Ընդհանուր նկարագրություն
էրիթրոցիտների նստման արագությունը (ԷՆԱ) համարվում է բորբոքման ոչ սպեցիֆիկ ցուցանիշ:
Էրիթրոցիտների նստման արագությունը (ESR, ԷՆԱ) հակակոագուլյանտ պարունակող արյան ուղղահայաց փորձանոթում արյան բաժանումն է երկու շերտի՝ վերին (թափանցիկ պլազմա) և ստորին (նստած էիրթրոցիտներ): ԷՆԱ-ն չափվում է 1 ժամվա ընթացքում առաջացած պլազմայի շերտի հաստությամբ՝ միլիմետրերով:
Էրիթրոցիտների նստեցման (սեդեմենտացիա) պրոցեսը կարելի է բաժանել 3 փուլի, որոնք ընթանում են տարբեր արագություններով: Սկզբում էրիթրոցիտները դանդաղ նստում են առանձին բջիջների տեսքով: Այնուհետև դրանք առաջացնում են ագրեգանտներ՝ «մանրադրամային սյունակներ», որոնց նստեցումն ընթանում է ավելի արագ: Երրորդ փուլում ագրեգանտների թիվը մեծանում է, իսկ դրանց նստեցման արագությունն՝ աստիճանաբար նվազում և ի վերջո՝ կանգ առնում:
ԷՆԱ-ի մեծությունը կախված է բազմաթիվ ֆիզիոլոգիական և ախտաբանական գործոններից: Կանանց մոտ ԷՆԱ-ն քիչ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Հղիության ընթացքում արյան սպիտակուցային կազմի փոփոխություններն իրենց հերթին կարող են արագացնել այս ցուցանիշը:
Էրիթրոցիտների քանակի նվազեցումը (անեմիա) առաջ է բերում ԷՆԱ-ի արագացում, և, հակառակը, արյան էրիթրոցիտների քանակության աճը դանդաղեցնում է սեդեմինտացիայի արագությունը:
ԷՆԱ-ն կարող է փոփոխվել նաև օրվա ընթացքում՝ առավելագույն արժեքներին հասնելով ցերեկային ժամերին: «Մանրադրամային սյունակների» առաջացման վրա ազդող հիմնական գործոնն արյան պլազմայի սպիտակուցային կազմն է: Սուր փուլի սպիտակուցներն, ադսորբցվելով էրիթրոցիտների մակերեսին, նվազեցնում են վերջիններիս բևեռացումը և միմյանց վանող ունակությունը՝ այսպիսով նպաստելով «մանրադրամային սյունակների» առաջացմանը և էրիթրոցիտների արագացած նստեցմանը:
Սուր փուլի սպիտակուցների, օրինակ՝ C-ռեակտիվ սպիտակուցի, հեպտոգլոբինի, ալֆա-1-անտիտրիպսինի շատացումը, որը սովորաբար տեղի է ունենում բորբոքային պրոցեսի սուր փուլում, առաջացնում է ԷՆԱ-ի բարձրացում: Սուր բորբոքային և վարակային պրոցեսների ժամանակ ԷՆԱ-ի փոփոխություն դիտարկվում է պացիենտի մարմնի ջերմության բարձրացումից և լեյկոցիտների թվաքանակի աճից արդեն 24 ժամ անց: Քրոնիկ բորբոքումների դեպքում ԷՆԱ-ի բարձրացումն ավելի շուտ պայմանավորված է արյան պլազմայի ֆիբրինոգենի և իմունոգլոբուլինների մակարդակի աճով:
ԷՆԱ-ի որոշումը դինամիկայում և այլ հետազոտությունների հետ միասին նշանակվում է բորբոքային և վարակիչ հիվանդությունների բուժման արդյունավետությունը վերահսկելու համար:
Հետազոտության ցուցումներ
- բորբոքային հիվանդություններ
- վարակներ
- ուռուցքներ
ԷՆԱ չափումը պետք է դիտարկել որպես սքրինինգային թեստ, որն ինչ-որ կոնկրետ հիվանդությունն ախտորոշելու սպեցիֆիկությամբ բնավ օժտված չէ: ԷՆԱ-ն սովորաբար նշանակում են որպես արյան ընդհանուր հետազոտության ցուցանիշներից մեկը:
Կենսանմուշ
«ԷՆԱ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Խորհուրդ է տրվում արյան կենսանմուշը հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից ոչ պակաս, քան 8 ժամ հետո:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մմ/ժ (միլիմետր/ժամ)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր նորմաներ
- չափահաս տղամարդիկ՝ (0-15) մմ/ժ
- չափահաս կանայք՝ (0-20) մմ/ժ
Այլընտրանքային նորմալ արժեքներ
Տարիք, սեռ | ԷՆԱ, մմ/ժ | |
---|---|---|
10 տ. | 0 - 10 | |
10 - 50 տ. | Տղամարդիկ | 0 - 15 |
Կանայք | 0 - 20 | |
> 50 տ. | Տղամարդիկ | 0 - 20 |
Կանայք | 0 - 30 |
Արդյունքների մեկնաբանություն
ԷՆԱ-ի բարձրացում (արագացում)
Ֆիզիոլոգիական
- մեծ տարիք
- կանայք՝ հղիության, դաշտանի, հետծննդաբերական շրջաններում
Ախտաբանական
- բորբոքային պրոցեսներ
- ինտոքսիկացիաներ
- սուր և քրոնիկ վարակներ (թոքաբորբեր, օստեոմիելիտ, տուբերկուլոզ, սիֆիլիս)
- աուտոիմուն հիվանդություններ (կոլագենոզներ)
- սրտամկանի ինֆարկտ
- վնասվածքներ, ոսկրերի կոտրվածքներ
- վիճակ շոկից, վիրահատական միջամտությունից հետո
- սակավարյունություններ (անեմիաներ), վիճակ սուր արյունահոսությունից հետո
- երիկամային հիվանդություններ (քրոնիկ նեֆրիտ, նեֆրոտիկ համախտանիշ)
- չարորակ ուռուցքներ
- պարապրոտեինեմիաներ (միելոմային հիվանդություն, Վալդենստրեմի մակրոգլոբուլինեմիա)
- հիպերֆիբրինոգենեմիա
- որոշ դեղերի ընդունում (էստրոգեններ, գլյուկոկորտիկոիդներ)
ԷՆԱ-ի նվազեցում (դանդաղեցում)
- սովահարություն, նիհարում, մկանային զանգվածի նվազեցում
- կորտիկոստերոիդների ընդունում
- հղիություն (հատկապես 1-ին և 2-րդ եռամսյակներում)
- բուսակերություն
- հիպերհիդրատացիա
- միոդիստրոֆիաներ
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ ESR
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ ESR
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին