Ընդհանուր նկարագրություն
Ցիկլիկ ցիտրուլինացված պեպտիդի նկատմամբ հակամարմինը հանդիսանում է ռևմատոիդ արթրիտի մարկերը:
Ցիկլիկ ցիտրուլինացված պեպտիդի նկատմամբ հակամարմինները (հակա-ՑՑՊ) պատկանում են հակացիտրուլինային հակամարմիններին: Ռևմատոիդ արթրիտին բնորոշ ցիտրուլին պարունակող աուտոհակածինների նկարագրությունը կարելի է համարել վերջին տարիների ռևմատոլոգիայի շճաբանական ախտորոշման ամենակարևոր բացահայտումներից մեկը:
Ցիտրուլինը չի համարվում ստանդարտ ամինաթթու, որը մտնում է սպիտակուցների կազմության մեջ, այլ առաջանում է արգինինի հետագա ձևափոխման արդյունքում: Ցիտրուլինացումը դիտարկվում է բնական ֆիզիոլոգիական և ախտաբանական գործընթացներում և իր դերն ունի բջջային տարբերակման և ապոպտոզի գործընթացներում: Ցիտրուլինացված հակածինները հայտնաբերվել են հյուսվածքային նմուշների իմունոֆլյուրոսցենցիայի մեթդով, ռևմատոիդ արթրիտի համար սպեցիֆիկ մարկեր համարվող հակակերատինային հակամարմինների թիրախների փնտրման հետազոտություններում: Ցույց է տրվել, որ հակակերատինային հակամարմինները ճանաչում են միայն ֆիլարգրին սպիտակուցի ցիտրուլինային ձևերը: Ռևմատոիդ արթրիտի զարգացման մեխանիզմների ուսումնասիրությամբ, երբ հետազոտվել են ցիտրուլինային պեպտիդների նկատմամբ հակամարմինների առաջացման հնարավոր ինդուկտորները, այդ համատեքստում քննարկվել է նաև ցիտրուլինացված ֆիբրինի հարցը, որի մեծ քանակները հայտնաբերվում են բորբոքային սինովիալ թաղանթում: Սինովիալ հյուսվածքների ցիտրուլինացված հակածիններին է պատկանում նաև ցիտրուլինացված վիմենտինը:
Ցիտրուլինացված հակածինների նկատմամբ հակամարմինների որոշման մեթոդները մշակելիս ցույց է տրվել, որ ցիտրուլինային պեպտիդների սինթետիկ ցիկլիկ ձևերի օգտագործումը թույլ է տալիս ապահովել թեսթի ամենամեծ զգայունությունը՝ համեմատած գծային պեպտիդների հետ: Ներկայում ցիկլիկ ցիտրուլինային պեպտիդի նկատմամբ հակամարմինները ճանաչվել են որպես ռևմատոիդ արթրիտի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն ապահովող շճաբանական մարկեր:
Ռևմատոիդ արթրիտը տարածված (0,5-1%) համակարգային աուտոիմուն հիվանդություն է, որը բերում է հոդերի հարաճուն ախտահարման և ձևափոխման: Այն կարող է ունենալ նաև արտահոդային դրսևորումներ: Վաղ ախտորոշումը և համապատասխան բուժումը հիվանդության ելքի համար ունեն վճռորոշ նշանակություն:
Համեմատած այնպիսի մարկերի հետ, ինչպիսին է IgM-RF-ը (ռևմատոիդ գործոն), հակա-ՑՑՊ-ն դրսևորում է շատ ավելի բարձր սպեցիֆիկություն, ունի ավելի լավ կանխատեսող դրական արժեք և համարվում է ավելի ճշգրիտ ախտորոշիչ թեսթ: Հակա-ՑՑՊ-ն կարող է հայտնաբերվել ՌԳ-ով շճաբացասական ռևմատոիդ արթրիտի 30% դեպքերում:
Հակա-ՑՑՊ-ի նշանակումը որպես բորբոքային գործընթացի ակտիվությունը գնահատող ցուցանիշ խորհուրդ չի տրվում:
Հետազոտության ցուցումներ
- ռևմատոիդ արթրիտի վաղ ախտորոշում (նպատակահարմար է կատարել ռևմատորիդ գործոնի հետ զուգակցված)
- ռևմատոիդ արթրիտի շճաբացասական (ըստ ռևմատոիդ գործոնի) տեսակների ախտորոշում
- ոչ վաղ անցյալում զարգացած ռևմատոիդ արթրիտի պրոգնոզ
Կենսանմուշ
«Ցիկլիկ ցիտրուլինացված պեպտիդի նկատմամբ հակամարմիններ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Ցանկալի է սննդի վերջին ընդունումը՝ արյունը հանձնելուց առնվազն 4 ժամ առաջ: Պարտադիր պայմաններ չկան:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Մ/մլ (միովոր/միլիլիտր)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
մինչև 5 Մ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
Հակա-ՑՑՊ-ի մակարդակի բարձրացում
- ռևմատոիդ արթրիտ (կլինիկական զգայունությունը՝ 70,6%, ընդհանուր սպեցիֆիկությունը՝ 98,2%)
- որոշ դեպքերում՝ շարակցական հյուսվածքի այլ հիվանդություններ, հատկապես՝ համակարգային կարմիր գայլախտ
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Cyclic Citrullinated Peptide Antibodies
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ anti-CCP
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին