Լաբ թեստեր
C-ռեակտիվ սպիտակուց

Ընդհանուր նկարագրություն
C-ռեակտիվ սպիտակուցը «սուր փուլի» սպիտակուց է, որը հանդիսանում է բորբոքումների, մեռուկացման (նեկրոզ) կամ տրավմայի ժամանակ հյուսվածքների վնասման ամենազգայուն և ամենաարագ ցուցանիշը:
C-ռեակտիվ սպիտակուցը (C-reactive protein, CRP) կազմված է 5 նույնատիպ պոլիպեպտիդային շղթաներից, որոնք կազմում են 105000 դալտոն կշռով հնգանդամ:
C-ռեակտիվ սպիտակուցն իր անունը ստացել է պնևմոկոկերի C-պոլիսարախիդների հետ պրեցիպիտացիայի ռեակցիայի մեջ մտնելու ունակության շնորհիվ (սա վարակներից օրգանիզմի վաղ պաշտպանության մեխանիզներից մեկն է):
CRP-ն խթանում է իմունային ռեակցիաները, այդ թվում՝ ֆագոցիտոզը, մասնակցում է Т- և В-լիմֆոցիտների փոխազդեցությանը և ակտիվացնում կոմպլիմենտի դասական համակարգը: Սինթեզվում է գլխավորապես լյարդի բջիջներում (հեպատոցիտներ), և արտադրությունը նախաձեռնվում է հակածիններով, իմունային կոմպլեքսներով, բակտերիաներով, սնկիկներով, տրավմաների ժամանակ (վնասվածքից մոտ 4-6 ժամ անց): Առողջ մարդու արյան պլազմայում CRP-ն բացակայում է:
CRP-ի պատասխանը հաճախ նախորդում է կլինիկական նշաններին, այդ թվում՝ ջերմության բարձրացմանը (տենդ): Արյան պլազմայում CRP-ի մակարդակը բարձր կապվածության մեջ է գտնվում հիվանդության ակտիվության, ախտաբանական գործընթացի փուլի հետ: CRP-ի մակարդակն արագ և բազմապատիկ անգամ բարձրանում է տարբեր բնույթի և տեղակայման բորբոքումների, մակաբուծային վարակների, տրավմաների և ուռուցքների ժամանակ, որոնք ուղեկցվում են հյուսվածքների բորբոքմամբ և մեռուկացմամբ (նեկրոզ):
CRP-ի թեստն ավելի հաճախ համեմատում են էրիթրոցիտների նստման արագության հետ (ԷՆԱ): Երկու ցուցանիշներն էլ կտրուկ աճում են հիվանդության վաղ փուլերում, սակայն CRP-ն հայտնվում և անհետանում է ավելի վաղ, քան ԷՆԱ-ն: Հաջող բուժման դեպքում CRP-ն սկսում է նվազել հետագա օրերի ընթացքում՝ նորմալանալով արդեն 6-10-րդ օրերին, մինչդեռ ԷՆԱ-ն նվազում է միայն 2-4 շաբաթ անց:
Այսպիսով, CRP-ի արագ նորմալացումը թույլ է տալիս այս հետազոտությունից օգտվել հիվանդության ընթացքը հսկելու և բուժման արդյունավետությունը գնահատելու համար: Ցանկացած հիվանդության ժամանակ կամ վիրահատությունից հետո բակտերիալ վարակի ավելացումը (կոչվում է երկրորդային բակտերիալ վարակ), լինի դա տեղային բնույթի կամ համակարգային (սեպսիս), ուղեկցվում է այսպես կոչված «սուր փուլի սպիտակուցների» և առաջին հերթին՝ CRP-ի մակարդակների բարձրացմամբ:
CRP-ի քանակների վրա հորմոնները, այդ թվում՝ հղիության ժամանակ, գրեթե չեն ազդում: Հիվանդության քրոնիկ փուլի անցման ժամանակ CRP-ի մակարդակը նվազում է՝ մինչև լիարժեք անհետացում, իսկ ախտաբանական պրոցեսի սրացման ժամանակ կրկին բարձրանում է:
Վիրուսային և սպիրոխետային վարակների ժամանակ CRP-ն աճում է ոչ զգալի կերպով, ուստի տրավմաների բացակայության դեպքում արյան պլազմայում CRP-ի բարձր ցուցանիշը կարող է վկայել բակտերիալ վարակի առկայության մասին: Նորածինների մոտ CRP-ն կարող է կիրառվել սեպսիսի ախտորոշման մեջ:
Վիրահատական միջամտությունից հետո ևս այս ցուցանիշը կարող է բարձրանալ, սակայն բակտերիալ վարակի բացակայության դեպքում այն արագ նորմալանում է: Իսկ բակտերիալ վարակի գումարման դեպքում (տեղային կամ սեպսիս) դիտարկվում է CRP-ի բարձրացում կամ վերջինիս նվազման բացակայություն:
Բարձր զգայունության CRP
Վերջին տասնամյակներում մշակվել են CRP-ի որոշման բարձր զգայուն մեթոդներ, որոնք թույլ են տալիս արյան պլազմայում հայտնաբերել այս սպիտակուցի մինչև 0,5 մգ/լ քանակները: Այսպիսի բարձր զգայունությամբ որոշված CRP-ն (CRP h.s.) թույլ է տալիս այս ցուցանիշի տատանումները հայտնաբերել ոչ միայն սուր, այլև՝ քրոնիկ, թույլ արտահայտված էնդոգեն բորբոքումների դեպքում: Ապացուցված է, որ CRP-ի բարձրացումն անգամ < 10 մգ/լ միջակայքում և նորմայի վերին սահմանի մոտակայքում գործնականում առողջ թվացող մարդկանց մոտ վկայում է աթերոսկլերոզի, ինչպես նաև առաջին սրտամկանի ինֆարկտի, թրոմբոէմբոլիաների զարգացման բարձրացած ռիսկի մասին:
Որոշ հետազոտությունների արդյունքներ վկայում են, որ այս առումով բարձր-զգայուն CRP-ի ինֆորմատիվությունն ավելի բարձր է, քան ցածր խտության լիպոպրոտեիդների խոլեսթերինինը (ՑԽԼ-Խոլեսթերին): Բարձրացած CRP-ով պացիենտների մոտ սրտանոթային բարդությունների ռիսկը զուգահեռաբար աճում է նաև ռիսկի այլ գործոնների բարձրացման դեպքում (խոլեսթերին (CHOL), ֆիբրինոգեն (FG), հոմոցիստեին (HCY) և այլն):
Հետազոտության ցուցումներ
- կոլագենոզներ (բորբոքման ռեակտիվության և բուժման արդյունավետության որոշում)
- սուր վարակային հիվանդություններ
- ուռուցքներ
- քրոնիկ հիվանդությունների բուժման արդյունավետության վերահսկում (օրինակ՝ ամիլոիդոզ)
- աթերոսկլերոզով, դիաբետով, շարունակական հեմոդիալիզի ներքո գտնվող և այլ հիվանդների մոտ սրտանոթային բարդությունների ռիսկի գնահատում
Կենսանմուշ
«C-ռեակտիվ սպիտակուց» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Կենսանմուշը ցանկալի է հանձնել քաղցած վիճակում, սննդի վերջին ընդունումից 8-14 ժամ առաջ (կարելի է խմել ջուր): Անհետաձգելի դեպքերում թույլատրվում է հետազոտվել թեթև սնունդ ընդունելուց 4 ժամ անց:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
- Որպես ագլյուտինացիոն թեստ՝ չափման միավոր չունի
- Որպես քանակական թեստ՝ մգ/լ (միլիգրամ/լիտր)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- Որպես ագլյուտինացիոն թեստ՝ բացասական («խաչերի» բացակայություն)
- Որպես քանակական թեստ՝ մինչև 5 մգ/լ
Արդյունքների մեկնաբանություն
CRP մակարդակի բարձրացում (դրական պատասխան)
- համակարգային ռևմատիկ հիվանդություններ
- ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ
- տրոնսպլանտատի անջատման ռեակցիա
- չարորակ ուռուցքներ
- երկրորդային ամիլոիդոզ
- սրտամկանի ինֆարկտ (հայտնվում է հիվանդության 2-րդ օրը և անհետանում 2-րդ շաբաթվա սկզբին-3-րդ շաբաթվա ավարտին, իսկ կրծքահեղձուկի (ստենոկարդիա) ժամանակ արյան շիճուկում բացակայում է)
- նորածինների սեպսիս
- մենինգիտ
- տուբերկուլոզ
- հետվիրահատական բարդություններ
- նեյտրոպենիա (նեյտրոֆիլների քչացում)
- որոշ դեղեի ընդունում՝ էստրոգեններ, էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչ օրալ հաբեր
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ C-reactive protein
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ CRP
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: