Միջազգային անվանում (հապավում). SARS-CoV-2 antibodies, IgM/IgG (Anti-SARS-CoV-2, IgM/IgG)
Նկարագրություն
Այս հետազոտությունը թույլ է տալիս արյան շիճուկում հայտնաբերել COVID-19 վարակի հարուցիչի՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի նկատմամբ IgM և IgG դասի հատուկ իմունոգլոբուլիններ (հակամարմիններ):
COVID-19 վարակիչ հիվանդությունն առաջանում է SARS-CoV-2 տեսակի կորոնավիրուսով վարակվելիս և ավելի հաճախ ընթանում է մրսածության (ՍՇՎՎ) նշաններով, ինչպիսիք են բարձր ջերմությունը, հազը, մարմնի կոտրտվածությունը: Հնարավոր են նաև հոտառության կորուստ, սրտխառնոց և հևոց, սակայն վարակված մարդկանց մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ:
Ի՞նչ են M և G դասի հակամարմինները
Երբ վիրուսը հայտնվում է օրգանիզմում, իմունային համակարգը սկսում է արտադրել այդ տեսակի վիրուսի նկատմամբ հատուկ հակամարմիններ, որոնք կոչվում են նաև իմունոգլոբուլիններ (Ig): Դրանք հանդիսանում են վարակից պաշտպանության կարևոր գործոններ: Հիվանդության կլինիկական դրսևորման հետ միասին մարդու արյան մեջ տարբեր դասի հակամարմինների հայտնաբերման թեստը թույլ է տալիս տեղեկություն ստանալ ընթացիկ կամ անցյալում տարած վարակային ախտահարման մասին, ինչն իր հերթին օգնում է գնահատել հիվանդության զարգացման փուլը: Ավելի հաճախ հետազոտում են արյան մեջ М (IgM) և G (IgG) դասի հակամարմինները:
М դասի հակամարմիններն (IgM) այլ կերպ կոչվում են «վաղ» հակամարմիններ, քանի որ իմունային համակարգը սկսում է այս իմունոգլոբուլիններն արտադրել որպես SARS-CoV-2 վարակի հետ շփման պատասխան ռեակցիա: Դրանց մակարդակը սովորաբար դառնում է արյան մեջ հայտնաբերելի վիրուսի ազդեցությունից ոչ շուտ, քան 1-2 շաբաթ անց (ախտանիշային ընթացքի դեպքում՝ կլինիկական նշանների ի հայտ գալուց ոչ շուտ, քան 5 օր անց): Ընդհանուր առմամբ, М դասի հակամարմինները (IgM) արյան մեջ հայտնաբերվում են մինչև 2-3 ամսվա ընթացքում։ Սա այն շրջանն է, երբ IgM հակամարմիններն աստիճանաբար և ամբողջապես փոխարինվում են IgG-ով: Այսպիսով, IgM-ի հայտնաբերումը կարող է վկայել ոչ վաղ անցյալում SARS CoV-2-ով վարակված լինելու մասին: Այնուամենայնիվ, միայն այս ցուցանիշն առանձին վերցրած չի կարող ախտորոշիչ եզրահանգման հիմք հանդիսանալ, քանի որ հակամարմինների մակարդակը և ժամանակի ընթացքում տեղաշարժը կարող են անհատապես փոփոխվել:
G դասի հակամարմիններն (IgG) արյան մեջ սկում են հայտնաբերվել վիրուսի ազդեցությունից 3-4 շաբաթից հետո կամ ախտանիշների ի հայտ գալուց 2-3 շաբաթ անց, թեև երբեմն կարող են ի հայտ գալ IgM-ի հետ միաժամանակ: Ընդհանուր առմամբ, G դասի հակամարմինները (IgG) արյան մեջ մնում են հայտնաբերելի մակարդակի վրա ավելի քան 10 շաբաթվա ընթացքում: Արյան մեջ IgG-ի առկայության և մակարդակի վրա հիմնվելով կարելի է դատել նախկինում վարակված լինելու և, հնարավոր է նաև, հատուկ իմունային պատասխանի մասին, երբ օրգանիզմը կարողանում է ճանաչել վիրուսի կրկնակի կոնտակտը։
M և G դասի հակամարմինների թեստի օգտակարությունը
SARS-CoV-2 կորոնավիրուսի նկատմամբ IgM և IgG հակամարմինների միաժամանակյա որոշումը թույլ է տալիս ախտորոշել ոչ վաղ անցյալում տարած կորոնավիրուսային վարակը, այդ թվում՝ հիվանդության անախտանիշ ընթացքի դեպքում, ինչպես նաև անցկացնել COVID-19 վարակին նմանվող այլ հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում:
Որպես համաճարակաբանական հետազոտություն, հակամարմինների թեստը նաև օգտագործվում է նաև պանդեմիայի տարածման չափը գնահատելիս և համապատասխան սահմանափակումների շրջանակը որոշելիս:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- COVID-19-ի ախտորոշման ճշգրտում՝ ի լրումն ՊՇՌ թեստի (բացասական արդյունքի դեպքում):
- Տարած COVID-19-ից հետո հետազոտվողի ենթադրյալ իմունային վիճակի գնահատում:
- COVID-19 պանդեմիայի համաճարակաբանական գնահատում:
Կենսանմուշ
Anti-SARS-CoV-2, IgM/IgG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հատուկ նախապատրաստում չի պահանջում: Խորհուրդ է տրվում արյան նմուշառումը կատարել սննդի վերջին ընդունումից առնվազն 4 ժամ հետո:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
բացակայում է
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
բացակայում է
Արդյունքների մեկնաբանություն
Շատ կարևոր է, որ հետազոտության արդյունքները մեկնաբանվեն միայն բժշկի կողմից, այլ ոչ թե դառնան ինքնախտորոշման հիմք: Պետք է նաև նկատի ունենալ, որ COVID-19 վարակով պայմանավորված օրգանիզմի իմունային պատասխանը մինչև վերջ ուսումնասիրված չէ և կան բաց մնացած բազմաթիվ հարցեր:
Արդյունք. IgM-դրական և IgG-բացասական
Կարող է վկայել COVID-19 վարակի ենթասուր փուլի մասին, սակայն չի կարող հիմք հանդիսանալ վարակի հնարավոր աղբյուր հանդիսանալու մասին:
Նման դեպքերում խորհուրդ է տրվում՝
- անցնել լրացուցիչ հետազոտություններ, այդ թվում՝ SARS-CoV-2-ի ՌՆԹ-ի հայտնաբերման թեստ ՊՇՌ մեթոդով
- առնվազն 2 շաբաթվա ընթացքում պահպանել ինքնամեկուսացման ռեժիմ:
Եթե հիվանդության նշանների առկայության պայմաններում ՊՇՌ մեթոդով ստացվում է բացասական պատասխան, ապա, ամենայն հավանականությամբ, գործ ունենք COVID-19 վարակի ուշ ենթասուր շրջանի հետ: Այս իրավիճակում խորհուրդ է տրվում 2-4 շաբաթ անց կրկնել IgG հակամարմնի հայտնաբերման թեստը:
Եթե հիվանդության նշանների առկայության պայմաններում ՊՇՌ մեթոդով ստացվում է դրական պատասխան, ամենայն հավանականությամբ, գործ ունենք COVID-19 վարակի ենթասուր շրջանի հետ, երբ հնարավոր է վերին շնչուղիներից վիրուսի արտազատումը և շրջապատի մարդկանց վարակումը: Այս իրավիճակում խորհուրդ է տրվում դիմել բժշկին և առնվազն 2 շաբաթվա ընթացքում պահպանել ինքնամեկուսացման ռեժիմ:
Արդյունք. IgM-բացասական և IgG-դրական
IgG-ի նկատմամբ դրական թեստը վկայում է անցյալում առանձնահատուկ իմունային պատասխան առաջացրած SARS-CoV-2 վիրուսի հետ կոնտակտի առկայության մասին: Ենթադրվում է, որ կրկնակի վարակման հավանականությունը զգալիորեն ցածր է, քան բացասական պատասխանով պացիենտների մոտ, սակայն SARS-CoV-2 վիրուսի նկատմամբ կայուն իմունիտետի զարգացման վերաբերյալ վերջնական տվյալներ չկան:
Վիրուսի արտազատման և շրջապատի համար վարակի հնարավոր աղբյուր հանդիսանալու հավանականությունը նվազագույն է:
Սովորաբար COVID-19-ի վերաբերյալ այլ հետազոտությունների անհրաժեշտությունը բացակայում է: Խորհուրդ է տրվում շարունակել սոցիալական հեռավորության պահպանումը և անհատական պաշտպանական միջոցներ օգտագործելը, որը թույլ կտա առավելագույնս նվազեցնել կրկնակի վարակման հավանականությունը:
Արդյունք. IgM-դրական և IgG-դրական
Այսպիսի զուգակցումը կարող է վկայել անցյալում առանձնահատուկ իմունային պատասխան առաջացրած SARS-CoV-2 վիրուսով վարակված լինելու փաստի մասին: Նման դեպքերում կրկնակի վարակման հավանականությունը զգալիորեն ցածր է, քան բացասական պատասխանով պացիենտների մոտ:
Վիրուսի արտազատման և շրջապատի համար վարակի հնարավոր աղբյուր հանդիսանալու հավանականությունը նվազագույն է:
Սովորաբար COVID-19-ի վերաբերյալ այլ հետազոտությունների անհրաժեշտությունը բացակայում է:
Արդյունք. IgM-բացասական և IgG-բացասական
SARS-CoV-2 վիրուսի հետ օրգանիզմի կոնտակտի և դրա արդյունքում առանձնահատուկ հակամարմինների առաջացմամբ իմունային պատասխանի առկայության մասին վկայող տվյալներ չկան:
Խորհուրդ է տրվում 2-4 շաբաթ անց կրկնել IgM և IgG հակամարմինների հայտնաբերման թեստը:
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-12-2020
Վերջին վերանայում՝ 07-11-2023