Լաբ թեստեր

Երկաթ (շիճուկ)

IRON ser.

Ընդհանուր նկարագրություն

Երկաթը կենսականորեն կարևորագույն միկրոտարր է, որը մասնակցում է թթվածնի կապման, դեպի հյուսվածքներ տեղափոխման և փոխանցման, ինչպես նաև հյուսվածքային շնչառության գործընթացներին:

Երկաթը (Ferrum, Iron) մտնում է շնչառական պիգմենտների (գլխավորապես՝ հեմոգլոբին, մասնակի՝ միոգլոբին), ցիտոքրոմների, երկաթ պարունակող ֆերմենտների (կատալազներ, միելոպերօքսիդազներ) կազմության մեջ: Այսպես կոչված հեմային երկաթը դարձելի կերպով կապվում է թթվածնի հետ և մասնակցում վերջինիս տեղափոխմանը, որոշ օքսիդացման-վերականգնողական ռեակցիաներին, ինչպես նաև կարևոր դեր խաղում արյունաստեղծման մեջ: Երկաթը մասնակցում է նաև պորֆիրինի նյութափոխանակությանը, կոլագենի սինթեզին, իմունային համակարգի գործունեությանը:

Երկաթը օրգանիզմ մուտք է գործում սննդի միջոցով: Սննդամթերքներում երկաթն առկա է կամ որպես հեմի բաղադրիչ (միս, ձկնեղեն) կամ որպես ոչ հեմային երկաթ (բանջարեղեններ, մրգեր): Սննդի միջոցով յուրացվում է երկաթի շուրջ 10-15%-ը. ներծծումն ընթանում է 12-մատյա աղում: Օրգանիզմում երկաթի ընդհանուր պարունակությունը կազմում է 4-5 գրամ, որի 70%-ը ներկայացված է հեմոգլոբինի կազմում, 5%-ը՝ միոգլոբինի մեջ, իսկ 20%-ը՝ լուծելի ֆերրիտինի և անլուծելի հեմոսիդերինի տեսքով դեպոյացված է լյարդում, փայծաղում, ոսկրածուծում:

Երկաթի ներծծումը կարգավորվում է աղիների բջիջների կողմից. այն ուժգնանում է երկաթի դեֆիցիտի և ոչ արդյունավետ էրիթրոպոեզի ժամանակ և արգելակվում օրգանիզմում երկաթի ավելցուկի ժամանակ: Երկաթի տեղափոխումը աղիների պատից դեպի էրիթրոցիտների երիտասարդ ձևեր ու դեպո-բջիջներ (մակրոֆագեր) ընթանում է պլազմային սպիտակուցի՝ տրանսֆերինի միջոցով: Օրգանիզմում երկաթը չի հանդիպում ազատ կատիոնների տեսքով, այլ՝ միայն սպիտակուցների հետ կապված վիճակում:

Արյան շիճուկում երկաթի մակարդակը կախված է ստամոքս-աղիքային ուղում ռեզորբցիայից, աղիներում, փայծաղում և ոսկրածուծում կուտակումներից, հեմոգլոբինի սինթեզից և քայքայումից, և, վերջապես, օրգանիզմից այս միկրոտարրի հեռացումից: Օրվա ընթացքում արյան շիճուկի երկաթի մակարդակը փոփոխվում է. ամենաբարձր մակարդակը գրանցվում է առավոտյան: Երկաթի մակարդակը կախված է նաև տարիքից և սեռից: Նորածինների մոտ կյանքի առաջին մի քանի ժամվա ընթացքում դիտարկվում է շիճուկի երկաթի մակարդակի նվազեցում: Կանանց մոտ երկաթի մակարդակը կախված է նաև դաշտանային ցիկլից (առավելագույն մակարդակը՝ լյուտեինային փուլում, իսկ նվազագույնը՝ դաշտանից հետո): Քնի անբավարարությունը և սթրեսները, ինչպես նաև արտահայտված ֆիզիկական ծանրաբեռնվածությունները նույնպես առաջացնում են այս ցուցանիշի կրճատում:

Հղիության ընթացքում օրգանիզմում երկաթի պարունակությունը նվազում է, հատկապես հղիության երկրորդ կեսում (պտղի մոտ երկաթի դեպոների ձևավորում): Անկախ արյան շիճուկում երկաթի մակարդակի անկայունությանը, այս ցուցանիշի հետազոտությունը կարևոր սքրինինգային ցուցանիշ է, որը թույլ է տալիս տարբերակում անցկացնել երկաթ-դեֆիցիտային և այլ անեմիաների միջև, ինչպես նաև գնահատել երկաթ-դեֆիցիտային անեմիաների բուժման արդյունավետությունը: Երկաթի արտահայտված դեֆիցիտն ուղեկցվում է հեմոգլոբինի մակարդակի նվազեցմամբ և գունային ցուցանիշի կրճատմամբ:

Հետազոտության ցուցումներ

  • տարբեր ծագման անեմիաների ախտորոշում և (կամ) տարբերակիչ ախտորոշում
  • երկաթ-դեֆիցիտային անեմիաների բուժման հսկողություն
  • սուր և քրոնիկ վարակիչ հիվանդություններ
  • շարակցական հյուսվածքի համակարգային բորբոքային հիվանդություններ
  • սնուցման և ներծծման խանգարումներ, հիպո- և ավիտամինոզներ, մարսողական համակարգի խանգարումներ
  • երկաթ պարունակող դեղերով հնարավոր թունավորում

Կենսանմուշ

«Երկաթ (շիճուկ)» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը ցանկալի է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում:

Ճիշտ պատասխաններ ստանալու համար անհրաժեշտ է արյունը հանձնելուց մի քանի օր առաջ դադարեցնել երկաթ պարունակող սննդային հավելումների, դեղերի ընդունումը: Նույն կերպ, արյան շիճուկի երկաթի հետազոտությունը պետք է կազմակերպել արյան փոխներարկման միջոցառումից մի քանի օր անց:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մկմոլ/լ (միկրոմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավորներ

մկգ/դլ (միկրոգրամ/դեցիլիտր), մգ/լ (միլիգրամ/լիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,25 = մմոլ/լ, մկգ/դլ х 0,179 = մկմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Չափահասներ (5,83-34,5) մկմոլ/լ
  • 1-14 տարեկան (9,0-21,5) մկմոլ/լ
  • 1 -12 ամսական (7,2-17,9) մկմոլ/լ
  • <1 ամսական (17,9-44,8) մկմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք, սեռ IRON շիճուկ, մկմոլ/լ
< 1 ամս 17,9 - 44,8
1 ամս. - 14 ամս. 7,2 - 17,9
1 տ. - 14 տ. 9,0 - 21,5
կանայք, > 14 տ. 9,0 - 30,4
տղամարդիկ, > 14 տ. 11,6 - 31,3

Արդյունքների մեկնաբանություն

Արյան շիճուկի երկաթի մակարդակի բարձրացում (հիպերֆերրեմիա)

  • ուժեղացած մուտք դեպի օրգանիզմ
  • հեմոքրոմատոզ
  • երկաթի պատրաստուկների ավելցուկային պարենտերալ ներմուծում
  • կրկնակի արյան փոխներարկումներ
  • երեխաների մոտ՝ երկաթի պատրաստուկներով սուր թունավորում
  • անեմիաներ՝ հեմոլիտիկ, հիպո- և ապլաստիկ, վիտամին B12 (և B6) և ֆոլիատ-դեֆիցիտային հիպերքրոմ
  • թալասեմիա
  • նեֆրիտ
  • լյարդի հիվանդություններ (սուր կամ քրոնիկ հեպատիտներ)՝ հեմի սինթեզի մեջ երկաթի անբավարար օգտագործման պատճառով
  • սուր լեյկեմիա
  • կապարային թունավորում
  • որոշ դեղերի ընդունում՝ Քլրոամֆենիկոլ (լևոմիցետին), էստրոգեններ, օրալ հակաբեղմնավորիչներ, Մետոտրեքսատ, Ցիսպլատին և այլն

Արյան շիճուկի երկաթի մակարդակի նվազեցում (հիպոֆերրեմիա)

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Serum Ferrum (Iron)

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ IRON ser.

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 13-04-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: