Ընդհանուր նկարագրություն
Թիրեոգլոբուլինի նկատմամբ հակամարմինները վահանաձև գեղձի հորմոններին նախորդող սպիտակուցի՝ թիրեոգլոբուլինի նկատմամբ հակամարմիններ են:
Թիրեոգլոբուլինը յոդացված սպիտակուց է, որից սինթեզվում են վահանաձև գեղձի երկու հիմնական հորմոնները՝ թիրոքսինը (T4) և եռյոդթիրոնինը (T3): Այս հորմոնների սինթեզի ընթացքում թիրեոգլոբուլինը լքում է վահանագեղձի հիմնական բջիջները և կոլոիդի տեսքով պահեստավորում է ֆոլիկուլներում:
Թիրեոգլոբուլինի նկատմամբ հակամարմինները (Anti-TG կամ Ab-TG) հանդիսանում են վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունների հայտնաբերման կարևոր չափորոշիչ՝ Հաշիմոտոյի հիվանդություն, ատրոֆիկ աուտոիմուն թիրեոիդիտ, դիֆուզ տոքսիկ խպիպ (Գրեյվսի հիվանդություն): Թիրեոգլոբուլինի և թիրեոիդ-պերօքսիդազայի (Anti-ТPO) նկատմամբ հակամարմինների որոշման թեստերի զուգակցումը թույլ է տալիս ախտորոշել Հաշիմոտոյի հիվանդության դեպքերի մեծ մասը և որոշել առաջնային իդիոպաթիկ հիպոթիրեոիզի բնույթը:
Հաշիմոտոյի թիրեոիդիտով հիվանդների բուժման ընթացքում Anti-TG-ի տիտրը, որպես կանոն, նվազում է, սակայն հանդիպում են հիվանդներ, ում մոտ դրանք մնում են կայուն կամ ալիքաձև հայտնաբերվում են 2-3 տարվա միջակայքում: Արյան Anti-TG-ի տիտրը ավելի շատ կոռելացվում է թիրեոտրոպ հորմոնի (TSH), քան թե թիրեոգլոբուլինի մակարդակի հետ: Արյան Anti-TG-ի միջոցով վահանագեղձի աուտոիմուն հիվանդությունների հայտնաբերումը կարևորություն է ստանում հատկապես յոդ-դեֆիցիտային տարածաշրջաններում:
Anti-TG-ի, ինչպես և Anti-ТPO-ի հետազոտությունը թույլ է տալիս կախատեսել վահանագեղձի ֆունկցիայի խանգարումներն էնդոկրին այլ աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև ժառանգական օրգան-սպեցիֆիկ աուտոիմուն հիվանդություններով ընտանիքների անդամների մոտ:
Anti-TG-ի բարձր տիրտրով մայրերից ծնված երեխաների կյանքի ընթացքում կարող են զարգանալ աուտոիմուն թիրեոիդ հիվանդությունները, ուստի և նման երեխաներին պետք է դասել բարձրռիսկային խմբում:
Հետազոտության ցուցումներ
Նորածիններ
- մոր մոտ Anti-TG-ի բարձր մակարդակ
Չափահասներ
- քրոնիկ թիրեոիդիտ (Հաշիմոտո)
- հիպոթիրեոզի տարբերակիչ ախտորոշում
- դիֆուզ տոքսիկ խպիպ (Գրեյվսի հիվանդություն)
- խպիպ
- հիպերթիրեոզի տարբերակիչ ախտորոշում
- Սրունքների պինդ այտուց (պերիթիբիալ միքսեդեմա)
Կենսանմուշ
«ԹԳ հակամարմիններ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չի թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
ՄՄ/մլ (Միջազգային միավոր/մլ)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ` մինչև 115 ՄՄ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
Հակաթիրեոգլոբուլինային հակամարմինների մակարդակի բարձրացում
- քրոնիկ թիրեոիդիտ (Հաշիմոտո)
- իդիոպաթիկ հիպոթիրեոզ
- աուտոիմուն թիրեոիդիտ
- դիֆուզ տոքսիկ խպիպ (Գրեյվսի հիվանդություն)
- Դաունի համախտանիշ (թույլ դրական պատասխան)
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Anti-Тhyroglobulin Аntibodies
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Anti-TG
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին