Լաբ թեստեր
Բազոֆիլներ

Միջազգային անվանում (հապավում). Basophils (BASO)
Նկարագրություն
Բազոֆիլները (BASO) հատվածավորված կորիզով և խոշոր, տարբեր չափսի և ձևի գրանուլաներ պարունակող ցիտոպլազմայով արյան սպիտակ բջիջներ կամ լեյկոցիտներ են:
Բազոֆիլները կազմում են շրջանառող լեյկոցիտների 0-1%-ը: Բազոֆիլների կյանքի տևողությունը 8-12 օր է: Դրանք ունեն 8-12 մկմ տրամագիծ: Արյան մեջ շրջանառում են մի քանի (միջինը՝ 2,5) ժամ:
Բազոֆիլների ցիտոպլազման պարունակում է հեպարին, հիստամին, կենսաբանական այլ ակտիվ նյութեր, որոնցից հեպարինը հակամակարդիչ նյութ է, իսկ հիստամինը՝ անոթալայնիչ:
Բազոֆիլների հիմնական գործառույթը տարբեր բնույթի ալերգիկ ռեակցիաներին մասնակցությունն է: Բազոֆիլներն ընդունակ են նաև ֆագոցիտոզի, ինչպես նաև մասնակցում են մակարդման և ֆիբրինալուծման գործընթացներին:
Կլինիկական նշանակություն ունի միայն բազոֆիլների թվաքանակի զգալի բարձրացումը՝ բազոֆիլիան, որն այս բջիջների քանակի բարձրացումն է մեկ միկրոլիտրում 150 և ավելի:
Ցուցումներ
- պլանային կանխարգելիչ հետազոտություն
- հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
- վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
- հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն
Կենսանմուշ
BASO թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
- բացարձակ թիվ (BASO#)՝ x 109 բջիջ/լ (միլիարդ հատ 1 լիտրում)
- տոկոս (ֆրակցիա) (BASO%)՝ լեյկոցիտների մեջ տոկոսը (%)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ
- բազոֆիլների բացարձակ քանակ (BASO#)՝ 0.01-0.1 x 109/լ
- բազոֆիլների ֆրակցիա (BASO%)՝ 0-2 %
Արդյունքների մեկնաբանություն
Բազոֆիլների թվաքանակի բարձրացում (բազոֆիլիա)
- ալերգիկ վիճակներ, այդ թվում՝ դեղորայքային ալերգիաներ
- կոլիտներ
- քրոնիկ հեմոլիտիկ անեմիաներ
- որոշ վարակային հիվանդություններ (գրիպ, ջրծաղիկ և տուբերկուլոզ)
- չարորակ նորագոյացություններ
- օնկոհեմատոլոգիական հիվանդություններ
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 08-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: