Միջազգային անվանում (հապավում). Dehydroepiandrosterone sulfate (DHEA-S)
Նկարագրություն
Դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատը (DHEA-S) մակերիկամների արական (անդրոգեն) հորմոն է:
DHEA-S-ն արտադրվում է խոլեստերինից, մակերիկամների կեղևի ռետիկուլյար գոտում և լայն փակեղում:
DHEA-S հորմոնի մակարդակն արտացոլում է մակերիկամների անդրոգեն-սինթետիկ ակտիվությունը: Հորմոնն ունի միայն թույլ անդրոգեն ազդեցություն, սակայն, ծայրամասային հյուսվածքներում ենթարկվելով նյութափոխանակության` առաջացնում է կենսաբանորեն ակտիվ տեստոստերոն (TEST) և դիհիդրոտեստոստերոն (DHT): Օրվա ընթացքում մակարդակը չի տատանվում և ունի կլիրենսի ցածր արագություն:
Դեպի արյան հուն DHEA‑S-ի սեկրեցիայի արագությունը քիչ է տարբերվում դեհիդրոէպիանդրոստերոնի (DHEA) նույն ցուցանիշից: Այնուամենայնիվ, DHEA‑S-ի կիսաքայքայման պարբերականությունը շուրջ 1 օր է, ուստի արյան մեջ այս հորմոնի մակարդակը շուրջ հազար անգամ գերազանցում է DHEA-ի մակարդակը:
DHEA‑S-ը հարաբերականորեն կայուն կերպով կապվում է ալբումինների հետ, և միայն փոքր մասն է մնում ազատ, իսկ սեռական հորմոնները կապող գլոբուլինների հետ (SHBG) գրեթե չի կապվում: Ելնելով արյան մեջ բարձր մակարդակից և ցածր ներ- և միջօրական փոփոխականությունից, DHEA‑S-ը հանդիսանում է մակերիկամների կեղևի անդրոգենային ակտիվության գերազանց ցուցանիշ:
Հղիության ընթացքում DHEA‑S-ն արտադրվում է մոր և պտղի մակերիկամների կեղևում՝ հանդիսանալով ընկերքի էստրոգենների արտադրության նախորդող նյութը: DHEA-S-ի մակարդակը սկսում է աճել՝ սկսած 7 տարեկանից, առավել բարձրանում է սեռահասունացման շրջանում, որից հետո, 30-անց տարիքում սկսում նվազել՝ հատկապես վերարտադրողական տարիքից դուրս գալուց հետո: Հղիություն ընթացքում նույնպես դիտարկվում է DHEA-S-ի մակարդակի նվազեցում:
Կլինիկական առավել մեծ նշանակություն ունի DHEA-S-ի մակարդակի բարձրացումը: DHEA-S-ի ավելցուկային արտադրությունը տեղ է գտնում մակերիկամների կեղևի ժառանգական ֆերմենտային դեֆեկտների (ադրենոգենիտալ համախտանիշ), մակերիկամների կեղևի հիպերպլազիայի, ինչպես նաև անդրոգեն արտադրող ուռուցքների ժամանակ:
DHEA‑S-ի բարձրացած մակարդակի հայտնաբերումն էապես օգնում է հիրուտիզմի և վիրիլիզմի ախտորոշմանը: Այս վիճակների դեպքում անդրոգենիզացիայի բոլոր ձևերի, արյան պրոլակտինի (PRL) մակարդակի բարձրացման (հիպերպրոլակտինեմիա), պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի միջև տարբերակիչ ախտորշում անցկացնելուն զուգահեռ նաև պետք է ժխտել մակերիկամների կեղևի անդրոգեն-արտադրող ուռուցքները: Բուն DHEA‑S-ը, ինչպես նշվեց վերևում, ունի թույլ անդրոգեն ակտիվություն, սակայն նրա մետաբոլիզմից առաջացող կենսաբանորեն ավելի ակտիվ տեստոստերոնը (TEST) և դիհիդրոտեստոստերոնը (DHT) կարող են անուղղակիորեն առաջացնել հիրուտիզմ և վիրիլիզմ:
Մակերիկամների կողմից անդրոգենների արտադրությունը գնահատելիս DHEA-S-ի թեստը փոխարինում է արյան մեջ 17-կետոստերոիդների որոշմանը:
Ձվարաններում DHEA-S չի արտադրվում, ուստի թեստը կիրառվում է նաև կնոջ օրգանիզմում հիպերանդրոգենեմիայի աղբյուրը ճշտելիս:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- անդրոգենիտալ համախտանիշ
- մակերիկամների կեղևի ուռուցքներ
- էկտոպիկ ադրենոկորտիկոտրոպ հորմոն (ACTH) արտադրող ուռուցքներ
- առաջնային անհաջող հղիություն
- պտղի հիպոտրոֆիա
- ֆետո-պլացենտար կոմպլեքսի ախտորոշում՝ սկսած հղիության 12-15-րդ շաբաթներից
Կենսանմուշ
DHEA-S թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը` ոչ պակաս, քան 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ անց): Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մկգ/դլ (միկրոգրամ/դեցիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
մկմոլ/լ (միկրոմոլ/լիտր)
Միավորների փոխակերպում
մկգ/դլ х 0,02714 = մկմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- Տղամարդիկ` (2,41-13,4) մկգ/մլ
- Ոչ հղի կանայք (0,61-4,05) մկգ/մլ
- Հղիության I տրիմեստր (1,14-4,61) մկգ/մլ
- Հղիության II տրիմեստր (0,63-2,60) մկգ/մլ
- Հղիության III տրիմեստր (0,33-1,33)
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք | Կանայք, DHEA-S մկմոլ/լ | Տղամարդիկ, DHEA-S մկմոլ/լ |
---|---|---|
< 1 շաբ. | 0,08 - 2,31 | |
1-4 շաբ. | 0,86 - 11,7 | |
1-12 ամս., | 0,09 - 3,35 | |
1-4 տ. | 0,01 - 0,53 | |
5-9 տ. | 0,08 - 2,31 | |
10-14 տ. | 0,92 - 7,60 | 0,66 - 6,70 |
15-19 տ. | 1,77 - 9,99 | 1,91 - 13,4 |
20-24 տ. | 4,02 - 11,0 | 5,73 - 13,4 |
25-34 տ. | 2,68 - 9,23 | 4,34-12,2 |
35-44 տ. | 1,65 - 9,15 | 2,41 - 11,6 |
45-54 տ. | 0,96 - 6,95 | 1,20 - 8,98 |
55-64 տ. | 0,51 - 5,56 | 1,40 - 8,01 |
65-74 տ. | 0,26 - 6,68 | 0,91 - 6,76 |
≥ 75 տ. | 0,33 - 4,18 | 0,44 - 3,34 |
Արդյունքների մեկնաբանություն
DHEA-S մակարդակի բարձրացում
- ադրենոգենիտալ համախտանիշ
- մակերիկամների կեղևի ուռուցքներ
- էկտոպիկ ACTH-արտադրող ուռուցքներ
- Քուշինգի հիվանդություն (հիպոթալամուս-հիպոֆիզային)
- ֆետո-պլացենտար անբավարարություն
- մակերիկամների կեղևի ուռուցքներ
- կանանց մոտ արական տիպի մազածածկույթ՝ հիրսուտիզմ (DHEA-S-ի նորմալ ցուցանիշների դեպքում հիրսուտիզմը չունի մակերիկամային ծագում)
- պտղի ներարգանդային մահվան սպառնալիք
DHEA-S մակարդակի նվազեցում
- ներարգանդային վարակ
- որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ գեստագեններ
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 02-06-2024