Լաբ թեստեր

Քաղցկեղային հակածին 125

СА 125

Ընդհանուր նկարագրություն

Ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 125-ը ձվարանների քաղցկեղի և վերջինիս մետաստազների հիմնական մարկերն է:

Ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 125-ը (CA 125) պատկանում է հիբրիդոմային ուռուցքային մարկերների ընտանիքին: Այն 200‑1000 կիլոԴալտոն մոլեկուլյար զանգվածով բարձրմոլեկուլյար գլիկոպրոտեին է:

Նորմայում առկա է էնդոմետրիումում և արգանդի լորձային հեղուկում: Նորմայում արյան հուն չի թափանցում՝ բացառությամբ բնական բարիերների քայքայման դեպքերի: Արյան շիճուկում CA 125-ի մակարդակը կարող է կրկնապատկվել դաշտանային ցիկլի ժամանակ, հատկապես էնդոմետրիոզի առկայության պայմաններում: Հնարավոր է նաև CA 125-ի մակարդակի ֆիզիոլոգիական աճ հղիության 1-ին եռամսյակի ընթացքում: Արյան շիճուկում CA 125-ի զգալի աճ դիտարկվում է հատկապես ձվարանների ոչ լորձային, այլ՝ էպիթելիալ ծագման մալիգնիզացիաների ժամանակ (ձվարանների կարցինոմաները կազմում են բոլոր տեսակի գինեկոլոգիական ուռուցքների շուրջ 20%-ը):

Ձվարանների քաղցկեղի 1-ին փուլում արյան CA 125-ի մակարդակը գործնականում չի տարբերվում հսկիչ խմբից, սակայն II, III և IV փուլերում մարկերի մակարդակը զգալիորեն բարձրանում է: Հավաստի կերպով ապրելիության ավելի բարեհաջող ցուցանումներ ունեն այն հիվանդները, ում մոտ բուժման առաջին 3 ամսվա ընթացքում CA 125-ի մակարդակը նվազում է: Հիվանդության լիարժեք ռեմիսիայի և նոր ռեցիդիվների բացակայության պայմաններում CA 125-ի մակարդակը կարող է իջնել մինչև զրոյի: Դրան հակառակ, CA 125-ի բարձրացումը 0-ից մինչև 35 Մ/մլ (այսինքն՝ նորմալ միջակայքի սահմաններում) կարող է հանդիսանալ ռեցիդիվի նախակլինիկական ցուցանիշ:

CA 125-ի մակարդակի բարձրացումը ռեմիսիայի ֆոնի վրա կարող է հանդիսանալ հիվանդի ավելի մանրակրկիտ հետազոտության պատճառ՝ հայտնաբերելու հիվանդության ռեցիդիվը: СА-125-ի մշտական բարձր ցուցանիշները վկայում են ուռուցքի հարաճուն զարգացման և բուժման անարդյունավետության մասին:

Ձվարանների քաղցկեղը հայտնաբերելու իմաստով СА-125-ի սպեցիֆիկությունը բարձր չէ: 65 Մ/մլ արժեքների զգայունությունը կազմում է 79%, իսկ սպեցիֆիկությունը՝ 82%, 150 Մ/մլ ցուցանիշների ժամանակ՝ 69% և 93% և 190 Մ/մլ դեպքում՝ 63% և 95% համապատասխանաբար:

Վիճակագրական տվյալների համաձայն, СА 125-ի մակարդակի կրկնակի բարձրացումը, հատկապես 55 տարեկանից բարձր կանանց մոտ բավարար հավաստիությամբ վկայում է ձվարանների քաղցկեղի առկայության մասին: Ձվարանների և էնդոմետրիումի քաղցկեղի ժամանակ մարկերի մակարդակի նվազեցումը, հակառակը, վկայում է բարենպաստ ելքի և բուժման արդյունավետության մասին:

Հետազոտության ցուցումներ

  • ձվարանների քաղցկեղի ընթացքի հսկողություն
  • ձվարանների քաղցկեղի մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

«Քաղցկեղային հակածին 125» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյան կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/մլ (միավոր/մլ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր (SI համակարգ)

< 35 Մ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

CA 125 մակարդակի բարձրացում)

Ուռուցքային հիվանդություններ (СА 125-ի մակարդակի զգալի բարձրացում)

Սոմատիկ հիվանդություններ (ոչ զգալի բարձրացում)

СА 125-ի ախտորոշիչ արժեքը բարձրանում է CEA միաժամանակյա որոշման դեպքում:

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Carbohydrate (Cancer) Antigen 125

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ СА 125

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 11-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: