Լաբ թեստեր
Դիհիդրոտեստոստերոն

Ընդհանուր նկարագրություն
Դիհիդրոտեստոստերոնը տեստոստերոնի նյութափոխանակության ակտիվ մետաբոլիտ է, որը պայմանավորում է արական սեռական հատկանիշները:
Դիհիդրոտեստոստերոնը (Dihydrotestosterone, DHT) ամենահզոր բնական անդրոգենն է: Սեռահասունացման տարիքում DHT-ը կանխորոշում է ֆիզիկական զարգացման արական տիպը, կարգավորում է սեռական վարքագիծը և էրեկտիլությունը, տղամարդկանց մոտ՝ արտաքին սեռական օրգանների և շագանակագեղձի զարգացումը: DHT-ի ամենամեծ քանակությունները հայտնաբերվում են արտաքին սեռ. օրգանների մաշկի մեջ և մազային ֆոլիկուլներում: Տղամարդկանց և կանանց մոտ մազաթափությունը և ճաղատացումը պայմանավորված է DHT-ի ազդեցության նկատմամբ ժառանգական նախատրամադրվածությամբ:
Տղամարդկանց DHT-ի շուրջ 70%-ն առաջանում է ծայրամասային հյուսվածքներում ազատ տեստոստերոնից՝ 5-ալֆա-ռեդուկտազայի ազդեցությամբ: Կանանց մոտ DHT-ի մեծ մասն առաջանում է անդրոստենդիոնից:
Արական սեռի ներկայացուցիչների արյան շիճուկում DHT-ի մակարդակն արագ նվազում է ծնվելուց 1-ին շաբաթվա ընթացքում, իսկ կյանքի 2-րդ ամսվա ավարտին բարձրանում է մինչև 120 - 850 պգ/մլ՝ հետագա աստիճանաբար կրճատմամբ մինչև < 30 պգ/մլ, իսկ սեռահասունացման շրջանում դարձյալ սկսում է աճել: Իգական սեռի մոտ կյանքի առաջին ամսվա ընթացքում DHT-ը նվազում է մինչև նախասեռահասունացման մակարդակը (< 30 պգ/մլ):
Արյան պլազմայում DHT-ի մակարդակը սերտորեն կապված է տեստոստերոնի մակարդակի հետ, սակայն զիջում է վերջինիս: DHT/TEST փոխհարաբերակցությունը նվազում է հղիության շրջանում:
DHT-ն անմիջականորեն կարգավորում է շագանակագեղձի բջիջների տրոհումը և նպաստում գեղձի էպիթելի պրոլիֆերացմանը, այսինքն՝ գեղձային հիպերպլազիային: Տեստոստերոնի և DHT-ի միաժամանակյա որոշումը թույլ է տալիս եզրահանգումներ անել տղամարդկանց մոտ սեռական իմպոտենցիայի հորմոնային ծագման մասին: Տեստոստերոնի՝ ֆիզիոլոգիական նորմայից ցանկացած շեղումը ինչպես նվազեցման (բնորոշ է տարիքային անդրոգեն դեֆիցիտին), այնպես էլ բարձրացման կողմը (ուժեղ սեռային մարմնակառուցվածքով տղամարդիկ, անդրոգենային դեղամիջոցների չարաշահում) առաջացնում է DHT արտադրության խթանում և կարող է բարձրացնել շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը:
Հետազոտության ցուցումներ
- օրգանիզմի անդրոգեն վիճակի գնահատում (տեստոստերոնի, անդրոստենդիոնի հետ միասին)
- 5-ալֆա ռեդուկտազայի բնածին դեֆիցիտ, աուտոսոմալ ռեցեսիվ արատ (հիպոսպադիա՝ արական ֆենոտիպի դեպքում)
- հիրսուտիզմի համալիր հետազոտություն
- լիբիդոյի նվազեցում
- շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման մեջ կիրառվող 5-ալֆա ռեդուկտազան պաշարող դեղերի ընդունման հսկողություն (օրինակ՝ ֆինաստերիդ)
Կենսանմուշ
«Դիհիդրոտեստոստերոն» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը` ոչ պակաս, քան 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ անց): Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
նգ/դլ (նանոգրամ/դեցիլիտր), նմոլ/լ (նանոմոլ/լիտր)
Միավորների փոխակերպում
նգ/դլ х 10 = պգ/մլ, նմոլ/լ х 294,12 = պգ/մլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Միջազգայնորեն ընդնունված միջակայքեր
Տարիք | Տղամարդիկ (պգ/մլ) | Կանայք (պգ/մլ) |
Մինչև 10 տ. | < 24 | < 24 |
10 - 11 տ. | < 30 | < 30 |
11-12 տ. | 30-170 | 50-120 |
12-13 տ. | 80-330 | 70-190 |
13-14 տ. | 220-520 | 40-130 |
14-15 տ. | 240-650 | 30-280 |
> 15 տ. | 250-990 | 24-450 |
Արդյունքների մեկնաբանություն
DHT մակարդակի բարձրացում
- հիրսուտիզմ
- հիպերգոնադիզմ
DHT մակարդակի նվազեցում
- իմպոտենցիա (խիստ նվազեցում)
- գինեկոմաստիա (խիստ նվազեցում)
- հիպոգոնադիզմ
- 5-ալֆա ռեդուկտազի բացակայություն
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Dihydrotestosterone
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ DHT
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: