Լաբ թեստեր
Ընդհանուր կալցիում

Ընդհանուր նկարագրություն
Կալցիումը ոսկրային հյուսվածքի հիմնական բաղադրիչն է և կարևոր կենսածին տարր, որն օրգանիզմում մասնակցում է կառուցվածքային, նյութափոխանակային և կարգավորիչ ֆունկցիաներին:
Օրգանիզմի կալցիումի (Ca) 99%-ը պարունակվում է ոսկրային հյուսվածներում (ատամներ, կմախքի ոսկրեր): Ոսկրերում կալցիումը ներկայացված է հիդրօքսիապատիտների տեսքով՝ բյուրեղներ, որոնց կազմության մեջ կալցիումից բացի առկա է նաև ֆոսֆոր: Са-ի միայն 1%-ն է ներկայացված արյան շիճուկում և օրգանիզմի մյուս կենսաբանական հեղուկներում, այդ թվում՝
- իոնական (ազատ) կալցիում, որը ֆիզիոլոգիապես ակտիվ է.
- անիոնների (բացասական իոնների) հետ կապված կալցիում (լակտատ, ֆոսֆատ, բիկարբոնատ, ցիտրատ)
- սպիտակուցների (հիմնականում՝ ալբումինի) հետ կապված կալցիում:
Օրգանիզմում կալցիումը կատարում է մի շարք ֆունկցիաներ՝ ստեղծում է հիմք և ապահովում է ոսկրերի և ատամների ամրությունը, մասնակցում է նյարդամկանային գրգռահաղորդմանը (որպես կալիումի իոնների ներհակորդ) և մկանային կծկմանը, կարգավորում է բջջաթաղանթների թափանցիկությունը և ֆերմենտային ակտիվությունը, մասնակցում է արյան մակարդելիության գործընթացներին (ակտիվացնում է մակարդելիություն VII, IX և X գործոնները) և այլն:
Կալցիումի հեմոսթազը (արյան մեջ կայուն մակարդակ) հանդիսանում է մի շարք գործընթացների հավասարակշռության արդյունք՝ աղիներից կալցիումի ներծծում, ոսկրային փոխանակություն և երիկամներով հեռացում: Այս գործընթացները հսկվում են կալցիումի փոխանակության հիմնական կարգավորիչներով՝ պարատհորմոն և կալցիտրիոլ (վիտամին D3), որոնք բարձրացնում են արյան Ca-ի մակարդակը, և կալցիտոնին, որը, հակառակը նվազեցնում է արյան Ca-ի մակարդակը:
Կալցիումի փոխանակության խանգարման լաբորատոր նշանները հիպո- և հիպերկալցեմիաներն են: Ալբումինի մակարդակի ցանկացած ծագման նվազեցումը (հետևաբար՝ ընդհանուր կալցիումի սպիտակուց-կապող ֆրակցիայի կրճատումը) առաջ է բերում արյան շիճուկի ընդհանուր կալցիումի մակարդակի անկում, ըստ որում, նման դեպքերում կենսաբանորեն ակտիվ ազատ (իոնացված) կալցիումի մակարդակի կարող է մնալ անփոփոխ կամ աննշան շեղվել: Ուստի, պետք է հաշվի առնել, որ արյան փորձանմուշի մեջ կալցիումի մակարդակը կարող է կեղծ-նվազել, եթե այն վերցվել է տեղային երակային կանգի պայմաններում:
Հիպոալբումինեմիայի պատճառով արյան պլազմայի կալցիումի մակարդակի նվազեցում դիտարկվում է նաև աղիներով սպիտակուցների ներծծման խանգարումների, քրոնիկ հիվանդությունների, սպիտակուցներից աղքատ դիետայի, լյարդի ցիռոզի, նեֆրոտիկ համախտանիշի ժամանակ: Նման դեպքերում անհրաժեշտություն է ծագում որոշել նաև իոնացված կալցիումը կամ օգտվել որոշ բանաձևերից՝ հիմնված կալցիումի որոշված մակարդակի շտկման վրա ըստ արյան նվազեցված ալբումինի մակարդակի:
Հետազոտության ցուցումներ
- օստեոպորոզի ախտորոշում և սքրինինգ
- մկանային հիպոտոնիա
- ցնցումային համախտանիշ
- պարեսթեզիաներ
- ստամոքսի և 12-մատյա աղու խոցային հիվանդություն
- պոլիուրիա
- սրտանոթային հիվանդություններ (սրտի ռիթմի խանգարումներ, անոթային տոնուսի խանգարումներ)
- վիրահատական միջամտություններին նախապատրաստում
- հիպերթիրեոզ
- չարորակ նորագոյացություններ (թոքերի քաղցկեղ, կրծքագեղձի քաղցկեղ)
- միզաքարային հիվանդություն (ռենտգեն-պոզիտիվ քարեր) և երիկամների այլ հիվանդություններ
- ոսկրային ցավեր
Կենսանմուշ
«Ընդհանուր կալցիում» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մմոլ/լ (միլիմոլ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)
Միավորների փոխակերպում
մգ/դլ x 0,25 = մմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ՝ (2,30-2,80) մմոլ/լ
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք | Ca-T, մմոլ/լ |
2-10 օր. | 1,90 - 2,60 |
10 օր.-24 ամս. | 2,25 - 2,75 |
24 ամս.-12 տ. | 2,20 - 2,70 |
12-60 տ. | 2,10 - 2,55 |
60-90 տ. | 2,2 - 2,55 |
> 90 տ. | 2,05 - 2,4 |
Արդյունքների մեկնաբանություն
Կալցիումի մակարդակի բարձրացում (հիպերկալցեմիա)
- առաջնային հիպերպարաթիրեոզ (հարվահանագեղձերի հիպերպլազիա, ադենոմա կամ կարցինոմա)
- չարորակ նորագոյացություններ (օստեոլիզիս ոսկրերի առաջնային կամ մետաստատիկ ախտահարման ժամանակ՝ հատկապես կրծքագեղձի, թոքերի, երիկամների մետաստազների դեպքում, երիկամների, ձվարանների, վահանագեղձի, արգանդի կարցինոմայի դեպքում պարատհորմոնի էկտոպիկ սինթեզ)
- թիրեոտոքսիկոզ
- իմմոբիլիզացիոն հիպերկալցիեմիա (օրինակ, բուժական անշարժացում վնասվածքների, Պեջետի հիվանդության, ազդրի բնածին հոդախախտերի, ողնաշարի տուբերկուլոզի ժամանակ )
- D հիպերվիտամինոզ
- մակերիկամային անբավարարություն
- հեմոբլաստոզներ (միելոմային հիվանդություն, լիմֆոմաներ, լեյկոզներ՝ հիպերպլազիայի օջախում ոսկրային հյուսվածքի քայքայման ժամանակ)
- նորածինների իդիոպաթիրկ հիպերկալցիեմիա (Վիլյամսի համախտանիշ)
- ժառանգական հիպոկալցիուրիկ հիպերկալցեմիա
- սուր երիկամային անբավարարություն
- սարկոիդոզ և այլ գրանուլեմատոզ հիվանդություններ
- յաթրոգեն հիպերկալցեմիա
- կաթնա-հիմնային համախտանիշ
- երիկամների հիվանդություններ (երրորդային հիպերպարաթիրեոզ)
- թիազիդային միզամուղների գերդոզավորում
Կալցիումի մակարդակի նվազեցում (հիպոկալցեմիա)
- առաջնային հիպոպարաթիրեոզ (ժառանգական, Х-կապված, Դի Ջորջի համախտանիշ)
- երկրորդային հիպոպարաթիրեոզ (վիրահատական միջամտության պատճառով, աուտոիմուն ծագման)
- նորածինների հիպոպարաթիրեոզ՝ մայրերի մոտ հիպերպարաթիրեոզի դեպքում
- հիպոմագնիեմիա
- պսևդոհիպոպարաթիրեոզ (ժառանգական հիվանդություն՝ պայմանավորված պարատհորմոնի նկատմամբ հյուսվածքային թիրախ-ընկալիչների անբավարարությամբ)
- D հիպովիտամինոզ երեխաների ռախիտի և չափահասների օստեոմալյացիայի ժամանակ (ինսոլյացիայի կրճատման, մալաբսորբցիայի և սնուցման խանգարման արդյունք)
- նեֆրոտիկ համախտանիշին և լյարդի պաթոլոգիաներին ուղեկցող հիպոալբումինեմիա
- սուր պանկրեատիտ՝ պանկրեոնեկրոզով
- քրոնիկ երիկամային անբավարարություն
- լյարդային անբավարարություն
- հակաուռուցքային միջոցների, հակացնցումային պրեպարատների, EDTA, նեոմիցինի ընդունում
- կալցիումի իոնների սեկվեստրացիա (սուր ալկալոզ, ֆոսֆատնների բարձրացում, մեծ քանակով ցիտրատային արյան փոխներարկում)
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Calcium Тotal
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Ca-T
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: