Լաբ թեստեր

Դ-դիմեր

D-dim

Ընդհանուր նկարագրություն

D-դիմերը արյան մակարդուկի՝ թրոմբի առաջացման և ձևավորված թրոմբի տրոհման՝ ֆիբրինոլիզի մարկեր է:

D-դիմերի (D-dimer) մակարդակը կարող է բարձրանալ մակարդելիության ակտիվացմամբ ընթացքող բազմաթիվ վիճակների ժամանակ՝ դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշ, խորանիստ երակների թրոմբոզ, թոքային թրոմբոէմբոլիա, վիրահատական մեծ միջամտությունների ժամանակ հյուսվածքների տարածուն վնասում, սրտային անբավարարություն, վարակներ, բորբոքումներ, նորագոյացություններ և այլն:

Չնայած հետազոտություն սահմանափակ սպեցիֆիկությանը, D-դիմերի որոշումը մակարդելիության և ֆիբրինոլիզի մյուս գործոնների համեմատ ունի մի շարք առավելություններ, քանի որ D-դիմերն առաջանում է միայն այն դեպքում, երբ առկա են երկու պրոցեսները միաժամանակ: Օրինակ, D-դիմերի մակարդակը չի փոփոխվում առաջնային ֆիբրինոլիզի, դիսֆիբրինոգենեմիաների ժամանակ:

D-դիմերի մակարդակի վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ թրոմբի մեծություն, կլինիկական նշաններն ի հայտ գալուց հետո հակամակարդիչներով բուժման սկիզբն ընկած ժամանակահատված, որոնց դեպքում D-դիմերի մակարդակն աստիճանաբար նվազում է, թրոմբոլիտիկ բուժում, որը, հակառակը, առաջացնում է D-դիմերի մակարդակի բարձրացում:

Հղի կանանց մոտ հղիության վաղ փուլերից սկսած D-դիմերի մակարդակն արյան մեջ աստիճանաբար բարձրանում է: Հղիության ժամկետների ավարտին վերջինիս մակարդակը կարող է 3-4 անգամ գերազանցել սկզբնականը: D-դիմերի զգալի բարձր ցուցանիշներ գրանցվում է հղիության բարդությունների ժամանակ (գեստոզ, պրեէկլամպսիա), ինչպես նաև դիաբետով, երիկամների հիվանդություններով հղիների մոտ:

D-դիմերի մակարդակն աճում է նաև 80 տարեկանից հետո:

Հետազոտության ցուցումներ

Կենսանմուշ

«Դ-դիմեր» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հատուկ նախապատրաստման կարիք չի զգացվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել ոչ շուտ, քան սննդի վերջին ընդունումից 4 ժամ անց:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Տղամարդիկ և ոչ հղի կանայք՝ < 285 նգ/մլ

Հղի կանայք՝

  • 1-ին տրիմեստր՝ < 286 նգ/մլ
  • 2-րդ տրիմեստր՝ < 457 նգ/մլ
  • 3-րդ տրիմեստր՝ < 644 նգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

D-դիմերի մակարդակի բարձրացում

  • զարկերակային և երակային թրոմբներ (այդ թվում՝ խորանիստ երակների թրոմբոզ, ԹԶԹԷ)
  • դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշ
  • վարակներ, սեպսիս
  • բորբոքումներ (մեղմ բարձրացում)
  • լյարդի հիվանդություններ
  • տարածուն արյունազեղումներ (հեմատոմա)
  • հղիություն
  • վիրահատական միջամտություններ
  • 80 տարեկանից բարձր տարիք
  • ուռուցքային հիվանդություններ
  • թրոմբոլիտիկ բուժում

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ D-dimer

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ D-dim

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: