Լաբ թեստեր
Բիլիռուբին ուղղակի

Ընդհանուր նկարագրություն
Ուղղակի (կապված, կոնյուգացված) բիլիռուբինը արյան ընդհանուր բիլիռուբինի ֆրակցիա է, որն առաջանում է լյարդում ազատ բիլիռուբինի կոնյուգացման արդյունքում:
>Ուղղակի (կապված, կոնյուգացված) բիլիռուբինը (Bil-D) ընդհանուր բիլիռուբինի երկու ֆրակցիաներից մեկն է, որն իրենից ներկայացնում է ազատ բիլիռուբինի և գլյուկուրոնաթթվի միացությունը՝ բիլիռուբինի գլյուկուրոնիդը: Լավ լուծվում է ջրում, թափանցում է հյուսվածքներ, նվազ թունավոր է, ուղղակիորեն ռեակցիայի մեջ է մտնում դիազոռեակտիվների հետ, որի համար էլ ստացել է «ուղղակի բիլիռուբին» անվանումը (ի տարբերություն ազատ «անուղղակի» բիլիռուբինի, որը պահանջում է ռեակցիայի աքսելերատորի ավելացում):
Ուղղակի բիլիոռւբինը սինթեզվում է լյարդում, որից հետո նրա մեծ մասը լեղու միջոցով լյարդից անցում է բարակ աղիներ: Այստեղ բիլիռուբինից անջատվում է գլյուկուրոնաթթուն, իսկ բիլիռունինը վերականգնվում է մինչև ուրոբիլինոգենի՝ մեզոբիլիռուբինի և մեզոբիլինոգենի առաջացմամբ (այս ռեակցիան մասնակիորեն ընթանում է նաև ներլյարդային լեղուղիներում և լեղապարկում): Աղիների բակտերիաների ազդեցությամբ մեզոբիլիռուբինը վերածվում է ստերկոբիլինոգենի, որը մասամբ ներծծվում է արյան մեջ և օրգանիզմից հեռանում երիկամներով: Մեոզբիլիռուբինի մեծ մասն, այնուամենայնիվ, աղիներում օքսիդացվում է մինչ սերկոբիլինի և հեռանում կղանքով: Կոնյուգացված բիլիռուբինի քիչ քանակություն լյարդային բջիջներից մուտք է գործում արյան հուն: Հիպերբիլիռուբինեմիաների ժամանակ ուղղակի բիլիռուբինը կուտակվում է էլաստիկ հյուսվածքներում, ակնագնդերում, լորձաթաղանթներում և մաշկում:
Արյան շիճուկում ուղղակի բիլիռուբինի մակարդակի բարձրացում գրանցվում է պարենխիմատոզ դեղնուկների ժամանակ՝ հեպատոցիտների կողմից կոնյուգացված բիլիռուբինի՝ գրադիենտին հակառակ ուղղությամբ դեպի լեղի տեղափոխող ունակության խանգարման արդյունքում: Միևնույն ժամանակ, ուղղակի բիլիռուբինի մակարդակը կարող է աճել լեղու արտահոսքի խանգարման պատճառով, որը բերում է օբտուրացիոն դեղնուկի: Արյան շիճուկում ուղղակի (կապված) բիլիռուբինի մակարդակի բարձրացումն ուղեկցվում է բիլիռուբինուրիայով:
Հետազոտության ցուցումներ
- լյարդի հիվանդություններ
- խոլեսթազ
- տարբեր ծագման դեղնուկների տարբերակիչ ախտորոշում
Կենսանմուշ
«Բիլիռուբին ուղղակի» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մկմոլ/լ (միկրոմոլ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)
Միավորների փոխակերպում
մգ/դլ х 17,1 = մկմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
մինչև 5 մկմոլ/լ (համապատասխանում է մինչև 0,3 մգ/դլ-ին)
Արդյունքների մեկնաբանություն
Ուղղակի բիլիռուբինի մակարդակի բարձրացում
Լյարդում բիլիռուբինի էքսկրեցիայի խանգարումներ
- սուր վիրուսային հեպատիտ
- լյարդի վարակիչ ծագման ախտահարումներ (ցիտոմեգալովիրուսներով հարուցված հեպատիտ, ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, ամեոբիազ, օպստորխոզ, ակտինոմիկոզ, երկրորդային և երրորդային սիֆիլիս)
- սուր տոքսիկ հեպատիտ, հեպատոտոքսիկ դեղերի ընդունում
- լեղուղիների հիվանդություններ (խոլանգիտներ, խոլեցիստիտներ)
- հղիների դեղնուկ
- օնկոհիվանդություններ (լյարդի առաջնային հեպատոկարցինոմաներ, լյարդի մետաստատիկ ախտահարումներ)
- ֆունկցիոնալ հիպերբիլիռուբինեմիաներ (Դաբին-Ջոնսոնի համախտանիշ, Ռոտորի համախտանիշ)
- նորածնային հիպոթիրեոզ
Բիլիար օբստրուկցիա
- մեխանիկական դեղնուկ (լեղաքարային հիվանդություն, ենթաստամոքսային գեղձի գլխիկի ուռուցքներ, ճիճվային ինվազիա)
- բիլիար ցիռոզ (առաջնային կամ երկրորդային)
- սկլերոզացվող խոլանգիտ
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Bilirubin Direct
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ BIL-D
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: