Ընդհանուր նկարագրություն
Կալցիտոնինը կալցիումի նյութափոխանակության կարգավորիչն է, որն ուռուցքաբության ոլորտում նշանակվում է որպես վահանագեղձի մեդուլյար կարցինոմայի մարկեր:
Կալցիտոնինը պեպտիդային հորմոն է, որը գլխավորապես արտադրվում է վահանագեղձի պարաֆոլիկուլյար C-բջիջների կողմից, ինչպես նաև քիչ քանակներով՝ այլ օրգաններում (օրինակ՝ թոքեր):
Կալցիտոնինի նկատմամբ ընկալիչները հայտնաբերվում են օստեոկլաստներում, մոնոցիտներում, երիկամներում, գլխուղեղում, հիպոֆիզում, ընկերքում, սեռական գեղձերում, թոքերում և լյարդում: Այս հորմոնի դերը դեռևս գտնվում է ուսումնասիրության փուլում: Կալցիտոնինն ունի հիպոկալցեմիկ ազդեցություն՝ օստեոկլաստների ակտիվությունն արգելակելու և ոսկրային ռեզորբցիայի արագությունը նվազեցնելու, երիկամներով կալցիումի ետներծծումը կրճատելու և աղիներում կալցիումի ներծծումն ընկճելու հաշվին: Կալցիտոնինը նաև կրճատում է ֆոսֆատների երիկամային ետներծծումը՝ առաջ բերելով արյան ֆոսֆորի չափավոր նվազեցում: Ֆունկցիոնալ առումով այն պարաթիրեոիդային հորմոնի ներհակորդն է, սակայն օրգանիզմում կալցիում-ֆոսֆորային փոխանակության մեջ ունի ավելի փոքր դեր:
Վահանագեղձի մեդուլյար կարցինոմայի ժամանակ կալցիտոնինի ավելցուկը կամ թիրեոիդէկտոմիային հաջորդող հիպոկալցիտոնինեմիան արյան շիճուկի կալցիումի մակարդակի զգալի շեղումների կամ ոսկրային զանգվածի զգալի փոփոխության պատճառ չի հանդիսանում: Այնուամենայնիվ, կալցիտոնինի սեկրեցիան ուղիղ դրական կապով կարգավորվում է արյան շիճուկի կալցիումի մակարդակի միջոցով: Քայքայվում և օրգանիզմից հեռանում է երիկամներով, ուստի և երիկամային անբավարարության ժամանակ կարող է գրանցվել արյան շիճուկի կալցիտոնինի մակարդակի բարձրացում:
Լաբորատր ախտորոշման ոլորտում կալցիտոնինն օգտագործվում է գլխավորապես վահանագեղձի մեդուլյար քաղցկեղի ախտորոշման մեջ: Որոշ դեպքերում կարող է կիրառվել պրովոկացիոն-խթանիչ թեստի անցկացման մեջ, երբ կալցիումի և/կամ պենտագաստրինի ներմուծմամբ վահանագեղձի մեդուլյար կարցինոմայով հիվանդների մոտ գրանցվում է կալցիտոնինի մակարդակի կտրուկ աճ:
Այս հիվանդության ժամանակ կալցիտոնինի մակարդակը կարող է բարձրանալ մինչև կլինիկական նշանների ի հայտ գալը: Քանի որ մեդուլյար կարցինոմայի դեպքերի 20%-ում առկա է ընտանեկան գործոնը, արյան շիճուկի կալցիտոնինի որոշումը կարող է կիրառվել նաև որպես սքրինինգային հետազոտություն:
Այնուամենայինվ, պետք է հաշվի առնել նաև, որ կալցիտոնինի մակարդակի բարձրացումն ինքնին չի կարող ախտորոշումը հաստատելու հիմք հանդիսանալ, քանի որ այս հորմոնը կարող է արտադրվել նաև այլ, հատկապես՝ նեյրոէնդոկրին բնույթի քաղցկեղային բջիջների կողմից:
Կալցիտոնինի հետազոտությունը նշանակելիս պետք է նաև նկատի ունենալ այս հորմոնի մակարդակի ցիրկադային փոփոխությունը: Մասնավորապես, կալցիտոնինի արտադրությունը խթանվում է կեսօրին:
Հետազոտության ցուցումներ
- վահանաձև գեղձի մեդուլյար կարցինոմայի ախտորոշում
- վահանաձև գեղձի ռեզեկցիայի արդյունավետության գնահատում և հետագա հսկողություն
- վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղով հիվանդի ընտանիքի անդամների սքրինինգային հետազոտություն
Կենսանմուշ
«Կալցիտոնին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը հանձնելու նախորդող օրերին խորհուրդ է տրվում բացառել հուզական սթրեսը, ծանր ֆիզիկական լարվածությունը: Արյունը պետք է հանձնել առավոտյան, խիստ քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումից 2-12 ժամ անց): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով:
Անմիջապես արյունը հանձնելուց առաջ 30 րոպեի ընթացքում հետազոտվողը պետք է գտնվի հանգիստ վիճակում:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- Տղամարդիկ՝ մինչև 14,3 պգ/մլ
- Կանայք՝ մինչև 9,82 պգ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
Կալցիտոնինի մակարդակի բարձրացում
- վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղ
- վահանաձև գեղձի С-բջիջների հիպերպլազիա
- թոքերի, կրծքագեղձի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղների որոշ դեպքեր
- Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ
- պերնիցիոզ անեմիա
- քրոնիկ երիկամային անբավարարություն
- ուրեմիա
- պսևդոհիպերպարաթիրեոիդիզմ
- APUD համակարգի բջջային ուռուցքներ
- կարցինոիդ համախտանիշ
- ալկոհոլային ցիռոզ
- պանկրեատիտ
- թոքերի բարորակ նորագոյացություններ
- լեյկեմիա և միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ
- ուռուցքների այլ տեսակներ, հատկապես նեյրոէնդոկրին բնույթի
- քրոնիկ բորբոքային հիվանդություններ
- հղիություն
- ֆեոխրոմոցիտոմա
- թիրեոիդիտներ
Կալցիտոնինի մակարդակի 100 պգ/մլ և ավելի բարձր ցուցանիշներ գրանցվում են վահանագեղձի մեդուլյար կարցինոմայի, լեյկեմիաների, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ժամանակ:
Կալցիտոնինի մակարդակի նվազեցում (դինամիկայում)
- ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Calcitonin
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ CTN
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին