Լաբ թեստեր
Կորտիզոլ

Միջազգային անվանում (հապավում). Cortisol (CORT)
Նկարագրություն
Կորտիզոլը կամ հիդրոկորտիզոնը (CORT) մակերիկամների կեղևի ստերոիդ հորմոն է՝ գլյուկոկորտիկոիդային հորմոններից ամենահզորը:
Կարտիզոլն ածխաջրային, սպիտակուցային և ճարպային փոխանակության կարգավորիչն է: Այն արտադրվում է մակերիկամների կեղևի խրձային շրջանում՝ ադրենոկորտիկոտրոպ հորմոնի (ACTH) հսկողության ներքո:
Արյան կորտիզոլի 75%-ը կապված է կորտիկոստերոիդ-կապող գլոբուլինի հետ (տրանսկորտին), որն արտադրվում է լյարդում, իսկ 10%-ը կապված է ալբումինի հետ: Կորտիզոլը նյութափոխանակության է ենթարկվում լյարդում: Հորմոնի կիսաքայքայման պարբերությունը 80-110 րոպե է: Այն քամազատվում է երիկամային կծիկներում և օրգանիզմից հեռանում մեզով:
Կորտիզոլն առանցքային դեր ունի օրգանիզմի՝ սթրեսի նկատմամբ պաշտպանողական արձագանքի մեջ: Այն օժտված է կատաբոլիկ ազդեցություններով: Կորտիզոլը բարձրացնում արյան գլյուկոզի մակարդակը՝ վերջինիս արտադրության խթանման և ծայրամասային յուրացումն ընկճելու միջոցով (որպես ինսուլինի ներհակորդ): Նվազեցնում է ճարպերի առաջացումը և խթանում քայքայումը՝ նպաստելով հիպերլիպիդեմիաների և հիպերխոլեսթերինեմիաների զարգացմանը:
Կորտիզոլի միներալոկորտիկոիդային ազդեցությունը թույլ է արտահայտված, սակայն ավելցուկային արտադրությունն առաջացնում է օրգանիզմում նատրիումի պահպանում, այտուցներ և կալիումի մակարդակի նվազեցում, ինչպես նաև կալցիումի բացասական հավասարակշռություն:
Կորտիզոլը հզորացնում է մյուս հորմոնների անոթասեղմիչ ազդեցությունը և խթանում միզարտադրությունը: Այն օժտված է նաև հակաբորբոքային ազդեցությամբ՝ նվազեցնելով օրգանիզմի գերզգայունությունը տարբեր գործոնների նկատմամբ: Նման ազդեցության հիմքում ընկած է կորտիզոլի՝ բջջային և հումորալ իմունիտետներն ընկճելու ունակությունը: Կորտիզոլը նաև կայունացնում է լիզոսոմային թաղանթները: Այս հորմոնը կրճատում է արյան էոզինոֆիլների և լիմֆոցիտների քանակը՝ միաժամանակ ավելացնելով նեյտրոֆիլների, էրիթրոցիտների և թրոմբոցիտների թիվը:
Կորտիզոլին բնորոշ է սեկրեցիայի օրական ռիթմը: Արյան շիճուկում առավելագույն մակարդակին հասնում է առավոտյան ժամերին (06:00-08:00), իսկ նվազագույնին՝ երեկոյան ժամերին 20:00-21:00): Տարիքի հետ կորտիզոլի արտադրությունը քիչ է փոփոխվում:
Հղիության ժամանակ կորտիզոլի մակարդակը հարաճուն բարձրանում է, որը կապված է տրանսկորտինի մակարդակի բարձրացման հետ (հղիության ուշ փուլերում՝ 2-5-ակի բարձրացում):
Կորտիզոլի մասնակի կամ լրիվ արգելափակումն առաջ է բերում ACTH-ի մակարդակի բարձրացում:
Ցուցումներ
- օստեոպորոզ
- մկանային թուլություն
- չափահասների մոտ՝ ակնե (կորյակ, պզուկ)
- արական տիպի մազակալում (հիրսուտիզմ)
- մաշկի ոչ նորմալ պիգմենտավորում
- վաղաժամ սեռահասունացում
- սակավ դաշտան (օլիգոմենորեա)
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- Ադիսոնի և Քուշինգի հիվանդությունների ախտորոշում
Առաջնային և երկրորդային մակերիկամային անբավարարությունների միջև տարբերակիչ ախտորոշում անցկացնելիս որոշում են արյան ACTH-ի և կորտիզոլի մակարդակներն առավոտյան ժամը 08:00-10:00: Առաջնային մակերիկամային անբավարարության ժամանակ կորտիզոլի մակարդակը նվազած է, իսկ ACTH-ինը՝ բարձրացած: Երկրորդային մակերիկամային անբավարարության դեպքում ACTH-ի մակարդակը նվազած կամ նորմայի ստորին սահմանային արժեքներին մոտ է:
Կենսանմուշ
CORT թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Թեստի նախորդ օրերին պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (մարզումներ), մեկ օր առաջ՝ ալկոհոլի ընդունումը, իսկ 1 ժամ առաջ՝ ծխախոտի օգտագործումը:
Թեստի նախորդող օրերին պետք դադարեցնել նաև որոշ դեղերի ընդունումը՝ գլյուկոկորտիկոիդների սինթետիկ համարժեքներ, էստրոգեններ, օփիոիդներ, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչ:
Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
նմոլ/լ (նանոմոլ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
մկգ/դլ (միկրոգրամ/դեցիլիտր)
Միավորների փոխակերպում
մկգ/դլ х 27,6 = նմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- Առավոտյան ժամեր 7:00-10:00՝ (171,0-536,0) (համապատասխանում է 6,2‑19,4 մկգ/դլ)
- Ցերեկային ժամեր 16:00-18:00՝ (64,0-327,0) նմոլ/լ (համապատասխանում է 2,3‑11,9 մկգ/դլ)
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք | CORT, նմոլ/լ |
---|---|
<12 ամս. | 28-966 |
12 ամս-5 տ. | 28-718 |
5-10 տ. | 28-1049 |
10-14 տ. | 55-690 |
14-16 տ. | 28-856 |
> 16 տ. | 138-635 |
Արդյունքների մեկնաբանություն
Արյան շիճուկի կորտիզոլի մակարդակի բարձրացում
- հիպոֆիզի բազոֆիլ ադենոմա
- Քուշինգի համախտանիշ
- մակերիկամների ադենոմա
- մակերիկամների քաղցկեղ
- մակերիկամների հանգուցավոր հիպերպլազիա
- էկտոպիկ կորտիկո-ռիզիլիզինգ-հորմոնային համախտանիշ
- էկտոպիկ ԱԿՏՀ-համախտանիշ
- պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի զուգակցված տարբերակ
- թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ)՝ կատաբոլիզմի նվազեցման հաշվին
- գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
- ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա)
- գիրացում
- դեպրեսիա
- ՁԻԱՀ (չափահասների մոտ)
- լյարդի ցիռոզ (կատաբոլիզմի նվազեցում)
- վատ կառավարվող կամ բուժումից դուրս մնացած շաքարային դիաբետ
- որոշ դեղերի ընդունում՝ Ատրոպին, ԱԿՏՀ, կորտիկոտրոպին-ռիլիզինգ հորմոն, Կորտիզոն, սինթետիկ գլյուկոկորտիկոիդներ, էստրոգեններ, Գլյուկագոն, Ինսերլին, ինտերֆերոններ (a-2, b, g), 6-ինտերլեյկին, օփիոիդներ, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչներ, Վազոպրեսին
Արյան շիճուկի կորտիզոլի մակարդակի նվազեցում
- հիպոպիտուիտարիզմ
- Ադիսոնի հիվանդություն
- մակերիկամների կեղևի բնածին անբավարարություն
- վիճակ գլյուկոկորտիկոիդների երկարատև ընդունումից հետո
- ադրենոգենիտալ համախտանիշ
- թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ, սեկրեցիայի նվազեցում)
- լյարդաբջջային անբավարարություն՝ լյարդի ցիռոզ, հեպատիտ (սեկրեցիայի նվազեցում)
- կտրուկ քաշի անկում
- որոշ դեղերի ընդունում՝ բարբիտուրատներ, Բեկլոմետազոն, Կլոնիդին, Դեքսամեթազոն, Դեզօքսիկորտիկոստերոն, Դեքստրոամֆետամին, Էֆեդրին, Էտոմիդատ, Կետոկոնազոլ, Լևոդոպա, Մագնեզիումի սուլֆատ, Միդազոլամ, Մեթիլպրեդնիզոլոն, Մորֆին, ազոտի օքսիդներ, լիթիումի պատրաստուկներ, Տրիամցինոլոն (երկարատև բուժում)
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 13-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: