Skip to main content

Բետա-ԽԳ ազատ - Հորմոններ

Միջազգային անվանում (հապավում). Free beta Human Chorionic Gonadotrophin (Free β-HCG)

Նկարագրություն

Մարդու խորիոնային գոնադոտրոպինի ազատ բետա ենթամիավորը օնկոլոգիայում և մանկաբարձության մեջ կիրառվող հետազոտություն է։

Մարդու խորիոնային գոնադոտրոպինի ազատ բետա ենթամիավորն ուռուցքաբանության ոլորտում տրոֆոբլաստիկ և տեստիկուլյար նորագոյացությունների մարկերն է, իսկ պրենատալ ախտորոշման մեջ՝ բիոքիմիական մարկեր, որն օգտագործվում է հղիության 1-ին և 2-րդ տրիմեստրում տրիսոմիա 21-ի (Դաունի համախտանիշ) և տրիսոմիա 18-ի (Էդվարդսի համախտանիշ) ռիսկը գնահատելիս:

Մարդու խորիոնային գոնադոտրոպինի բետա ենթամիավորը խորիոնային գոնադոտրոպինի (HCG) դիմերային մոլեկուլի երկու ենթամիավորներից մեկն է, որոնք միմյանց հետ կապված են ոչ կովալենտ կապով: α և β ենթամիավորների սինթեզն ընթանում է միմյանցից անկախ, իսկ արյան հուն մուտք են գործում ինչպես հորմոնի դիմերային (ինտակտ) մոլեկուլները, այնպես էլ ազատ (չկապված) ենթամիավորները:

Կենսաբանական ակտիվությամբ օժտված են միայն HCG-ի ինտակտ մոլեկուլները: HCG-ի α ենթամիավորը հոմոլոգիական հիպոֆիզային հորմոնների նույն α ենթամիավորն է (լյուտեինացնող հորմոն, ֆոլիկուլխթանիչ հորմոն և թիրեոտրոպ հորմոն): Այս պատճառով, HCG-ի մակարդակի որոշման իմունամետրիկ մեթոդներում օգտագործվում են β ենթամիավորների նկատմամբ հատուկ հակամարմինները (այստեղից էլ «β-HCG» տերմինը): Ժամանակակից լաբորատոր հետազոտության մեթոդները թույլ են տալիս առանձին-առանձին որոշել ինչպես β-HCG-ի ինտակտ (դիմերային) մոլեկուլների, այնպես էլ վերջինիս ազատ β ենթամիավորի մակարդակները, իչպես նաև ընդհանուր β-HCG-ի մակարդակը (որն ինտակտ β-HCG-ի և ազատ β ենթամիավորների գումարն է):

HCG-ի ազատ β ենթամիավորի մակարդակի որոշումը կիրառվում է տրոֆոբլաստիկ հիվանդությունների ախտորոշման և հսկողության, ինչպես նաև տեստիկուլյար ուռուցքների ախտորոշման մեջ, որոնց դեպքում գրացվում է HCG-ի ազատ β ենթամիավորի մակարդակի բարձրացում: Որոշ դեպքերում, նման ուռուցքները կարող են արտադրել միայն HCG-ի ազատ β ենթամիավոր: Նույն թեստի նշանակման մեկ այլ ոչ պակաս կարևոր ոլորտ է հղի կանանց կենսաքիմիական սքրինինգը՝ ուղղված պտղի քրոմոսոմային արատների ռիսկի հայտնաբերմանը:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • տրոֆոբլաստիկ հիվանդությունների ախտորոշում և հսկողություն (խորիոկարցինոմա, խորիոնադենոմա)
  • ամորձիների ուռուցքների ախտորոշում
  • հղիություն, պտղի պրենատալ սքրինինգ
  • հղիության 1-ին տրիմեստրում՝ հղիության հետ կապված պլազմայի A սպիտակուցի (PAPP-A) հետ միասին 8-13-րդ շաբաթականներում պտղի քրոմոսոմային արատների հայտնաբերում
  • հղիության 2-րդ տրիմեստրում՝ ալֆա-ֆետոպրոտեինի (AFP) և ազատ էստրիոլի (E3-F) հետ միասին՝ 15-20-րդ շաբաթականներում
  • առանձնահատուկ ցուցումներ են համարվում հղի կնոջ՝ 35 տարեկանից բարձր տարիքը, անամնեզով ընտանիքում կամ մոտ հարազատների մեջ գենետիկ հիվանդությունների առկայությունը, հղիության վրա ազդող գործոնների (օրինակ՝ ճառագայթում) առկայությունը և այլն

Կենսանմուշ

Free β-HCG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել սննդի վերջին ընդունումից առնվազն 4 ժամ հետո:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավորներ (SI համակարգ)

  • Մակարդակն արյան պլազմայում՝ ՄՄ/լ (միջազգային միավոր/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

  • Մակարդակն արյան պլազմայում՝ նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)
  • Մեդիանների միջին՝ որպես այդպիսին, չափման միավոր չունի

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործման միջակայքեր

  • 9-10 շաբ.՝ (23-193.1) ՄՄ/լ
  • 10-11 շաբ.՝ (25.1-181.6) ՄՄ/լ
  • 11-12 շաբ.՝ (17.4-130.4) ՄՄ/լ
  • 12-13 շաբ.՝ (13.4-128.5) ՄՄ/լ
  • 13-14 շաբ.՝ (14.2-114.7) ՄՄ/լ
  • 14-15 շաբ.՝ (8.9-79.4) ՄՄ/լ
  • 15-16 շաբ. ՝ (5.3-62.0) ՄՄ/լ

Այլընտրանքային միջակայքեր

  • տղամարդիկ՝ (< 2,0) նգ/մլ
  • ոչ հղի կանայք՝ (< 2,0) նգ/մլ

Հղի կանայք

  • 8 շաբաթական՝ մեդիանը 64,1 նգ/մլ
  • 9 շաբաթական՝ մեդիանը 62,5 նգ/մլ
  • 10 շաբաթական՝ մեդիանը 56,0 նգ/մլ
  • 11 շաբաթական՝ մեդիանը 45,0 նգ/մլ
  • 12 շաբաթական՝ մեդիանը 34,0 նգ/մլ
  • 13 շաբաթական՝ մեդիանը 129,5 նգ/մլ

Մեդիանների միջին՝ (0,5-2,0)

Արդյունքների մեկնաբանություն

Ազատ β-HCG-ի մակարդակի բարձրացում

  • տղամարդիկ՝ ամորձիների ուռուցքներ
  • կանայք՝ խորիոկարցինոմա, խորիոադենոմա
  • հղի կանայք՝ պտղի մոտ տրիսոմիա 21-ի (Դաունի համախտանիշ) ռիսկի բարձրացում շուրջ 2 անգամ, հազվադեպ՝ կեղծ դրական արդյունքներ (պացիենտի արյան մեջ հետերոֆիլ հակամարմինների առկայություն, օրինակ՝ կենդանական շիճուկների հիման վրա պատրաստված դեղերի ընդունում)

Ազատ β-HCG-ի մակարդակի նվազեցում

  • հղի կանայք՝ պտղի մոտ տրիսոմիա 18-ի (Էդվարդսի համախտանիշ) ռիսկի առկայություն

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 22-03-2024