Ընդհանուր նկարագրություն
Իոնական կամ ազատ կալցիումն արյան պլազմայի կալցիումի ֆիզիոլոգիական ակտիվ մասն է:
Կալցիումի բոլոր ֆիզիոլոգիական ազդեցությունները (մասնակցություն մկանային կծկմանը, հորմոնների սեկրեցիայի մեխանիզմներին, նյարդահաղորդականությանը, բջիջների տրոհմանը և այլն) իրականացվում է այս միկրոտարրի իոնական ձևի միջոցով:
Իոնական կամ ազատ կալցիումը (Ca++) կազմում է ընդհանուր կալցիումի 43%-50%-ը:
Իոնական կալցիումի մակարդակը տատանվում է օրվա ընթացքում՝ նվազագույնին հասնելով երեկոյան ժամը 20-ի, իսկ առավելագույնին՝ գիշեվա ժամը 2-4-ի մոտակայքում:
Ca++-ի մակարդակը կարգավորվում է պարատհորմոնով, կալցիտոնինով, D3 վիտամինի ակտիվ ձևով: Այս հորմոնների արտադրությունն, իր հերթին, կախված է Ca++-ի մակարդակից, որի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ սպիտակուցներ, մագնեզիում (հիպոկալցեմիայի դեպքում պարտադիր պետք է ստուգել մագնեզիումի մակարդակը) և այլն: Շատ կարևոր է նաև արյան թթվա-հիմնային հավասարակշռության ստուգումը, քանի որ ալկալոզը բարձրացնում է կալցիումի կապվելը սպիտակուցների հետ՝ նվազեցնելով այս իոնի մակարդակը, իսկ ացիդոզն, ընդհակառակը, թուլացնում է կալցիումական կապերը՝ մեծացնելով վերջինիս մակարդակը:
Իոնական կալցիումի մակարդակի որոշում թույլ է տալիս ավելի ճիշտ գնահատել հիվանդի մոտ կալցիումական փոխանակության վիճակը, հատկապես վիրահատական միջամտության ենթարկված, վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող, հեպարին, բիկարբոնատներ, կալցիումի և մագնեզիումի պատրաստուկներ ստացող հիվանդների շրջանում:
Հիպերկալցեմիկ վիճակների ախտորոշման մեջ իոնական կալցիումի մակարդակի իմացությունն ավելի ինֆորմատիվ է, քան ընդհանուր կալցիումինը, մասնավորապես, առաջնային հիպերպարաթիրեոիդիզմի ժամանակ (որին բնորոշ է արյան պլազմայի ազատ կալցիումի մակարդակի բարձրացումը՝ ընդհանուրի անփոփոխ պայմաններում), օնկոհիվանդությունների դեպքում և հեմոդիալիզ ստացող հիվանդների մոտ:
Հղիության ընթացքում արյան շիճուկի ընդհանուր կալցիումի մակարդակը ալբումինի մակարդակի նվազեցմանը զուգընթաց նույնպես իջնում է, թեև ազատ կալցիումի մակարդակը կարող է մնալ նորմալ միջակայքում:
Պտղի մոտ ընդհանուր և ազատ կալցիումի մակարդակները քիչ բարձր է, որը սկսում է նվազել ծնվելուց մի քանի օրվա ընթացքում, որից հետ բարձրանում է՝ հասնելով ավելի մեծ մակարդակի, քան չափահասների մոտ:
Իոնական կալցիումի < 0,8 մմոլ/լ մակարդակի նվազելու պայմաններում հնարավոր են ցնցումներ և տետանուս: Ազատ կալցիումի՝ կյանքին վտանգ սպառնացող ստորին սահմանային ցուցանիշն է՝ < 0,7 մմոլ/լ (որոշ տվյալներով՝ < 0,5 մմոլ/լ):
Հետազոտության ցուցումներ
- հիպեր- և հիպոկալցեմիկ վիճակներ, հատկապես՝ դիսպրոտեինեմիաների հետ զուգակցվելիս
- կալցիումի մակարդակի հսկողություն՝ ցիտրատային արյան փոխներարկումից հետո, հեպարինաբուժում, տարածուն վնասվածքներ և վիրաբուժական միջամտություններ, այրվածքներ, պանկրեատիտ, բազմաօրգանային անբավարարություն, լյարդի և երիկամների ծանր ախտահարումներ, չարորակ նորագոյացություններ, մալաբսորբցիա
- հղի կանանց հետազոտություն
- սեպսիս
- դիալիզ և էքստրակորպորալ արյունաշրջանառություն
Կենսանմուշ
«Կալցիում (իոնական)» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում, սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ քաղցր): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մմոլ/լ (միլիմոլ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)
Միավորների փոխակերպում
մգ/դլ x 0,25 = մմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ, արյան շիճուկ՝ (1,16-1,32) մմոլ/լ
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք | Ca++, մմոլ/լ |
1 օր. | 1,10 +/- 0,059 |
3 օր. | 1,13 +/- 0,051 |
5 օր. | 1,22 +/- 0,053 |
1-20 տ. | 1,18 +/- 0,069 |
> 20 տ. | 1,15-1,35 |
Արդյունքների մեկնաբանություն
Իոնական կալցիումի մակարդակի բարձրացում (հիպերկալցեմիա)
- առաջնային հիպերպարաթիրեոզ (հարվահանագեղձերի հիպերպլազիա, ադենոմա կամ կարցինոմա)
- պարատհորմոն արտադրող էկտոպիկ ուռուցքեր
- D վիտամինի ավելցուկային ընդունում
- չարորակ ուռուցքներ և դրանց մետաստազներ (իոնական կալցիումի մակարդակի բարձրացում՝ ընդհանուր կալցիումի նորմալ ցուցանիշների պայմաններում)
- ացիդոզ
- որոշ դեղերի ընդունում՝ հիպոքլոթիազիդ (երկարատև ընդունում), լիթիումի պատրաստուկներ, անդրոգեններ
Իոնական կալցիումի մակարդակի նվազեցում (հիպոկալցեմիա)
- առաջնային հիպոպարաթիրեոիդիզմ
- կեղծ հիպոպարաթիրեոիդիզմ
- D վիտամինի դեֆիցիտ
- սեպսիս
- սուր պանկրեատիտ
- երիկամային անբավարարություն
- կմախքային մկանուքի ծանր ախտահարումներ
- հեմոդիալիզ՝ դիալիզատում կալցիումի ցածր մակարդակի պայմաններում
- կալցիումը կոմպլեքսացնող անիոններ (ցիտրատ) պարունակող արյան փոխներարկում
- տարածուն վնասվածքներ
- ծանր վիրաբուժական միջամտություններ
- այրվածքներ
- բազմաօրգան անբավարարություն
- մագնեզիումի դեֆիցիտ
- ալկալոզ
- հիպոնատրեմիա
- ատրոֆիկ գաստրիտ
- փորձանոթում կալցիումը կապող նյութերի առկայություն (ցիտրատներ, օքսալատներ, հեպարին, EDTA և այլն)
- որոշ դեղերի ընդունում՝ հակացնցումային միջոցներ, դանազոլ, ֆոսկարնետ, ֆուրոսեմիդ (նախնական ազդեցություն)
- ալկոհոլի ընդունում
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Calcium Ionized
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Ca++
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին