Լաբ թեստեր

Խոլեսթերին

CHOL

Ընդհանուր նկարագրություն

Ընդհանուր խոլեսթերինը ճարպային փոխանակության կարևորագույն ցուցանիշն է:

Խոլեսթերինը (խոլեսթերոլ) երկրորդային միատոմ ցիկլիկ սպիրտ է: Արյան մեջ և հյուսվածքներում այն հանդիպում է ազատ և եթերացված տարատեսակներով:

Ազատ խոլեսթերինը մտնում է բջջային պլազմատիկ թաղանթների, ինչպես նաև միտոքոնդրիալ և ավելի քիչ քանակներով՝ էնդոպլազմատիկ ցանցի թաղանթների կազմության մեջ: Արյան շիճուկում ավելի գերակշռող են խոլեսթերինի եթերները: Խոլեսթերինը հանդիսանում է սեռական հորմոնների, կորտիկոստերոիդների, ճարպաթթուների և վիտամին D-ի սինթեզման սկզբնաղբյուրը:

Խոլեսթերինի մինչև 80%-ը սինթեզվում է լյարդում, իսկ մնացած մասն օրգանիզմ է ներմուծվում կենդանական ծագման սննդամթերքների միջոցով (ճարպոտ միս, կարագ, ձու): Խոլեսթերինը ջրալուծ չէ, ուստի և տարբեր օրգան-հյուսվածքների միջև տեղափոխվում է լիպոպրոտեիդային միացությունների կազմության մեջ:

Տարբերակում են խոլեսթերինի երկու հիմնական ֆրակցիաներ՝ ցածր խտության լիպոպրոտեիդներ (LDL) և բարձր խտության լիպոպրոտեիդներ (HDL), որոնք միմյանցից տարբերվում են իրենց բաղադրությամբ և ֆունկցիաներով:

Ծնվելիս մարդու արյան պլազմայում խոլեսթերինի մակարդակը 3,0 մմոլ/լ-ից ցածր է: Տարիքին զուգահեռ արյան մեջ խոլեսթերինի պարունակությունը բարձրանում է, ինչպես նաև ի հայտ են գալիս միջսեռային տարբերություններ: Տղամարդկանց մոտ խոլեսթերինի մակարդակը սկսում է աճել վաղ և միջին չափահաս տարիքում, որից հետո ծեր տարիքում սկսում է նվազել: Կանանց մոտ խոլեսթերինի մակարդակը տարիքի հետ աճում է ավելի դանդաղ՝ մինչև դաշտանադադարը, որից հետո կարող է նույնիսկ գերազանցել տղամարդկանց մակարդակը, որը կապված է սեռական հորմոնների հետ: Էստրոգենները նվազեցնում, իսկ անդրոգենները բարձրացնում են ընդհանուր խոլեսթերոլի մակարդակը:

Խոլեսթերինի կուտակումը համարվում է աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկի գործոն: Չափահաս տարիքում արյան խոլեսթերինի 6,22 մմոլ/լ և ավելի բարձր ցուցանիշները կանխատեսում են սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկ:

Ընդհանուր խոլեսթերինի բարձր սահմանային և նորմայից բարձր ցուցանիշների դեպքում նպատակահարմար է ուսումնասիրել նաև լիպիդային պրոֆիլի մնացած ցուցանիշները՝ տրիգլիցերիդները, ցածր խտության (LDL) և բարձր խտության (HDL) լիպոպրոտեիդները:

Հետազոտության ցուցումներ

  • աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված սրտանոթային հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ և այլն (կանխատեսում, ռիսկերի գնահատում, ախտորոշում)
  • լյարդի և երիկամների հիվանդություններ
  • ներզատական (էնդոկրին) հիվանդություններ (միքսեդեմա, շաքարային դիաբետ)

Կենսանմուշ

«Խոլեսթերին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չի թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,026 = մմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործման միջակայքեր

  • նորմա՝ < 5,2 մմոլ/լ
  • չափավոր ռիսկ՝ (5,2-7,8) մմոլ/լ
  • բարձր ռիսկ՝ > 7,8 մմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք Սեռ CHOL, մմոլ/լ
< 5 տ. Տղամարդիկ 2,95 - 5,25
Կանայք 2,90 - 5,18
5 - 10 տ. Տղամարդիկ 3,13 - 5,25
Կանայք 3,26 - 5,3
10 - 15 տ. Տղամարդիկ 3,08 - 5,23
Կանայք 3,21 - 5,20
15 - 20 տ. Տղամարդիկ 2,93 - 5,10
Կանայք 3,08 - 5,18
20 - 25 տ. Տղամարդիկ 3,21 - 5,64
Կանայք 3,16 - 5,59
25 - 30 տ. Տղամարդիկ 3,44 - 6,32
Կանայք 3,32 - 5,75
30 - 35 տ. Տղամարդիկ 3,57 - 6,58
Կանայք 3,37 - 5,96
35 - 40 տ. Տղամարդիկ 3,78 - 6,99
Կանայք 3,63 - 6,27
40 - 45 տ. Տղամարդիկ 3,91 - 6,94
Կանայք 3,81 - 6,53
45 - 50 տ. Տղամարդիկ 4,09 - 7,15
Կանայք 3,94 - 6,86
50 - 55 տ. Տղամարդիկ 4,09 - 7,17
Կանայք 4,20 - 7,38
55 - 60 տ. Տղամարդիկ 4,04 - 7,15
Կանայք 4,45 - 7,77
60 - 65 տ. Տղամարդիկ 4,12 - 7,15
Կանայք 4,45 - 7,69
65 - 70 տ. Տղամարդիկ 4,09 - 7,10
Կանայք 4,43 - 7,85
> 70 տ. Տղամարդիկ 3,73 - 6,86
Կանայք 4,48 - 7,25

Արդյունքների մեկնաբանություն

Ընդհ. խոլեսթերինի մակարդակի բարձրաձում (հիպերխոլեսթերինեմիա)

Առաջնային հիպերլիպիդեմիաներ

  • ընտանեկան հիպերխոլեսթերինեմիա (IIa, IIb ֆենոտիպեր)
  • ընտանեկան համակցված հիպերխոլեսթերինեմիա
  • պոլիգեն հիպերխոլեսթերինեմիա (IIa ֆենոտիպ)
  • ընտանեկան դիսբետալիպոպրոտեինեմիա (III ֆենոտիպ)

Երկրորդային հիպերլիպիդեմիաներ

Ընդհ. խոլեսթերինի մակարդակի նվզեցում (հիպոխոլեսթերինեմիա)

  • հյուծում, սովահարություն
  • մալաբսորբցիայի համախտանիշ
  • տարածուն այրվածքներ
  • սուր ընթացքով ծանր հիվանդություններ և վարակներ
  • հեպատոցիտների նեկրոզ, լյարդի ցիռոզի վերջնային փուլ, հեպատոկարցինոմա
  • սեպսիս
  • հիպերթիրեոզ
  • քրոնիկ սրտային անբավարարություն
  • հիպո- և աբետալիպոպրոտեինեմիա
  • ալֆալիպոպրոտեինների դեֆիցիտ (Տանժերի հիվանդություն)
  • մեգալոբլաստիկ անեմիա
  • թալասեմիա
  • թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), թոքերի տուբերկուլոզ
  • խոլսեթերինի մակարդակը նվազեցնող դեղեր (օրինակ՝ Խոլեսթիրամին)
  • որոշ դեղեր (կլոմիֆեն, էստրոգեններ, Ինտերֆերոն, Նեոմիցին, Թիրոքսին, Կետոկոնազոլ)

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Тotal Cholesterol

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ CHOL

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: