Լաբ թեստեր

Կարցինոէմբրիոնային հակածին

CEA

Ընդհանուր նկարագրություն

Կարցինոէմբրիոնային հակածինը քաղցկեղների և դրանց մետաստազների մարկեր է:

Կարցինոէմբրիոնային հակածինը (Carcinoembryonic antigen, CEA) հակածին է, որն արտադրվում է սաղմի և պտղի մարսողական ուղու և ենթաստամոքսային գեղձի հյուսվածքների կողմից: CEA-ն իրենից ներկայացնում է շուրջ 180 հզ Դալտոն մոլեկուլյար կշռով մոնոմետրիկ գլիկոպրոտեին: Մոլեկուլյար կառուցվածքի առանձնահատկությունից մեկն ածխաջրատների հարաբերական մեծ քանակության պարունակությունն է (45-60%):

AFP-ի նման CEA-ն պատկանում է կարցինոֆետալ հակածինների խմբին. այն արտադրվում է սաղմի հյուսվածներում և առկա է պտղի արյան շիճուկում: Նորածնի ծնվելուց հետո այս նյութի սինթեզն ընկճվում է: Նորմալ չափահաս մարդկանց շիճուկում, այդ թվում՝ հղի կանանց մոտ, գործնականում բացակայում է, թեև շատ ցածր քանակներով հայտնաբերվում է միայն առողջ չափահասի աղիքային, լյարդային և ենթաստամոքսային հյուսվածքներում: Ուռուցքային պրոցեսների առկայության ժամանակ CEA-ի մակարդակն արյան պլազմայում զգալիորեն աճում է:

Արյան պլազմայում CEA-ի մակարդակի զգալի աճ հաճախ գրանցվում է կոլոռեկտալ ադենոկարցինոմաների դեպքում: CEA-ի մակարդակի թեթևից մինչև չափավոր բարձրացում (հազվադեպ՝ > 10 նգ/մլ) կարող է դիտարկվել նաև աղիքների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի և թոքերի ոչ չարորակ հիվանդությունների 20-50%-ի դեպքում (օրինակ՝ լյարդի ցիռոզ, քրոնիկ հեպատիտ, պանկրեատիտներ, խոցային կոլիտներ, Կրոնի հիվանդություն, էմֆիզեմա): Ծխող անձանց մոտ նույնպես կարող է գրանցվել արյան պլազմայի CEA-ի որոշակի բարձրացում:

Չափահասների մոտ քաղցկեղային հիվանդությունների ժամանակ CEA-ն կարող է հայտնաբերվել նաև պլևրալ հեղուկում, ասցիտային արտազատուկում, ստամոքսաղիքային ուղու հյութերում և մեզում: CEA-ի մակարդակը կարող է բարձրանալ նաև որոշ ստոմատիկ հիվանդությունների ժամանակ:

Հետազոտության ցուցումներ

  • ռիսկի խմբերի սքրինինգային հետազոտման ժամանակ ուռուցքների վաղ ախտորոշում
  • կոլոռեկտալ քաղցկեղի, կրծքագեղձի, ստամոքսի և թոքերի չարորակ նորագոյացությունների ընթացքի հսկողություն, վաղ ռեցիդիվների հայտնաբերում և վիրաբուժական բուժման արդյունավետության գնահատում
  • С-բջջային կարցինոմայի ախտորոշում

Կենսանմուշ

«Կարցինոէմբրիոնային հակածին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց) : Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մկգ/լ (միկրոգրամ/լիտր)

Միավորների փոխակերպում

մկգ/լ = նգ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ՝ < 3,8 նգ/մլ

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք CEA, նգ/մլ
Երբեք չծխողներ 20-69 տ. < 3,8
40-69 տ. < 5,0
Ներկայում ծխողներ 20-69 տ. < 5,5
40-69 տ. < 6,5

Արդյունքների մեկնաբանություն

Արյան պլազմայի CEA-ի մակարդակի բարձրացում (չափահասներ)

Ուռուցքային հիվանդություններ (> 20 նգ/մլ)

Սոմատիկ հիվանդություններ (հազվադեպ > 10 նգ/մլ, որը կլինիկայի բարելավման հետ կարող է նաև նվազել)

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Carcinoembryonic Аntigen

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ CEA

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 19-05-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: