Լաբ թեստեր

Էստրադիոլ

E2

Ընդհանուր նկարագրություն

Էստրադիոլն ամենաակտիվ էստրոգենային (կանացի) սեռական ստերոիդ հորմոնն է:

Կանանց մոտ էստրադիոլն (Estradiol, E2) արտադրվում է ձվարաններում (ֆոլիկուլ, դեղին մարմին), մակերիկամների ցանցավոր գոտում և հղիության ժամանակ՝ ընկերքում՝ ֆոլիկուլախթանիչ, լյուտեինացնող հորմոնների և պրոլակտինի ազդեցությամբ: Քիչ քանակներով առաջանում է նաև տեստոստերոնի ծայրամասային փոխակերպման ընթացքում: Տղամարդկանց մոտ այս հորմոնն արտադրվում է սերմնագեղձերի, մակերիկամների կեղևի և քիչ քանակով՝ ծայրամասային հյուսվածքներում տեստոստերոնի նյութափոխանակության արդյունքում: Արյան մեջ էստրադիոլի գրեթե 98%-ը կապված է տեղափոխող սպիտակուցների հետ (SHBG):

Կանանց մոտ էստրադիոլն ապահովում է կանացի տիպի սեռական համակարգի ձևավորումը, սեռահասունացման փուլում՝ կանացի երկրորդային սեռական նշանների զարգացումը, դաշտանային գործունեության ձևավորումը և կարգավորումը, ձվաբջիջների զարգացումը, հղիության ընթացքում՝ արգանդի աճը և զարգացումը, սեռական վարքագծի սեռային առանձնահատկությունների կազմավորումը: Այն նաև մասնակցում է ենթամաշկային բջջանքի՝ կանացի տիպի զարգացմանն ու տեղբաշխմանը: Իջեցնելով արգանդի անոթների դիմադրողականությունը, բարձրացնում է արգանդի արյունամատակարարումը՝ խթանելով էնդոմետրիումի հիպերպլազիան: Օվուլյացիան սկսվում է էստրադիոլի ենթասահմանային մակարդակին հասնելուց 34-36 ժամ անց:

Էստրադիոլի ազդեցությունների դրսևորման անհրաժեշտ պայմանը տեստոստերոնի մակարդակի հետ ճիշտ փոխհարաբերակցությունն է: Էստրադիոլն օժտված է նաև անաբոլիկ ազդեցությամբ: Այն ուժեղացնում է ոսկրային հյուսվածքի նյութափոխանակությունը և արագացնում կմախքային ոսկրերի հասունացումը: Նպաստում է օրգանիզմում նատրիումի և կալիումի պահպանմանը: Նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը և բարձրացնում արյան մակարդելիության ակտիվությունը: Այս հորմոնը ազդում է նաև նեյրոտրանսմիտերների սեկրեցիայի վրա՝ նպաստելով նյարդային լարվածության և գրգռվածության բարձրացմանը:

Էստրադիոլի մակարդակի օրվա ընթացքում տատանումները կապված են լյուտեինացնող հորմոնի սեկրեցիայի ռիթմի հետ: Առավելագույն մակարդակը գրանցվում է ժամը 15:00-18:00 միջակայքում, իսկ նվազագույնը՝ 00:00-02:00-ին:

Վերարտադրողական տարիքի կանանց մոտ արյան պլազմայի էստրադիոլի մակարդակը կախված է նաև դաշտանային ցիկլի փուլից: Ցիկլի սկզբում էստրադիոլի մակարդակը դանդաղ աճում է: Ամենաբարձր մակարդակը գրանցվում է ուշ ֆոլիկուլյար փուլում: Օվուլյացիայից հետո հորմոնի մակարդակը իջնում է, այնուհետև տալիս երկրորդ՝ ավելի փոքր ամպլիտուդով աճը: Հետագա օրերին հորմոնի մակարդակը դարձյալ սկսում է իջնել, որը շարունակվում է մինչև լյուտեինային փուլի ավարտը:

Հղիության ընթացում էստրադիոլի մակարդակն արյան շիճուկում աճում է մինչև ծննդաբերության պահը, որից հետո մինչև 4-րդ օրը վերադառնում նորմալ ցուցանիշներին:

Տարիքին զուգահեռ էստրադիոլի մակարդակը սկսում է նվազել: Հետդաշտանադադարի շրջանում էստրադիոլի նվազած մակարդակը մոտենում է տղամարդկանց մոտ գրանցվող ցուցանիշներին:

Հետազոտության ցուցումներ

  • չափահաս կանանց մոտ դաշտանային ցիկլի և պտղաբերության խանգարումների ախտորոշում (անպայման՝ գոնադոտրոպինների հետ միասին)
  • ամենորեա և օլիգոմենորեա
  • անօվուլյացիա
  • հիպոգոնադիզմ
  • սեռահասունացման խանգարումներ
  • դիսցիրկուլյատոր արգանդային արյունահոսություններ
  • կանանց մոտ օստեոպորոզ
  • հիրսուտիզմ
  • անպտղություն
  • նախադաշտանային համախտանիշ
  • բակտերիալ վագինոզ
  • հղիության վաղ փուլերում ֆետոպլացենտար կոմպլեքսի գործունեության գնահատում
  • տղամարդկանց մոտ ֆեմինիզացիայի նշաններ

Կենսանմուշ

«Էստրադիոլ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հետազոտության նախորդ օրը բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (մարզումներ) և ծխախոտի օգտագործումը: Կանանց մոտ հետատոզոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի 6-7-րդ օրերին, եթե բուժող բժշկի կողմից այլ ժամկետներ սահմանված չեն:

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

պմոլ/լ (պիկոմոլ/լիտր) կամ նգ/լ (նանոգրամ/լիտր)

Միավորների փոխակերպում

պգ/մլ x 3,67 = պմոլ/լ, պմոլ/լ x 0,273 = պգ/մլ (նգ/լ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Տղամարդիկ

(7,6-42,6) պգ/մլ

Ոչ հղի կանայք

  • ֆոլիկուլյար փուլ (12,5-166) պգ/մլ
  • օվուլյատոր փուլ (85,8-498) պգ/մլ
  • լյուտեինային փուլ (43,8-211) պգ/մլ
  • հետմենոպաուզա (< 5,0-54,7)

Հղի կանայք

  • I եռամսյակ (215-4300) պգ/մլ

Այլընտրանքային միջակայքեր

E2, պմոլ/լ
Տղամարդիկ 28,0-156
Կանայք
Ֆոլիկուլյար փուլ 46,0-607
Օվուլյացիայի փուլ 315-1828
Լյուտեինային փուլ 161-774
Հետդաշտանադադարի փուլ < 18,4-201
Հղիության 1-ին եռամսյակ 789 -> 15781
Երեխաներ, 1-10 տ.
Տղաներ < 18,4-73,4
Աղջիկներ 22,0-99,1

Արդյունքների մեկնաբանություն

Էստրադիոլի մակարդակի բարձրացում

  • ֆոլիկուլի պերսիստենցիա (հիպերէստրոգենիա)
  • ձվարանների էնդմետրոիդ կիստաներ
  • ձվարանների հորմոն-արտադրող ուռուցքներ
  • լյարդի ցիռոզ
  • որոշակի դեղերի ընդունում՝ անաբոլիկ ստերոիդներ, Կարբամազեպին, Ցիմետիդին (տղամարդկի և հետդաշտանադադարի փուլում գտնվող կանայք՝ օր. 2,4 գրամ, մեկ ամսվա ընթացքում), Կլոմիֆեն (հետդաշտանադադարի փուլում գտնվող կանայք), Կետոկոնազոլ (հիպերանդրոգեն կանայք), Միֆեպրիստոն (մենինգիոմաներով հիվանդներ), Նաֆարելին (ե/մ ներարկում՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում), Ֆենիտոին, Տամոքսիֆեն, Տրոլեանդոմիցին, Վալպրոյաթթու, էստրոգեններ (հակաբեղմնավորիչ օրալ հաբեր)

Էստրադիոլի մակարդակի նվազեցում

  • չմարզված կանանց կողմից ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություններ
  • քաշի կորուստ (կանայք)
  • ածխաջրատների մեծ քանակով և ճարպերի քիչ քանակությամբ սննդակարգ (կանայք)
  • բուսակերություն (կանայք)
  • հղիության վաղ շրջաններում ծխախոտի օգտագործում
  • Շերշևսկու-Տերների համախտանիշ
  • տեստիկուլյար ֆեմինիզացիա
  • հիպոգոնադիզմ
  • հիպերպրոլակտինեմիա
  • հիպոֆիզար նանիզմ
  • լյուտեինային փուլի անբավարարություն
  • վիրիլ համախտանիշ
  • ներքին սեռական օրգանների քրոնիկ բորբոքում
  • էնդոկրին ծագման հղիության ընդհատման վտանգ
  • քրոնիկ պրոստատիտ (տղամարդիկ)
  • որոշակի դեղերի ընդունում՝ Ամինոգլյուտետիմիդ, Բուզերելին, քիմիոթերապիայի դեղեր, Ցիմետիդին, Ցիպրոտերոն, Դանազոլ, Դեքսամեթազոն, Էպոստան, Մեգեստրոլ, Միֆեպրիստոն (վիժման դեպքում), Մոկլոբեմիդ, Նաֆարելին, Նանդոլոն, Օքտիեոտիդ, հակաբեղմնավորիչ օրալ հաբեր, Պրավաստատին

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Estradiol

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ E2

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 26-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: