Միջազգային անվանում (հապավում). Anti-Тhyroid Peroxidase Аntibodies (Anti-TPO)
Նկարագրություն
Թիրեոիդ պերօքսիդազի նկատմամբ հակամարմինները (Anti-TPO) հանդիսանում են վահանաձև գեղձի բջիջների թիրեոիդ պերօքսիդազ ֆերմենտի նկատմամբ հակամարմիններ:
Այս հակամարմինները հանդիսանում են սեփական օրգանիզմի նկատմամբ իմունային համակարգի ագրեսիայի ցուցանիշ: Թիրեոիդ պերօքսիդազն (TPO) ապահովում է յոդի ակտիվ տարատեսակի առաջացումը, որն այնուհետև կարողանում է մասնակցել թիրեոգլոբուլինի (TG) յոդացման գործընթացներին:
Anti-TPO-ն արգելակում է TPO ֆերմենտը, որի արդյունքում նվազում է վահանաձև գեղձի հորմոնների` թիրոքսինի (T4) և տրիյոդթիրոնինի (T3) սեկրեցիան: Սակայն, Anti-TPO-ի բարձր մակարդակը կարող է վկայել միայն աուտոիմուն գործընթացների ակտիվության մասին:
Anti-TPO-ն վահանաձև գեղձի աուտոիմուն ախտահարումը հայտնաբերող ամենազգայուն թեստն է: Սովորաբար այս հակամարմինների ի հայտ գալը հանդիսանում է առաջին շեղումը, որը զարգանում է Հաշիմոտոյի թիրեոիդիտի արդյունքում զարգացող թերակտիվ վահանաձև գեղձի (հիպոթիրեոիզ) վաղ փուլերում: Բավարար զգայուն լաբորատոր մեթոդների շնորհիվ Anti-TPO-ն հայտնաբերվում է Հաշիմոտոյի թիրեոիդիտով մարդկանց 95%-ի և Գրեյվսի հիվանդությամբ մարդկանց 85%-ի մոտ: Հղիության ընթացքում Anti-TPO-ի ի հայտ գալը վկայում է մոր մոտ հետծննդյան թիրեոիդիտի զարգացման և երեխայի զարգացման վրա ազդեցության ռիսկի մասին:
Նորմալ արդյունքները զգալիորեն կախված են լաբորատոր թեստի մեթոդից: Anti-TPO-ի թեթև բարձրացած ցուցանիշները երբեմն կարող են գրանցվել գործնականում առողջ մարդկանց շրջանում: Մինչ օրս դեռ անորոշ է մնացել այն, թե արդյոք նման իրավիճակը կարելի է համարել ֆիզիոլոգիական նորմա, թե աուտոիմուն թիրեոիդիտի նախանշան: Չի բացառվում նաև Anti-TPO-ի՝ որպես ախտորոշիչ թեստի ոչ բավարար սպեցիֆիկության խնդրի առկայությունը:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
Նորածիններ
- գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
- մոր մոտ Anti-TPO-ի բարձր մակարդակ կամ Գրեյվսի հիվանդություն
Չափահասներ
- թիրեոտոքսիկոզի տարբերակիչ ախտորոշում
- թերակտիվ վահանաձև գեղձի (հիպոթիրեոզ) տարբերակիչ ախտորոշում
- վահանաձև գեղձի մեծացում (խպիպ)
- Գրեյվսի հիվանդություն (դիֆուզ տոքսիկ խպիպ)
- քրոնիկ թիրեոիդիտ (Հաշիմոտո)
- օֆթալմոպաթիաներ՝ հարակնագնդային հյուսվածների մեծացում (Գրեյվսի էութիրեոիդ հիվանդության կասկած)
- սրունքների պինդ այտուց (պերիթիբիալ միքսեդեմա)
Կենսանմուշ
Anti-TPO թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չեն թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
ՄՄ/մլ (միջազգային միավոր/միլիլիտր, IU/ml)
Այլընտրանքային չափման միավոր
Մ/մլ (միավոր/միլիլիտր, U/ml)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
< 34 ՄՄ/մլ
Այլընտրանքային միջակայքեր (չափահասներ)
< 5,6 Մ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
Anti-TPO-ի մակարդակի բարձրացում
- Գրեյվսի հիվանդություն (դիֆուզ տոքսիկ խպիպ)
- հանգուցավոր տոքսիկ խպիպ
- ենթասուր թիրեոիդիտ (դե Կրեվենի)
- վահանաձև գեղձի հետծննդյան դիսֆունկցիա
- քրոնիկ թիրեոիդիտ (Հաշիմոտո)
- իդիոպաթիկ հիպոթիրեոզ
- աուտոիմուն թիրեոիդիտ
- ոչ թիրեոիդային աուտոիմուն հիվանդություններ
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 24-03-2024