Լաբ թեստեր

Էստրիոլ ազատ

E3-free

Ընդհանուր նկարագրություն

Ազատ էստրիոլը իգական սեռական հորմոն է՝ հղիության հիմնական էստրոգենը:Այն արտադրվում է ընկերքում և շատ քիչ քանակներով առաջանում կնոջ օրգանիզմում էստրոնի ծայրամասային փոխակերպումից:

Ազատ էստրիոլը (E3-F) ստերոիդ հորմոն է, որի հիմնական քանակն արտադրվում է ընկերքում և շատ քիչ քանակներով առաջանում կնոջ օրգանիզմում էստրոնի ծայրամասային փոխակերպումից: Էստրիոլը պակաս ակտիվ է, քան էստրադիոլը և էստրոնը:

Էստրիոլի ազդեցությունները խիստ կախված են արյան պլազմայում վերջինիս մակարդակից: Հղիությունից դուրս էստրիոլն արյան մեջ հայտնաբերվում է ցածր մակարդակներով, մինչդեռ, հղիության ընթացքում, սկսած ընկերքի ձևավորման փուլից, այս հորմոնի մակարդակը կտրուկ աճում է:

Էստրիոլը հանդիսանում է հղիության գլխավոր էստրոգենը. այն բարձրացնում է արգանդի անոթներով արյունահոսքը՝ նվազեցնելով դրանց դիմադրողականությունը, ինչպես նաև նպաստում է հղիության ընթացքում կաթնածորանների զարգացման գործընթացներին:

Հորմոնի մակարդակը համարժեքորեն արտացոլում է ֆետո-պլացենտար կոմպլեքսի գործունեությունը: Հղիության նորմալ ընթացքի դեպքում ազատ (չկոնյուգացված) էստրիոլի մակարդակն ընկերքի ձևավորման փուլերից սկսած հարաճուն աճում է: Ֆետո-պլացենտար կոմպլեքսի գործունեության խանգարումների ժամանակ հորմոնի մակարդակի նվազեցումը գրանցվում է մինչև կլինիկական դրսևորումների զարգանալը: Որքան հորմոնի մակարդակն իջած է, այդքան բարձր է ախտաբանական վիճակների զարգացման հավանականությունը: Սպառնացող է համարվում ազատ էստրիոլի մակարդակի նվազեցումն ավելի քան 40%-ով:

Ազատ էստրիոլի մակարդակի որոշումը մտնում է այսպես կոչված «եռակի թեստի» մեջ, որով հղիության 15 և 20-րդ շաբաթականների միջև գնահատվում է պտղի զարգացման արատների ռիսկը: Չկոնյուգացված էստրիոլից բացի այս սքրինինգային հետազոտությունը ներառում է նաև ալֆաֆետոպրոտեինի և մարդու խորիոնային գոնադատրոպինի թեստերը:

Հետազոտության ցուցումներ

  • 35 տարեկանից բարձր հղիություն
  • ապագա հոր տարիքը՝ բարձր 45 տարեկանից
  • քրոմոսոմային հիվանդությունների ընտանեկան անամնեզ
  • նախորդ երեխաների մոտ զարգացման արատներ
  • զույգերից մեկնումեկի մոտ ճառագայթային և այլ վնասական ազդեցություն
  • ցիտոստատիկների կամ հակացնցումային դեղերի ընդունում
  • հղիության սովորական անտանելիություն
  • ուլտրաձայնային հետազոտությամբ ընկերքի կալցինատների, պտղի հիպոտրոֆիայի և այլ շեղումների հայտնաբերում
  • ֆետո-պլացենտար կոմպլեքսի վիճակի ախտորոշում հղիության 12-15-րդ շաբաթականից սկսած (խորհուրդ է տրվում ամենամսյա հսկողություն)
  • ձգձգված հղիության տարբերակիչ ախտորոշում

Կենսանմուշ

«Էստրիոլ ազատ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել սննդի վերջին ընդունումից առնվազն 4 ժամ հետո:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Միավորների փոխակերպում

նգ/մլ х 3,466 = նմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Հղի կանայք

  • 15 շաբաթական` (1,0-4,4)
  • 16 շաբաթական` (1,4-6,5)
  • 17 շաբաթական` (1,5-6,6)
  • 18 շաբաթական` (1,6-8,5)
  • 19 շաբաթական` (1,9 -11,0)
  • 20 շաբաթական` (2,1-13,0)
  • 21 շաբաթական` (3,8-10,0)
  • 22 շաբաթական` (4,5-13,0)
  • 23-24 շաբաթական` (4,9-14 ,0)
  • 25-26 շաբաթական` (5,3-16,0)
  • 27-28 շաբաթական` (8,0-24,0)
  • 29-30 շաբաթական` (8,0-30,0)

Արդյունքների մեկնաբանություն

Ազատ E3-ի մակարդակի բարձրացում

  • բազմապտուղ հղիություն
  • խոշոր պտուղ
  • լյարդի հիվանդություններ (սպիտակուցային սինթեզի ընկճում)

Ազատ E3-ի մակարդակի նվազեցում

  • ֆետո-պլացենտար անբավարարություն
  • հղիության ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ
  • բշտիկային զանգված
  • ժամկետանց հղիություն
  • պտղի մակերիկամների հիպոպլազիա
  • պտղի անցեֆալիա
  • պտղի մոտ Դաունի համախտանիշ
  • ներարգանդային վարակներ
  • մոր կողմից գլյուկոկորտիկոիդների, հակաբիոտիկների ընդունում

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ E3

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ E3-free

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: