Միջազգային անվանում (հապավում). Chlamydia Тrachomatis IgM (Chl. Тr. IgM)
Նկարագրություն
Chlamydia Тrachomatis-ի IgМ-ն համարվում է սուր կամ քրոնիկ քլամիդիային վարակի մարկերը:
Քլամիդիա տրախոմատիսի (CHL. T.) IgМ-ը սեկրետոր հակամարմին է, որն առաջանում է վարակվելուց 1-2 շաբաթ անց և լորձաթաղանթները պաշտպանում են քլամիդիայի ավելի խորը թափանցումից:
IgМ հակամարմիններն ի հայտ են գալիս CHL. T.-ի օրգանիզմ մուտք գործելուց 10-15 օր անց: Համարվում է սեկրետորային իմունոգլոբուլին, որն ապահովում է տեղային հակաքլամիդիային իմունիտետը: Ամենաբարձր մակարդակը հայտնաբերվում է լորձաթաղանթներում: IgМ-ի տիտրը նվազում է վարակվելուց 3 ամիս անց: Նույն տիտրն իջնում է ռեկովալեսցենցիայի շրջանում և բարձրանում՝ քրոնիկ պրոցեսի սրացման, կրկնակի վարակման դեպքում: Մակերեսային ձևերի դեպքում (կոնյուկտիվիտ, ուրեթրիտ և այլն) առաջանում են վարակի ողջ ընթացքի ժամանակ:
Վարակը փոխանցվում է սեռական, կոնտակտային-կենցաղային ճանապարհներով: Ռիսկի խմբերը ներառում են ոչ կանոնավոր սեռական կապեր դրսևորող անձինք և քլամիդիայով վարակված անձանց ընտանիքի անդամները (հատկապես երեխաները): Chlamydia trachomatis-ի տարրական մարմինների չափսը խիստ փոքր է՝ 0,2-0,4 մկմ, որի պատճառով պատնեշային հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործմամբ անգամ սեռական զուգընկերները մնում են ոչ լիարժեք պաշտպանված:
Քլամիդիոզը բակտերիալ վարակիչ համակարգային բնույթի հիվանդություն է, որն առավելապես դրսևորում է ենթասուր կամ քրոնիկ ընթացք: Բնորոշվում է լորձաթաղանթների էպիթելի վնասմամբ (սեռական օրգաններ, աչքեր և շնչուղիներ):
CHL. T.-ն առկա է երկու ձևերով՝ վարակիչ (տարրական մարմնիկներ)՝ մետաբոլիկ թույլ ակտիվ, որը հարմարեցված է գոյություն ունենալու արտաբջջային միջավայրերում և վեգետատիվ (ռետիկուլյար մարմնիկներ)՝ ներբջջային տեղակայման, մետաբոլիկ ակտիվ, որն առաջանում է քլամիդիաների բազմացման ժամանակ: Ցիտոպլազմատիկ վակուոլներում ռետիկուլար մարմնիկների տրոհման և տարրական մարմնիկների վերափոխման ընթացքում ձևավորվում են մինչև 1000 նոր տարրական մարմնիկներ: Զարգացման ցիկլը, որպես կանոն, ավարտվում է էպիթելիալ բջջի մեռուկացմամբ և վերջինիցս նոր տարրական մարմնիկների ազատմամբ:
Որոշ պայմանների առկայությամբ (իմունիտետի առանձնահատկություններ, հակաբիոտիկներով ոչ համարժեք բուժում) ռետիկուլյար մարմնիկների հասունացումը և դրանց փոխակերպումը տարրական մարմնիկների դանդաղում է, որն առաջացնում է CHL. T.-ի հիմնական հակածինների էքսպրեսիայի ընկճում, օրգանիզմի իմունային պատասխանի նվազում և հակաբիոտիկների նկատմամբ զգայունության փոփոխություն, և դրանց արդյունքում՝ վարակի պերսիստենցիա: Պերսիստենտ վարակի վերաակտիվացումը կարող է ընթանալ փոփոխված իմունային կամ հորմոնային վիճակի, վնասվածքների, վիրահատությունների և սթրեսի ազդեցությամբ:
Քլամիդիային վարակին ինտոքսիկացիան բնորոշ չէ: Քլամիդիային բորբոքային պրոցեսի արդյունքում ախտահարված լորձաթաղանթը հաստանում է, էնդոթելոցիտները և բազմաշերտ տափակ էպիթելը ենթարկվում են մետապլազիայի՝ շարակցական հյուսվածքի սպիական փոփոխությունների հետագա զարգացմամբ: Վերջինս, ինչպես ընդունված է համարել, հանդիսանում է տղամարդկանց և կանանց մոտ քլամիդիային ծագման վարակային բորբոքման արդյունքում երկրորդային անպտղության պատճառ:
Քլամիդիային վարակին ուղեկցող համակարգային խանգարումները (այդ թվում՝ Ռեյտերի համախտանիշի դեպքում) աուտոիմուն բնույթի են և կապված չեն բակտերեմիայի հետ:
Վարակի կլինիկական պատկերը մեծամասամբ սպեցիֆիկ չէ:
Տղամարդկանց մոտ քլամիդիոզի սկզբնական դրսևորումը կարող է ընթանալ միզուկաբորբի (ուրեթրիտ), ուղիղ աղիքի բորբոքման (պրոկտիտ), աչքի շաղկապենու բորբոքման (կոնյուկտիվիտ), ըմպանաբորբի (ֆարինգիտ) նշաններով, իսկ կանանց մոտ կարող է զարգանալ միզուկաբորբ, արգանդի վզիկի բորբոքում (ցերվիցիտ), պրոկտիտ, կոնյուկտիվիտ և վեներական լիմֆոգլանուլեմաներ: Երեխաների մոտ ավելի հաճախ գրանցվում են կոնյուկտիվիտներ, թոքաբորբեր (պնևմոնիաներ), միջին ականջաբորբեր (օտիտ) և բրոնխիոլիտներ:
Ախտորոշման համար դժվարություն է ներկայացնում քլամիդիոզի հատկապես անախտանիշ ձևերը:
Քլամիդիոզը կարող է բարդանալ որոշ թերապևտիկ խնդիրներով կանանց մոտ՝ սալպինգիտ, էնդոմետրիտ, արտաարգանդային հղիություն, անպտղություն, հետծննդյան էնդոմետրիտ, վաղաժամ ծննդաբերություն, անհաջող հղիություններ, մեռելածնություն (մահացած պտուղ), միզասեռական ուղու ուռուցքներ, իսկ տղամարդկանց մոտ՝ մակամորձու բորբոքում (էպիդիդիմիտ), շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ), Ռեյտերի համախտանիշ, անպտղություն և ուղիղաղիքային կպումներ:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
Երկու սեռերի մոտ՝
- միզուկաբորբ (ուրեթրիտ)
- ուղիղ աղիքի բորբոքում (պրոկտիտ)
- աչքի շաղկապենու բորբոքում (կոնյուկտիվիտ)
- ըմպանաբորբ (ֆարինգիտ)
- չպաշտպանված սեռական հարաբերություններ
- սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն
Կանանց մոտ՝
- արգանդի վզիկի բորբոքում (ցերվիցիտ)
- հեղիության ընթացքում զարգացած ցերվիցիտ:
Երեխաների մոտ՝
- թոքաբորբեր՝ երեխաների և թուլացած իմունիտետով անձանց մոտ
- բրոնխիոլիտ՝ երեխաների մոտ
Կենսանմուշ
Chl. Тr. IgM թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու կարիքը չի զգացվում:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր
Գործակից (ինդեքս)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- Բացասական պատասխան՝ գործակիցը < 0,8
- Սահմանային (կասկածելի) պատասխան՝ (0,8-1,0)
- Դրական պատասխան՝ > 1,0
Արդյունքների մեկնաբանություն
CHL. T. IgМ-ի դրական պատասխան
- սուր քլամիդիոզ. վարակումը տեղի է ունեցել ավելի քան 2 շաբաթ առաջ
- քրոնիկ քլամիդիոզ՝ վարակի ակտիվացման փուլում
- քլամիդիոզային ռեինֆեկցիա
- ներարգանդային վարակի զարգացումը հավանական է
CHL. T. IgМ-ի բացասական պատասխան
- սուր քլամիդիոզ կամ քրոնիկ վարակի ակտիվ փուլ չի հայտնաբերվել
- չի կարելի բացառել քրոնիկ քլամիդիոզը, լատենտային փուլը
- CHL. T.-ով վարակումը տեղի է ունեցել 1-2 շաբաթ առաջ
- ներարգանդային վարակի զարգացումը քիչ հավանական է
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 27-03-2024