Լաբ թեստեր
ԱՍՏ

Ընդհանուր նկարագրություն
Ասպարտատամինոտրանսֆերազը ներբջջային ֆերմենտ է, որը մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը:
Ասպարտատամինոտրանսֆերազը (ԱՍՏ) կատալիզացնում է ալանին ամինախմբի տեղափոխումը ալֆա-կետոգլուտարաթթվի վրա, որի արդյունքում առաջանում են պիրոխաղողաթթուն և գլուտամինաթթուն: Վերաամինավորումն իրականանում է պիրիդոքսալֆոսֆատ կոֆերմենտի ազդեցությամբ, որը հանդիսանում է վիտամին B6-ի ածանցյալը:
ԱՍՏ-ն հանդիպում է սրտամկանում, լյարդում, կմախքային մկաններում, նյարդային հյուցվածքում և երիկամներում, ավելի քիչ՝ ենթաստամոքսային գեղձում, փայծաղում և թոքերում: Սրտամկանում ԱՍՏ-ի ակտիվությունը 10000 անգամ ավելի բարձր է, քան արյան շիճուկում: Էրիթրոցիտներում ԱՍՏ-ի ակտիվությունը 10 անգամ ավելի բարձր է, քան շիճուկում: Ֆերմենտը քիչ ավելի ակտիվ է տղամարդկանց մոտ:
Սրտամկանի ինֆարկտի ժամանակ ԱՍՏ-ի ակտիվությունը կարող է նորմայից բարձրանալ 2-20 անգամ բարձր ցուցանիշների վրա, ըստ որում, ԱՍՏ-ի մակարդակի նման աճը կարող է հայտնաբերվել մինչև ինֆարկտին բնորոշ նշանների և ԷՍԳ փոփոխությունների ի հայտ գալը: Հայտնաբերվել է որոշակի կախվածություն սրտամկանի նեկրոզի չափի և արյան շիճուկի ԱՍՏ-ի մակարդակի բարձանալու աստիճանի միջև:
Կարևոր է նաև ԱՍՏ-ի ակտիվության պրոգնոստիկ նշանակությունը. եթե հիվանդություն 3-րդ օրն այս ֆերմենտի ակտիվությունը չի նվազում, ապա սա կանխատեսում է վատ ելք: ԱՍՏ ակտիվության աճը կարող է վկայել ինչպես սրտամկանի ինֆարկտի օջախի ընդլայնման, այնպես էլ պրոցեսի մեջ այլ օրգանների ընդգրկման մասին (օրինակ՝ լյարդ): Սրտամկանի ինֆարկտի ժամանակ ԱԼՏ-ի ակտիվությունն աննշան է բարձրանում, ուստի և դե Ռիտիսի գործակիցը (ԱՍՏ/ ԱԼՏ հարաբերությունը) կտրուկ աճում է:
Հետազոտության ցուցումներ
- սրտամկանի ինֆարկտ
- սրտամկանի ախտահարում
- կմախքային մկանուքի հիվանդություններ
- լյարդի հիվանդությունների ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
Կենսանմուշ
«ԱՍՏ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Մ/լ (միավոր/լ)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործման միջակայքեր (SI համակարգ)
- տղամարդիկ (չափահասներ, առանց PYP ակտիվացման)՝ < 40 Մ/լ
- կանայք (չափահասներ, առանց PYP ակտիվացման)՝ < 32 Մ/լ
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք, սեռ | AST, Մ/լ | |
< 5 օր. | < 97 | |
5 օր. - 6 ամս. | < 77 | |
6 - 12 ամս. | < 82 | |
1 - 3 տ. | < 48 | |
3 - 6 տ. | < 36 | |
6 - 12 տ. | < 47 | |
Կանայք | 12 - 17 տ. | < 25 |
> 17 տ. | < 31 | |
Տղամարդիկ | 12 - 17 տ. | < 29 |
> 17 տ. | < 37 |
Արդյունքների մեկնաբանություն
ԱՍՏ մակարդակի (ակտիվության) բարձրացում
- սրտամկանի ինֆարկտ
- սուր ռևմոկարդիտ
- թոքային զարկերակների թրոմբոզ
- սրտի վիրաբուժական միջամտություններ, անգիոկարդիոգրաֆիա
- տարբեր ծագման հեպատիտներ (վիրուսային, տոքսիկ, ալկոհոլային)
- ստենոկարդիայի ծանր նոպա
- խոլեսթազ
- կմախքային մկանուքի վնասվածքներ
- միոպաթիաներ
- սուր պանկրեատիտ
- լյարդի քաղցկեղ (առաջնային և մետաստատիկ)
ԱՍՏ մակարդակի (ակտիվության) նվազեցում
- լյարդի ծանր նեկրոտիկ ախտահարում, լյարդի պատռվածք (պրոգնոստիկ անբարենպաստ նշանակություն ունի ԱՍՏ և ԱԼՏ ակտիվության կտրուկ նվազեցումը կայուն կամ հարաճուն հիպերբիլիռուբինեմիայի ֆոնի վրա)
- պիրիդօքսալֆոստատի (վիտամին В6) դեֆիցիտ
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Aspartate Аminotransferase
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ AST
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: