Լաբ թեստեր

Քաղցկեղային հակածին 72-4

СА 72-4

Ընդհանուր նկարագրություն

Ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 72-4-ը օնկոֆետալ հակածին է և ոչ սպեցիֆիկ ուռուցքային մարկեր, որն օգտագործվում է ստամոքսի և ձվարանների քաղցկեղի հսկողության համար:

Ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 72-4-ը (СА 72-4) բարձրմոլեկուլյար գլիկոպրոտեին է (մոլեկուլյար զանգվածը՝ 230-1000 կիլոԴալտոն): Այն հանդիսանում է էպիթելիումի մակերևույթի բաղադրիչ մասը և հայտնաբերվում է պտղի ստամոքսաղիքային ուղիում: Չափահաս մարդկանց մոտ նույն հակածինը հանդիպում է տարատեսակ կարցինոմաների էպիթելիալ հյուսվածքներում՝ հաստ աղիներ, թոքեր, ձվարաններ, էնդոմետրիում, ենթաստամոքսային գեղձ, ստամոքս, կրծքագեղձեր:

Նորմայում СА 72-4 գործնականում չի հայտնաբերվում առողջ հյուսվածքներում: Արյան պլազմայում СА 72-4-ի մակարդակի բարձրացում դիտարկվում է ստամոքսաղիքային ուղու քաղցկեղների ժամանակ՝ 40% դեպքերում, թոքերի քաղցկեղի ժամանակ՝ 36% դեպքերում, ձվարանների քաղցկեղի ժամանակ՝ 24% դեպքերում, ինչպես նաև տարաբնույթ բարորակ հիվանդությունների ժամանակ՝ 6,7% դեպքերում (պանկրեատիտներ, լյարդի ցիռոզ, թոքերի հիվանդություններ, ձվարանների բարորակ հիվանդություններ և կիստաներ, ռևմատիկ հիվանդություններ և այլն):

СА 72-4-ը գերազանցապես նշանակվում է CEA-ի կամ СА-19-9-ի հետ զուգակցված` ստամոքսի քաղցկեղի ընթացքը և բուժումը վերահսկելիս, և СА-125-ի հետ զուգակցված` ձվարանների քաղցկեղի վերահսկման մեջ: Նման դեպքերում հետազոտության ախտորոշիչ զգայունությունը զգալիորեն բարելավվում է:

Հետազոտության ցուցումներ

  • կլինիկական հետազոտությունների հետ միասին՝ ստամոքսի և ձվարանների քաղցկեղի առաջնային ախտորոշում և հիվանդության ընթացքի ու ելքի կանխատեսում
  • ստամոքսի, ձվարանների և կոլոռեկտալ քաղցկեղների վիրաբուժական բուժման արդյունավետության գնահատում և հետվիրահատական ընթացքի հսկողություն (նախնական բարձր ցուցանիշների պայմաններում)

Կենսանմուշ

«Քաղցկեղային հակածին 72-4» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Եթե հետազոտվողը ստանում է մեծ դեղաչափերով բիոտին (> 5 մգ/օր), հետազոտությունը պետք է իրականացնել այս դեղի վերջին ներմուծումից առնվազն 8 ժամ անց:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/մլ (միավոր/մլ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

< 6,9 Մ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

CA 72-4 մակարդակի բարձրացում

  • ստամոքսի, ձվարանների, կրծքագեղձի, հաստ աղիների, թոքի, էնդոմետրիումի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղներ
  • բարորակ հիվանդություններ՝ պանկրեատիտ, լյարդի ցիռոզ, թոքային հիվանդություններ, ձվարանների բարորակ հիվանդություններ, ձվարանների կիստաներ, ռևմատիկ հիվանդություններ, գինեկոլոգիական հիվանդություններ, ստամոքսաղիքային ուղու բարորակ հիվանդություններ

Հետազոտության արդյունքները էապես կախված են լաբորատոր մեթոդից, ուստի ժամանակի ընթացքում CA 72-4-ի փոփոխությունների դինամիկան հսկելիս անհրաժեշտ է հիմնվել նույն լաբորատորիայի նույն մեթոդով իրականացված թեստերի արդյունքների վրա:

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Carbohydrate (Cancer) Antigen 72-4

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ СА 72-4

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: