Միջազգային անվանում (հապավում). Blood group, АВՕ (АВՕ)
Նկարագրություն
Ըստ АВO համակարգի արյան խմբի պատկանելիության որոշում:
Արյան խումբը գենետիկորեն ժառանգվող հատկանիշ է, որը բնական պայմաններում կյանքի ընթացքում մնում է անփոփոխ: Արյան խումբը ներկայացնում է էրիթրոցիտների АВO համակարգի մակերեսային հակածինների (ագլյուտինոգենների) որոշակի զուգակցություն:
Արյան խմբային պատկանելիության որոշումը լայնորեն կիրառվում է կլինիկական գործառույթներում, ինչպիսիք են արյան և վերջինիս բաղադրամասերի փոխներարկումը, գինեկոլոգիայում և մանկաբարձության մեջ հղիության պլանավորումը և վարումը:
Արյան խմբի ABO համակարգը հանդիսանում է փոխներարկվող արյան համատեղելիությունը կամ անհամատեղելիությունը, քանի որ այս համակարգի հակածիններն առավել իմունոգեն են: АВO համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ոչ իմունային անձանց պլազմայում առկա են բացակայող էրիթրոցիտային հակածինների նկատմամբ բնական հակամարմիններ: Արյան խմբի ABO համակարգը կազմված է երկու խմբային էրիթրոցիտար ագլյուտինոգեններից (А և В) և երկու համապատասխան հակամարմիններից՝ պլազմայի α (հակա-А) և β (հակա-B) ագլյուտինիններից:
Վերոնշյալ երկու հակածինների և երկու հակամարմինների տարբեր զուգորդություններով էլ պայմանավորվում են արյան հետևյալ չորս խմբերը՝
- O (I) խումբ՝ էրիթրոցիտների վրա բացակայում են խմբային ագլյուտինոգենները, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինինններ
- А (II) խումբ՝ էրիթրոցիտները պարունակում են միայն A ագլյուտինոգեն, իսկ պլազմայում առկա է միայն β ագլյուտինոգեն
- В (III) խումբ՝ էրիթրոցիտները պարունակում են միայն B ագլյուտինոգեն, իսկ պլազմայում առկա է միայն α ագլյուտինոգեն
- АВ (IV) խումբ՝ էրիթրոցիտների վրա առկա են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազման ագլյուտինիններ չի պարունակում:
Ավելի հաճախ հանդիպում է 1-ին խմբի արյուն:
Արյան խումբը որոշվում է հատուկ հակածինների և հակամարմինների նույնականացման միջացով (կրկնակի մեթոդ կամ խաչաձև ռեակցիա):
Արյան անհամատեղելիություն գրանցվում է, եթե մի արյան էրիթրոցիտները կրում են ագլյուտինոգեններ (А կամ В), իսկ մյուս արյան պլազմայում առկա են դրանց ագլյուտինինները (α կամ β): Էրիթրոցիտների ագլյուտինացիա առաջանում է այն դեպքում, եթե հանդիպում են նույնանման ագլյուտինոգենը և ագլյուտինինը՝ A-ն և α-ն, B-ն և β-ն: Նույն մարդու արյան մեջ գոյություն ունեն այդ չորս գործոններից միայն երկուսը, ընդ որում՝ ոչ համանունները:
Ըստ ABO համակարգի՝ մեծ քանակով արյան փոխներարկման ժամանակ անհրաժեշտ է ներարկել միայն նույնանուն խմբի արյուն, իսկ արտակարգ վիճակներում պետք է կիրառել Օտտենբերգի կանոնը, որի համաձայն թույլատրվում է փոխներարկել առաջին խմբի արյուն, որը չի պարունակում ագլյուտինոգեններ:
Դոնորից (արյուն հանձնողից) ռեցիպիենտին (փոխներարկում ստոցողի) էրիթրոցիտներ, պլազմա և հատկապես լիարժեք արյուն փոխներարկելիս (գրեթե չի կիրառվում) անհրաժեշտ է խստագույնս պահպանել խմբային համատեղելիությունը: Լավագույն տարբերակը ռեցիպիենտին նույն իր արյան խմբի արյուն, էրիթրոցտիներ և պլազմա փոխներարկելն է, իսկ ծայրահեղ անհետաձգելի վիճակներում կարելի է դոնորի 0 խմբի էրիթրոցիտները (սակայն՝ ոչ արյունը) փոխներարկել արյան մյուս բոլոր խմբերով ռեցիպիենտին, А խմբի էրիթրոցիտները՝ А և АВ խմբերով ռեցիպիենտներին, իսկ B խմբի էրիթրոցիտները՝ B և АВ խմբերով ռեցիպիենտներին:
Արյան համատեղելիության քարտեզներ (ագլյուտինացիան նշանակված է «+» նշանով)
Դոնորի արյուն | Ռեցիպիենտի արյուն | |||
---|---|---|---|---|
O (I) | A (II) | B (III) | AB (IV) | |
O (I) | - | + | + | + |
A (II) | + | - | + | + |
B (III) | + | + | - | + |
AB (IV) | + | + | + | - |
Դոնորի էրիթրոցիտներ | Ռեցիպիենտի արյուն | |||
---|---|---|---|---|
O (I) | A (II) | B (III) | AB (IV) | |
O (I) | - | - | - | - |
A (II) | + | - | + | - |
B (III) | + | + | - | - |
AB (IV) | + | + | + | - |
Խմբային ագլյուտինոգենները գտնվում են էրիթրոցիտների ստրոմայում և թաղանթում: АВ0 համակարգի հակածիններ հայտնաբերվում են ոչ միայն էրիթրոցիտների, այլև այլ հյուսվածքների բջիջներում, անգամ՝ թքում և օրգանիզմի այլ հեղուկներում: Դրանք զարգանում են ներարգանդային զարգացման վաղ փուլերում, իսկ նորածինների մոտ արդեն առկա են որոշակի քանակով: Նորածինների արյունն ունի տարիքային առանձնահատկություններ. պլազմայում դեռևս կարող են չհայտնաբերվել բնորոշ խմբային ագլյուտինիններ, որոնք սկսում են առաջանալ ավելի ուշ (մշտապես առկա են 10-րդ ամսականից հետո): Նման դեպքերում արյան խմբի որոշումը պետք է իրականացնել միայն АВ0 համակարգի հակածինների առկայության հիման վրա:
Ներկայումս էրիթրոցիտներում հայտնաբերվել են A և B ագլյուտինոգենների տարատեսակներ A1, A2, A3… A7, B1, B2, B3…B6: A1 և B1 ագլյուտինոգեններն օժտված են ագլյուտինացիայի ավելի մեծ ունակությամբ, քան մյուսները։
Արյան խմբերի ժառանգումը ենթարկվում է որոշակի օրինաչափության: АВ0 գենի լոկուսում հնարավոր են երեք տարբերակներ (ալելներ)՝ 0, А և В, որոնք ենթարկվում են աուտոսոմ-կոդոմինանտ տիպի էքսպրեսիայի: Սա նշանակում է, որ А և В գեները ժառանգող անձանց մոտ դրսևորվում են այս երկու գեների պրոդուկտները, որն էլ բերում է АВ (IV) ֆենոտիպի զարգացմանը: А (II) ֆենոտիպը կարող է հանդես գալ երկու А կամ А և 0 գեներով, իսկ В (III) ֆենոտիպը՝ երկու В կամ В և 0 գեներով ծնողներից ժառանգման արդյունքում: 0 (I) ֆենոտիպն ի հայտ է գալիս երկու 0 գեների ժառանգման արդյունքում:
Այսպիսով, եթե երկու ծնողներն էլ պատկանում են արյան II խմբին (AА կամ А0 գենոտիպեր), նրանց երեխաներից մեկնումեկը կարող է պատկանել առաջին խմբին (00 գենոտիպ): Եթե ծնողներից մեկն ունի արյան A (II) խումբ՝ հնարավոր АА և А0 գենոտիպերով, իսկ մյուս ծնողը՝ B (III) խումբ BB կամ В0 գենոտիպերով, ապա երեխաները կարող են պատկանել արյան չորս խմբերից մեկնումեկին՝ 0 (I), А (II), B (III) կամ АВ (IV):
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- արյան փոխներարկման (տրանսֆուզիոն) համատեղելիության որոշում
- նորածինների հեմոլիտիկ հիվանդություններ (ըստ АВ0 համակարգի մոր և պտղի արյան միջև անհամատեղելիության հայտնաբերում)
- նախավիրահատական նախապատրաստում
- հղիություն (բացասական ռեզուս-գործոնով հղիների նախապատրաստում և հսկողություն)
Կենսանմուշ
АВՕ թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Կենսանյութը խորհուրդ է տրվում հանձնել քաղցած վիճակում:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Չկա:
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Չկա:
Արդյունքների մեկնաբանություն
Հնարավոր արդյունքներ
- 0 (I) - առաջին խումբ
- A (II) - երկրորդ խումբ
- B (III) - երրորդ խումբ
- AB (IV) - չորրորդ խումբ
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2018
Վերջին վերանայում՝ 26-03-2024