Լաբ թեստեր
Ֆոլաթթու (Ֆոլատ)

Միջազգային անվանում (հապավում). Foliate (Fol)
Նկարագրություն
Ֆոլաթթուն (Folic Acid, Foliate) վիտամին է, որն անհրաժեշտ է նորմալ հեմոպոեզի՝ արյունաստեղծման համար։
Ֆոլաթթուն կազմված է պտերինից, պարաամինոբենզոյական թթվից և գլյուտամինաթթվի որոշ մնացորդներից։ Մասնակցում է միածխածին խմբերի տեղափոխման գործընթացին։
Ֆոլաթթվի հիմնական աղբյուրը աղիների միկրոֆլորան է։ Հաճախ օրգանիզմ մուտք է գործում սննդի միջոցով (հատիկավորներ, ոլոռազգիներ և այլն)։
Հանդիսանում է պուրինային և պիրամիդային հիմքերի, ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի, որոշ սպիտակուցների և ամինաթթուների (մեթիոնին, սերին) սինթեզին մասնակցող ֆերմենտների կոֆակտոր։ Մասնակցում է նաև խոլինի փոխանակությանը։
Ֆոլաթթուն մեծ դերակատարություն ունի բջիջների բաժանման գործընթացներին, և այս իմաստով, անմիջականորեն մասնակցում է էրիթրո-, լեյկո- և թրոմբոցիտոպոեզին, ինչպես նաև բոլոր օրգան-համակարգերի պլաստիկ և ռեգեներատիվ գործընթացներին։ Ֆոլատն օժտված է նաև հակաաթերոսկլերոզային, հակաուռուցքային և նոոտրոպ ազդեցություններով։
Ֆոլաթթվի անբավարարությունը բերում է արյունաստեղծման մեգալոբլաստիկ փուլից դեպի նորմոբլաստիկ փուլի փոխանցման արգելակման, ինչի արդյունքում զարգանում են մեգալոբլաստիկ անեմիաներ։
Ցուցումներ
- մակրոցիտար անեմիաների ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
- քիմիոթերապիայի և ճառագայթային բուժման ընթացքում արյան շեղումների ախտորոշում (անեմիաներ և լեյկոպենիաներ)
Կենսանմուշ
Fol թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան (ժ. 8-ից մինչև 11-ը), քաղցած վիճակում (ջուր խմել կարելի է)։ Նախորդ օրը զերծ մնալ սննդային ծանրաբեռնվածությունից։
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
նմոլ/լ (նանոմոլ/լիտր)
Միավորների փոխակերպում
նմոլ/լ х 0,44 = նգ/մլ, նգ/մլ x 2,27 = նմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
(4,6-34,8) նգ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
Ֆոլաթթվի մակարդակի բարձրացում
- խիստ մրգաբանջարեղենային սննդակարգ
- պերնիցիոզ անեմիա (վիտամին B12-ի դեֆիցիտ)
- բարակ աղիների դիստալ շրջանի հիվանդություններ
- բերող կանթի համախտանիշ
Ֆոլաթթվի մակարդակի նվազեցում
Օրգանիզմ ֆոլաթթվի անբավարար մուտք
- սննդային ռացիոնում ֆոլաթթվի անբավարարություն
- անորեքսիա
- քրոնիկ ալկոհոլիզմ
Աղեստամոքսային տրակտով ֆոլաթթվի ներծծման խանգարում
- աղիներից ներծծման խանգարումներ՝ մալաբսորբցիայի համախտանիշ (ցելիակիա, սպրու)
- աղեստամոքսային ուղու տարբեր հատվածների ռեզեկցիա (ստամոքս, բարակ աղիներ)
- բարակ աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություններ և անատոմիական արատներ
- ատրոֆիկ գաստրիտ
Որոշ դեղերի ընդունում
- Ասպիրին
- էստրոգեններ
- նիտրոֆուրաններ
- անտացիդներ
- հակացնցումային դեղեր (ֆենոբարբիտալ)
- խոլեսթիրամին
- հակաբեղմնավորիչ օրալ հաբեր
- ֆոլաթթվի անտագոնիստներ՝ Տրիմեթոպրիմ, Մետոտրեքսատ, Ազաթիոպրին, Ազիդոթիմիդին
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: