզ և սկլերոզացնող խոլանգիտ
  • պոլինեյրոպաթիաներ և միելիտ:

Կենսանմուշ

ANA թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Պարտադիր պահանջներ չկան, սակայն ցանկալի է հետազոտվել սննդի վերջին ընդունումից առնվազն 4 ժամ հետո:

Չափման միավորներ

Որպես որակական թեստ, չափման միավոր չունի կամ տիտր:

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Տիտրը ներկայացնելու դեպքում՝ < 1:160

Արդյունքների մեկնաբանություն

ANA տիտրի բարձրացում

Բարձր տիտրի հայտնաբերում (1/640 և ավելի բարձր)

  • Վկայում է համակարգային ռևմատիկ հիվանդությունների կամ լյարդի աուտոիմուն ախտահարման բարձր ռիսկի մասին:
  • Բարձր տիտրի բացակայությունը զգալիորեն կրճատում է համակարգային աուտոիմուն հիվանդությունների ռիսկը:

Ցածր տիտրի հայտնաբերում (մինչև 1/160)

  • Կարող է հայտնաբերվել առողջ մարդկանց 1-2%-ի և համակարգային հիվանդությամբ անձանց հարազատների մոտ:
  • Կարող է հայտնաբերվել բազմաթիվ աուտոիմուն, վարակային և ուռուցքային հիվանդությունների ժամանակ:
  • Դինամիկայի մեջ ANA-ի տիտրի բարձրացումը վկայում է համակարգային հիվանդության սրացման մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-02-2021 վերանայվել է՝ 01-06-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: