Skip to main content

Ցիստատին C - Սուբստրատներ

Միջազգային անվանում (հապավում). Cystatin C (CysC)

Նկարագրություն

Ցիստատին C-ի թեստը կրեատինինի հետ միասին հանդիսանում է երիկամների գործունեության գնահատման մարկեր:

Ցիստատին C-ն 13400 դալտոն մոլեկուլյար զանգվածով սպիտակուց է: Այն ցիստեինային պրոտեազի արգելակիչ է, որն արտադրվում է օրգանիզմի կորիզ պարունակող բոլոր բջիջների կողմից և ներգրավված է արտաբջջային պրոտեոլիզի հսկման մեխանիզմներում: Ցիստատին C-ն մուտք է գործում արյան հուն կայուն արագությամբ և գրեթե ամբողջությամբ (ավելի քան 99%) օրգանիզմից հեռանում է երիկամներով:

Ունենալով փոքր մոլեկուլյար զանգված, ցիստատին C-ն ազատորեն անցնում է երիկամային կծիկներով, որից հետո ենթարկվում է ետներծծման և ամբողջությամբ փոխակերպվում է երիկամային խողովակիկներում՝ մեզում հայտնվելով միայն հետքային քանակներով: Ի տարբերություն կրեատինինի, այն չի ենթարկվում խողովակիկային սեկրեցիայի:

Արյան շիճուկում ցիստատին C-ի մակարդակը հակադարձ համեմատական է երիկամներում կծիկային քամազտման (ֆիլտրացիայի) արագությանը: Ուստի, երիկամների գործունեության նվազման դեպքում գրանցվում է այս սպիտակուցի կուտակում արյան մեջ:

Ցիստատին C-ի թեստի օգտակարությունը

Ցիստատին C-ի թեստը կարելի է օգտագործել երիկամների գործունեության գնահատման մեջ որպես կրեատինինին այլընտրանք: Ի տարբերություն կրեատինինի, ցիստատին C-ի առաջացումը զգալիորեն ավելի քիչ աստիճանով է կախված հետազոտվողի մկանային զանգվածից, սեռից, տարիքից (սկսած 1 տարեկանից) և մարդաչափական տվյալներից (հասակ, քաշ): Այս մարկերը թույլ է տալիս ավելի ճիշտ գնահատել երեխաների և ոչ ստանդարտ մարմնաչափով, նվազած մկանային զանգվածով, ծերունական տարիքի չափահաս մարդկանց մոտ երիկամների գործունեության խանգարման չափը, երբ կծիկային քամազատման (ֆիլտրացիայի) արագության (еGFR) չափումը կրեատինինի միջոցով սահմանափակված է (օրինակ, կարող են ստացվել շեղված արդյունքներ): Ավելին, ապացուցվել է, որ ցիստատին C-ն ավելի զգայուն է սուր երիկամային ախտահարման ժամանակ դրանց գործունեության վաղ փոփոխություններին, քանի որ նման դեպքերում ցիստատին C-ի մակարդակի բարձրացումը նախորդում է կրեատինինի մակարդակի բարձրացմանը:

Ինչպես կրեատինինի, այնպես էլ ցիստատինի համար առաջարկվում է կծիկային քամազատման արագության տարբեր բանաձևեր, որոնցից կլինիկորեն ամենաօգտակարը CKD-EPI բանաձևն է:

Քրոնիկ երիկամային հիվանդությունների ախտորոշման ուղեցույցներում ցիստատին C-ի որոշումը խորհուրդ է տրվում այն իրավիճակներում, երբ կրեատինինից օգտվելը կարող է ունենալ սահմանափակումներ (տե՛ս վերևում), ինչպես նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտ է հաստատել քրոնիկ երիկամային ախտահարումն ըստ կրեատինինի CKD-EPI հաշվարկով 45-59 մլ/ր/1,73 մ2միջակայքում ընկած արդյունք ստանալիս, երբ երիկամների ախտահարման այլ նշանները բացակայում են (օրինակ՝ ալբումինուրիա): Եթե այսպիսի իրավիճակում ըստ ցիստատին C-ի CKD-EPI հաշվարկով ստացվում է 60 մլ/ր/1,73 մ2-ից ցածր պատասխան, քրոնիկ երիկամային հիվանդության ախտորոշումը ստանում է լրացուցիչ հաստատում, հակառակ դեպքում՝ չի հաստատվում:

Ըստ ցիստատին C-ի CKD-EPI-ի հսկողությունը կարող է կիրառվել նաև սրտանոթային ախտահարումների կամ դրանց բարդությունների ռիսկը գնահատելիս: Երիկամների դիսֆունկցիան և սրտանոթային համակարգի հիվանդությունները միմյանց հետ փոխադարձ կապված են, քանի որ երիկամը կարող է հանդես գալ ոչ միայն սրտանոթային փոփոխությունների հետ կապված տարբեր գործոնների փոխազդեցության թիրախ օրգան, այլև ակտիվորեն ազդել անոթային ախտահարումների և համակարգային նյութափոխանակային տեղաշարժերի ձևավորման վրա: Ըստ որոշ տվյալների նման դեպքերում ցիստատին C-ից օգտվելն ավելի ինֆորմատիվ է, քան կրեատինինի հիման վրա ստացված արդյունքները:

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ հղիների մոտ ըստ ցիստատին C-ի CKD-EPI-ի հաշվարկը բավարար ճիշտ տեղեկություն չի ապահովում: Նույն կերպ, վահանաձև գեղձի գործունեության խանգարումը նույնպես հանդիսանում է ցիստատին C-ի արտադրության վրա ազդող գործոն և կարող է խեղաթյուրել CKD-EPI բանաձևով հաշվարկված պատասխանը:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • Երիկամների գործունեության գնահատում, որպես CKD-EPI բանաձևում կրեատինին այլընտրանք, հատկապես այն իրավիճակներում, երբ կրեատինինի օգտակարությունը վիճելի է (ոչ սովորական մարմնի չափեր, ոչ սովորական մկանային զանգվածի ծավալ, ճարպակալում, անբավարար սնուցում, ծերունական հասակ) կամ երբ անհրաժեշտ է քրոնիկ երիկամային հիվանդության ախտորոշման լրացուցիչ հաստատում:
  • Քրոնիկ երիկամային հիվանդությամբ պացիենտների բուժման հսկողություն և ռիսկերի գնահատում:
  • Սուր երիկամային ախտահարման ախտորոշում (ցիստատին C-ի մակարդակը սկսում է աճել ավելի վաղ, քան կրեատինինինը):
  • Սրտանոթային ախտահարումների և դրանց բարդությունների զարգացման ռիսկերի գնահատում:

Կենսանմուշ

CysC թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյան նմուշառումը գերադասելի է կատարել առավոտյան, քաղցած վիճակում, վերջին սնվելուց 8-14 ժամ անց (ջուր կարելի է խմել): Թույլատրվում է նաև լաբորատորիա այցելել ցերեկվա ժամերին, թեթև նախաճաշից առնվազն 4 ժամ հետո:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Այլընտրանքային չափման միավոր

մգ/լ (միլիգրամ/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

ՏարիքՑիստատին С, մգ/լ
ՏղամարդիկԿանայք
1 ամս. փոքր1,49 - 2,851,49 – 2,85
1 - 5 ամս.1,01 - 1,921,01 - 1,92
5 ամս. - 1 տարեկան0,75 - 1,530,75 - 1,53
1 - 2 տարեկան0,77 - 1,850,60 - 1,20
2 - 19 տարեկան0,62 - 1,110,62 - 1,11
19 տարեկանից բարձր0,5 - 1,20,5 - 1,2

Արդյունքների մեկնաբանություն

Ցիստատին C-ի մակարդակի բարձրացում

  • երիկամային գործունեության կրճատում
  • վահանաձև գեղձի գործունեության խանգարում
  • կորտիկոստերոիդների ընդունում:

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2021
Վերջին վերանայում՝ 07-11-2023