Լաբ թեստեր
Էպշտեյն-Բարրի վիրուսի կապսիդային հակածնի IgM իմունոգլոբուլինններ

Միջազգային անվանում (հապավում). Epstein-Barr Virus Viral Capsid IgM (EBV VCA-IgM)
Նկարագրություն
Էպշտեյն-Բարրի վիրուսի կապսիդային հակածնի նկատմամբ IgM իմունոգլոբուլիննները հանդիսանում են նույն վիրուսով առաջնային վարակի մարկեր:
Էպշտեյն-Բարրի վիրուսը (EBV) հանդիսանում է մարդու հերպեսի IV տիպի վիրուս: Այն պատկանում է հերպես-վիրուսների ընտանիքին, g-հերպես-վիրուսների ենթաընտանիքին: Վիրուսային մասնիկը կազմված է նուկլեոիդից, կապսիդից և թաղանթից:
EBV-ի կապսիդային հակածնային կոմպլեքսի նկատմամբ IgM դասի հակամարմինները (EBV VCA-IgM) բնորոշ են սուր վարակին: Դրանք առաջանում են EBV վարակի վաղ փուլում և անհետանում սուր առաջնային վարակից 4-6 շաբաթվա ընթացքում: Նույն հակամարմիններն արյան մեջ հայտնվում են նաև վարակի վերաակտիվացման ժամանակ: Արյան մեջ EBV VCA-IgM-ի հայտնվելը հակա-EBNA IgG-ի բացակայության պայմաններում հաստատում է առաջնային վարակը:
Ցուցումներ
- սուր վարակային մոնոնուկլեոզի կլինիկական կասկածի դեպքում ախտորոշման լաբորատոր հաստատում
- վարակի ընթացքի/փուլի գնահատում
- Էպշտեյն-Բարրի վիրուսի հետ կապված լիմֆոպրոլիֆերատիվ և ուռուցքային հիվանդությունների ախտորոշում
Կենսանմուշ
EBV VCA-IgM թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու կարիքը չի զգացվում: Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում արյունը հանձնել սննդի վերջին օգտագործումից 4 ժամ անց:
Չափման միավորներ
Համընդհանուր չափման միավոր
Գործակից (ինդեքս)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- մինչև 0,8` բացասական
- (0,8-1,0)` սահմանային (գորշ գոտի)
- 1,0 և ավելի բարձր՝ դրական
Արդյունքների մեկնաբանություն
EBV VCA-IgM դրական պատասխան
- սուր կամ ոչ վաղ անցյալում (1-2 ամիս առաջ) կրած EBV վարակ
- վարակի վերաակտիվացում
- EBV-ային քրոնիկ ակտիվ վարակ
EBV VCA-IgM բացասական պատասխան
- EBV վարակի բացակայություն
- EBV վարակի ինկուբացիոն շրջան
- EBV հետվարակի վաղ և ուշ շրջաններ
- ատիպիկ առաջնային EBV վարակ կամ վերաակտիվացում
Տարբերակիչ ախտորոշում
Վարակի փուլ | VCA IgM | VCA IgG | EA-IgG | EBNA IgG |
Վարակի բացակայություն կամ ինկուբացիոն շրջան (30-50 օրեր) | - | - | - | - |
Առաջնային վարակի վաղ փուլի կասկած | + | - | - | - |
Առաջնային վարակի սուր փուլ | ++ | ++++ | ++ | - |
Ոչ վաղ վարակ (մինչև 6 ամիս) | + | ++++ | ++ | - |
Տարած վարակ | - | +++ | +/- | + |
Քրոնիկ վարակ կամ վերջինիս վերաակտիվացում | -/+ | ++++ | +++ | -/+ |
Չարորակ նորագոյացություններ, կապված EBV-ի հետ | - | ++++ | +++ | -/+ |
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: